Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ռուսական զորքը մտնի Բաքու, կվերցնի նախագահական նստավայրը

Նոյեմբեր 15,2014 16:30

Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի` Բաքվի կողմից ցանկացած ինքնուրույն շարժում խստորեն կպատժվի «սյուզերենի» կողմից

– Պարոն Ալիզադե, Դուք Հայաստանից ու Ադրբեջանից քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ սատարեցիք նոյեմբերի 3-ին Հելսինկիում Դավիթ Շահնազարյանի եւ Էլդար Նամազովի հայտարարությունը ԼՂ խնդրի վերաբերյալ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն ԼՂ կարգավորման գործընթացի վրա:

– Կարգավորման գործընթացը խստորեն վերահսկվում է Մոսկվայի կողմից: Նրանց միջեւ կոնսենսուս կա, որ ստատուս քվոն պետք է պահպանվի, կամ եթե որեւէ փոփոխություն լինի` պետք է ամրանա Մոսկվայի վերահսկողությունը տարածաշրջանում: Կա նաեւ հասարակության գործոնը, եւ հասարակության համար այդ հայտարարությունն ազդանշան էր, որ կան բավական համարձակ մարդիկ, ովքեր համարձակվում են ներկայացնել իրենց տեսակետը՝ ի տարբերություն իշխանությունների անպտուղ դիրքորոշումների: Բոլորի համար պարզ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները հակամարտության կարգավորման պատրանքով են զբաղված: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ ունեն օգտագործելու ներուժը` բանակցությունները առաջ մղելու համար, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել պատերազմից, անիմաստ ռազմական ծախսերից, հասարակությանը ճնշելու ու վախեցնելու անհրաժեշտությունից: Բայց իշխանությունները դա չեն ցանկանում:

– Բայց ձեր երկրում այնպիսի մթնոլորտ է՝ հաշվի առնելով վերջին ամիսներին հայտնի գործիչների ձերբակալությունները, որը վտանգ է սպառնում այն մարդկանց, ովքեր խաղաղության կողմնակից են:

– Կարծում եմ՝ հայտարարությունը, որը ընդունեցին մեր գործընկերներ Էլդար Նամազովն ու Դավիթ Շահնազարյանը, ցույց է տալիս, որ հասարակությանն արդեն հոգնեցրել է այդ խաղը` բանակցությունների իմիտացիան: Հենց այդ պատճառով սատարեցի այդ հայտարարությունը: Ես նույնիսկ կարծում եմ, որ կարելի է ավելի արմատական դիրքորոշում արտահայտել, վերցնել Ալանդյան տարբերակը՝ որպես ամենահաջողված ու արդյունավետ, եւ դրա հիմքում ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ նախագիծ մշակել, որը կապահովեր ԼՂ-ի անվտանգությունը, ազգային-մշակութային, տնտեսական իրավունքները, ԼՂ բնակչության մյուս իրավունքները, ինչի արդյունքում ԼՂ-ն կվերածվեր Հարավային Կովկասի ժողովրդավարության օազիսի եւ հետագայում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ուժեղ դրական, ժողովրդավարական ազդեցություն կունենար: Բայց կարծում եմ, որ Դ. Շահնազարյանի եւ Է. Նամազովի հայտարարության մեջ նույնպես կա մեծ դրական պոտենցիալ:

– Փարիզում վերջերս հերթական եռակողմ բանակցությունները կայացան Ֆրանսիայի նախագահի աջակցությամբ: Կարծում եք՝ կողմերին հաջողվե՞լ է ինչ-որ համաձայնությունների գալ:

– Իմանալով ընդհանուր իրավիճակը բանակցային գործընթացում՝ գալիս եմ այն եզրահանգման, որ այդ հանդիպումը ֆորմալ բնույթ ուներ, այն առավելապես ծառայեց պարոն Օլանդի ամբիցիաների, ձգտումների բավարարմանը, քան բանակցային գործընթացի իրական հետաքրքրություններին: Թե այդ հանդիպման նախօրեին, թե հանդիպման ժամանակ նախագահներն այնպիսի պաշտոնական դիրքորոշումներ ունեին, որոնք բացառում էին որեւէ փոխզիջում: Միայն այն որոշումը, որ կողմերը մինչեւ սեպտեմբեր դադար են վերցնում` դա վկայում է այն մասին, որ նրանք հստակ մտադրված են շարունակել ոչ միայն հակամարտության կարգավորման, այլեւ բանակցային գործընթացի սառեցման քաղաքականությունը:

– Այդ դեպքում ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն խոսում խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, ինչպես նշեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Փարիզի հանդիպումից հետո: Այսինքն` սկզբունքները մնան չհամաձայնեցվա՞ծ, անցնել խաղաղության մեծ համաձայնագրի տեքստի՞ն, նման բան հնարավո՞ր է:

– Իհարկե՝ ոչ: Եթե համաձայնեցված չեն սկզբունքները` դա չափազանց դժվար կլինի: Կսկսեն աշխատել տեքստի վրա, եւ տեղի կունենա այն, ինչ ասում էր Վլադիմիր Լենինը` եթե համաձայնեցված չեն գլխավոր հարցերը, զբաղվում եք դետալներով` գլխավորները անընդհատ փլվելու են:

– Պարոն Ալիզադե, բայց Ադրբեջանի հասարակությունը պատրա՞ստ է խաղաղության: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ձեր հասարակության վրա խորը ազդեցություն է թողել ռազմաշունչ հռետորաբանությունը:

– Հասարակությունը միշտ պատրաստ է խաղաղության: Խորհրդային միության փլուզման նախօրեին խորհրդային քարոզչություն էր` մենք սիրում ենք Խորհրդային միությունն ու Կոմկուսը, սակայն կարճ ժամանակ անց փլուզվեց ԽՍՀՄ-ը, Կոմկուսն արգելվեց, եւ Կոմկուսի 18 միլիոն անդամներից ոչ մեկը չկանգնեց, չասաց` ինչո՞ւ են այսպես վարվում: Դրա համար պետք է հաշվի առնել մեր քաղաքացիների բնածին կամ դաստիարակված երկերեսանիությունը, որոնք ապրել են տոտալիտար հասարակությունում: Եթե նրանց խոսափող տաս, նրանք անմիջապես կասեն` «ոչ մի քայլ հետ», «մինչեւ հաղթանակ», «մինչեւ արյան վերջին կաթիլը» եւ այլն: Բայց եթե վերեւներում որոշեն փոխզիջումների գնալ, ես վստահ եմ, որ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի բնակչությունը հանգստացած շունչ կքաշի, շնորհակալ լինելով կընդունեն այդ որոշումը:

– Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե հետաքրքրված չեն ԵՏՄ-ով եւ այլ կառույցի անդամակցությամբ` ԼՂ խնդրի պատճառով, ամեն դեպքում՝ հնարավո՞ր եք համարում, որ ինչ-ինչ պայմաններում Ի. Ալիեւը նման որոշում կայացնի:

– Կարծում եմ՝ մինչեւ ԼՂ խնդիրը, հարցը տնտեսական հետաքրքրությունն է: Ադրբեջանի տնտեսության 90 տոկոսը հիմնված է նավթի ու գազի վրա: ԵՏՄ-ի տարածքում շուկա չկա, որովհետեւ առաջարկվող ապրանք չկա: Ադրբեջանի էլիտայի ուշադրությունը մեկ ուղղությամբ է` յուրացնել նավթադոլարները, գրպանել, առանձնատներ կառուցել, թանկարժեք մեքենաներ գնել, արեւմտյան բանկերում հաշիվներ բացել, ճամփորդել, ժամանակ անցկացնել, դրա համար ավելի հարմար են Եվրոպան, ԱՄՆ-ն կամ Դուբայը, քան Եվրասիական միությունը: Կարծում եմ՝ մեր վերնախավի մոտ տնտեսական հետաքրքրություն չկա ԵՏՄ-ի նկատմամբ: Իհարկե, մեր հասարակությունը կցանկանար ԵՏՄ շուկան բացվեր ադրբեջանական գյուղատնտեսության համար, բայց գյուղատնտեսությունը խեղդել են մենաշնորհները: ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցը շահարկումների դաշտում է: Այո, Պուտինին ձեռնտու կլիներ Ադրբեջանին էլ քաշել դեպի ԵՏՄ, որպեսզի պատրանքներ ստեղծեր ՌԴ-ի հզորության մասին, բայց այդպես չէ, բոլորը գիտեն իրականությունը, որ ՌԴ-ն գրավիչ մոդել չէ երկրների զարգացման համար:

– Մեր երկրում քննարկվում է ռուս-ադրբեջանական վերջին տարիների բավական տպավորիչ ռազմական համագործակցությունը, մի քանի միլիարդ դոլարի հասնող զենքի վաճառքի պայմանագրերը: Ինչո՞վ եք բացատրում այսպիսի համագործակցությունը:

– Այս հարցում պետք է պատկերացնել ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների մակարդակը: ԼՂ խնդիրը մի ձեռնափայտ է, որը Հայաստանի եւ Ադրբեջանի «կողերին» է դրված, որով Կրեմլի պատից կախված ենք: Դրանք հարգանքի վրա հիմնված փոխհարաբերություններ չեն, դրանք «վասալի» եւ «սյուզերենի» փոխհարաբերություններ են, «տիրոջ ու ծառայի»: Ադրբեջանի դեպքում` «ծառան» հարուստ է, կան նավթից եւ գազից ստացվող փողեր, բայց, այնուամենայնիվ, այդ «ծառան» կախված է «տիրոջ» կամքից, որը ամեն պահի կարող է Ադրբեջանում ռեժիմ տապալել, ինչպես Վեզիրովի, Մութալիբովի, Էլչիբեյի իշխանությունների դեպքում, կարող էին տապալել նաեւ Հեյդար Ալիեւին: Հայաստանի դեպքում, պարզ է, որ հակամարտությունը կառավարվում է ՌԴ-ի կողմից, եւ որպեսզի ուղղակիորեն Հայաստանը չմիացնեն ՌԴ-ին, ստեղծում են իբր ինքնուրույն ուժեր: Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցները չեն, ուղղակի «վասալ» են, իսկ «վասալ-սյուզերեն» հարաբերությունները պարզ են. նրանք պետք է «փող աշխատեն», մետաղյա թափոն ունեն, որը ոչ մեկին պետք չէ: Մարկետինգային քայլ է` ՌԴ-ն Հայաստանին անվճար զենք է տալիս, Ադրբեջանը վազում է ՌԴ, ասում է` ցանկանում եմ գնել, նրան էլ վաճառում է: Քանի միլիարդ դոլարի զենք էլ գնի Ադրբեջանը` երկու, հինգ, տասը, հարյուր միլիարդի, միեւնույն է՝ շատ լավ գիտակցում է, որ «վասալի» կողմից ցանկացած ինքնուրույն շարժում խստորեն կպատժվի «սյուզերենի» կողմից` կստանա վզակոթին, ռուսական զորքերը կմտնեն Բաքու, կվերցնեն նախագահական նստավայրը, ու ոչ ոք ոչինչ չի էլ ասի, ինչպես Ղրիմը վերցնելու դեպքում չասացին: Կամ Հայաստանի դեպքում` Սերժ Սարգսյանը պետք է հայտարարեր ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, բայց հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Եվրասիական միություն:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցը արվել է մինչեւ նոյեմբերի 12-ը` ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը խոցելը:

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    …….Այսինքն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը կայացրեց ՄԻԱԿ ճիշտ որոշումը իր երկրի ու ժողովրդի համար:

    • Գաբրիել says:

      Հույս ունեմ, որ այս անհեթեթ եզրակացությունը ամբողջովին հիմնված է սառկազմի վրա, բայց եթե հանկարծ՝ ոչ, ապա հարկ կհամարէի ձեր, այդ դեպքում, հարցին տալ լուրջ պատասխան, այն է՝ ՈՉ, Սերժիկը կայացրեց մեր երկրի ու ժողովրդի համար սխալ եւ կործանարարար որոշում, եթե, իհարկե, դա իր կայացրած որոշումն էր: Ասածս պատրաստ եմ հիմնավորել բոլոր հնարավոր տարբերակներով, բայց ոչ հիմա եւ այս ժամին, այլ ավելի հարմար ժամանակ, եթե կպնդեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930