Լրահոս
Օրվա լրահոսը

«Լարվածության էլ ավելի սրումն անխուսափելի է»

Նոյեմբեր 15,2014 16:00

Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կոծկել այն փաստը,
որ խոցված ինքնաթիռը զինված չի եղել

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման միջադեպից հետո սրընթաց տեմպով զարգացումներ են ընթանում: Միանշանակ կատարվածը որակվում է որպես ադրբեջանական կողմի սադրանք: Կատարվածին հետեւեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունը, թե «այս աննախադեպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն եւ կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»: Չուշացավ նաեւ ադրբեջանական կողմի արձագանքը. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայկական ուղղաթիռի կործանման կապակցությամբ հայտարարություն տարածեց, որում «ոչ թռիչքային գոտի է հայտարարել ԼՂ օդային տարածքը»: Այս հայտարարության «գրոշի արժեք չունենալու» փաստը ապացուցելու համար, ինչպես նաեւ վստահեցնելու, որ Ադրբեջանի օդային տարածքում որեւէ խոչընդոտի հնարավոր չէ հանդիպել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հենց օդային ճանապարհով` ինքնաթիռով այցելեց Ստեփանակերտ եւ վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցրեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը իրավասու չէ որեւէ բան արգելել Արցախի Հանրապետության պարագայում, քանի որ դրա իրավունքը միայն պաշտոնական Ստեփանակերտինն է: Քաղաքագետի գնահատմամբ` Ադրբեջանը փորձում է նման գործողություններով իրավիճակ փոխել ոչ միայն հայ-ադրբեջանական գործընթացում, այլեւ Ադրբեջանի ներսում եւ միջազգային ընկալումներում: Հրանտ Մելիք-Շահնազարյանի պնդմամբ` Բաքուն շարունակում է լարել իրավիճակը` թույլ չտալով ուղղաթիռի վթարի վայրին, դրա բեկորներին մոտենալ: Քաղաքագետը մանրամասնեց. «Սա նշանակում է, որ փաստացի որեւէ փորձագիտական աշխատանք տանելու հնարավորություն այս պահի դրությամբ չկա: Ադրբեջանը շարունակելու է խոչընդոտել միջազգային փորձագետների այցը, քանի որ հասկանում են, որ փորձագետները տեսնելու են, որ ուղղաթիռը զինված չի եղել եւ չէր էլ կարող գրոհել ադրբեջանական դիրքերը, հետեւաբար Ադրբեջանի գործողությունները համարժեք չեն իրավիճակին»:

Պարոն Մելիք-Շահնազարյանը կարծում է, թե միայն կարելի է հուսալ, որ ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել, քանի որ հստակ բան ասել հնարավոր չէ, քանի դեռ ինքնաթիռի բեկորներն ու օդաչուների մարմինները չենք տեսել:
Քաղաքագետը կանխատեսում է իրավիճակի էլ ավելի լարում ու նշում, որ «այս փուլում բանակցային գործընթացի միջոցով խաղաղության հասնելու հնարավորություն չկա, Ադրբեջանը վերջնականապես փակեց այդ դուռը»: Քաղաքագետը նաեւ զգուշացրեց, որ այս համատեքստում մեծ է ռազմական գործողությունների հավանականությունը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930