Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչն է միավորում Գագիկ Ծառուկյանին եւ Արթուր Բաղդասարյանին

Նոյեմբեր 15,2014 17:00

Օրերս տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը, որն այդպես էլ հնարավոր չեղավ «օտար աչքից» հեռու պահել, թեեւ վստահ եմ՝ ջանացել էին: Թե ի՞նչ են քննարկել երկու գործիչները` չի մանրամասնվում: Ասում են` հանդիպումը մասնավոր էր: Բայց երկու գործիչների, որոնք ոչ վաղ անցյալում միմյանց հետ անձնական բնույթի հարցեր էին «կարգավորում» հրապարակայնորեն, հանդիպումն առկա ներքաղաքական իրավիճակում բավական հարցեր է առաջացնում: Անգամ եթե այդ հանդիպումն անվանվի մասնավոր: Հիշեցնենք. ընդամենը մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը բավականին կոշտ «տղամարդկային բանավեճ» էին ունեցել` կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ու դրանից ի վեր չէին շփվում:

«Առավոտի» հարցին` մտահոգված չե՞ք այս հանդիպմամբ, մանավանդ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը եռյակի հետ կապ չունեն, եռյակի անդամ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ բացարձակ անհանգստություն չի ապրում այդ հանդիպումից, քանզի ցանկացած քաղաքական ուժ ազատ է երկկողմ հանդիպումներ ունենալ, առավել եւս՝ մասնավոր: Ի՞նչը կարող է այս փուլում միավորել Գագիկ Ծառուկյանին եւ Արթուր Բաղդասարյանին՝ արդյոք նախագահի հրաժարական չպահանջելն ու իշխանությունների հետ բանակցություններով իրավիճակին հարմարվե՞լը՝ մեր հարցին էլ Արմեն Մարտիրոսյանը թերեւս զավեշտալի պատասխան տվեց. «Ես չեմ կարծում, որ այս պահին միավորելու ինչ-որ հարց գոյություն ունի:

Անպայման չի, որ հանդիպումը միավորող հանգամանքների շուրջ լինի: Ես չեմ պատրաստվում գուշակությամբ զբաղվել, բայց կարող է քաղաքական իրավիճակի քննարկման, երկկողմ հարաբերությունների ճշտման շուրջ լինի»: Դիտարկմանը` դա արդեն իսկ չի՞ խոսում այն մասին, որ ոչ իշխանական դաշտը երկու մասի բաժանվելու միտում ունի` «կոնստրուկտիվների»` ի դեմս ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի, ու «արմատականների»` ի դեմս «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ որեւէ միտում չի տեսնում, մանավանդ, որ փակ հանդիպում է եղել, եւ ոչ մի տեղեկատվություն էլ չկա:

Մյուս կողմից էլ` Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ուղերձն առ իշխանություն, ընդդիմություն, Արցախի ներկայացուցիչներ ու դրան հաջորդած լրագրողների հարցին` այդ հայտարարությունում իշխանություններին ուղերձ կա՞, Ռուբեն Հակոբյանի պարզաբանումը` «Ի վերջո, եկեք հասկանանք, որ սա մեր պետությունն է, եւ ունեցել ենք նաեւ սխալներ: Պետք է կարողանանք հասկանալ, թե ինչու ենք այս իրավիճակին հասել, եւ եկեք այնպես անենք, որ այս պետությունը կարողանա դիմակայել եւ արտաքին թշնամուն, որը երեկ մեկ անգամ եւս հայտարարեց, որ լուրջ թշնամի ունենք, եւ ներքին խնդիրները կարող ենք լուծել», կարծես հուշում են, որ «Ժառանգությունն» էլ սկզբունքորեն դեմ չէ կառուցողական դաշտում աշխատել:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930