Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձապետարա՞նն է ճանապարհային ոստիկանության գումարները «տակով» անում

Նոյեմբեր 15,2014 15:30

Թե՞ վարորդների վճարած տուգանքների
գումարները շրջանառության մեջ են դնում ու եկամուտներ ստանում

Ճանապարհային ոստիկանությունն արդեն քանի ամիս է՝ նոր պետ ունի: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ճանապարհային ոստիկանության պետի փոփոխությունը բացատրեց ոլորտում կատարվող բարեփոխումներով: Թե այս ամիսների ընթացքում ոստիկանության այս համակարգում ինչպիսի փոփոխություններ են եղել՝ դժվար է ասել, բայց ճանապարհային ոստիկանության բաժանմունքներում անվերջ հերթերն այն մասին են վկայում, որ վարորդների վճարած տուգանքների հարցն այս կառույցում ոչ մի կերպ չի լուծվում:

Արդեն քանի ամիս է՝ վարորդներն իրենց բան ու գործը թողած՝ ճանապարհային ոստիկանություն-ԴԱՀԿ-ճանապարհային ոստիկանություն ճանապարհն են բռնել:
Անցյալ տարի հոկտեմբերի 22-ին քաղաքացի Հմայակ Ամիրյանն իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի 77 UV717 համարանիշի ավտոմեքենայով խախտում է թույլ տվել, ինչի հետեւանքով ճանապարհային ոստիկանության տեսուչը նրան տուգանել է 5000 դրամով: Չնայած նրան, որ քաղաքացին վճարել է 5 հազար դրամը, չգիտես ինչպես, քաղաքացու գումարը դարձել է չվճարած 35 հազար դրամ, ինչի հետեւանքով էլ քաղաքացի Ամիրյանի բանկային հաշիվների վրա արգելանք է դրվել: Ընդ որում, տուգանքի չափի գումարով արգելափակվել է եւ թոշակի բանկային հաշիվը, եւ նույնքան գումարի չափով արգելանք է դրված այլ բանկում ունեցած հաշվի վրա:

Եվ քանի որ ճանապարհային ոստիկանությունում այնպիսի մեխանիզմ գոյություն չունի, որ քաղաքացին կարողանա իր վճարման կտրոնը էլեկտրոնային եղանակով ուղարկել եւ ապացուցել, որ ինքը վճարել է, ու անտեղի ժամանակ չվատնի ոստիկանության դռներն ընկնելով, ոստիկանությունն այս դեպքերում հորդորում է կտրոնով անձամբ ներկայանալ ճանապարհային ոստիկանություն: Պարզվում է՝ ներկայանալուց հետո էլ այս կառույցն ի վիճակի չէ հարցը լուծելու:

Հմայակ Ամիրյանի խոսքերով՝ չնայած որ police.am կայքը ստուգել է եւ տեսել, որ ոչ մի պարտք էլ չունի, սակայն թոշակի եւ այլ բանկում եղած հաշվի վրայից արգելանքը ոչ մի կերպ դուրս չի գալիս: Քաղաքացին երբ դիմել է ճանապարհային ոստիկանություն, նրան հայտնել են, թե գուցե գումարը գանձապետարանից ոստիկանություն չի հասել՝ հորդորելով տուգանքի վճարման անդորրագրերի, ԴԱՀԿ-ի ծանուցման պատճենը հանել եւ ներկայացնել: Երբ քաղաքացի Ամիրյանը հետաքրքրվել է, թե ի վերջո՝ թոշակի վրայից կալանքը ե՞րբ կհանվի, ոստիկանությունից պատասխանել են՝ չենք կարող ասել, երեւի մի 15-20 օրից:

«Ներողություն խնդրելու, ասելու փոխարեն, թե սխալը կուղղեն, քանի որ իրենց մեղքով է այս քաշքշուկը, դեռ մի բան էլ հղումներ են անում ինչ-որ գանձապետարանի վրա, անորոշ պատասխաններ տալիս: Եվ այսպես երկու ամիս է՝ իմ եւ ինձ նմանների գումարները, որոնք մոտ 6 հազար մարդ են կազմում ու չեն կարողանում իրենց հաշիվներից օգտվել, շրջանառում են ու եկամուտներ ստանում: Առաջին հայացքից բիզնես աշխարհի շրջանառության մեջ տասնորդական տոկոսներ թվացող այդ գումարներն իրականում մեծ քանակի մեջ մեծ շահույթ են ապահովում: Մարդը գնաց պատճենահանեց, ինչո՞ւ նրա հարցը արագ չեք լուծում, չէ՞ որ նրա թոշակի մասին է խոսքը»,- ասում է պարոն Ամիրյանը:
Վարորդ-քաղաքացիների համար նաեւ անհասկանալի է, թե ինչո՞ւ է բոլոր հաշիվների վրա տուգանքի գումարի չափով արգելանքը դրվում՝ այդ կերպ սահմանափակելով մարդու՝ այլ հաշվից օգտվելու հնարավորությունը:

Հ. Ամիրյանի խոսքերով՝ «Որեւէ տեղ հստակ նշված չէ, թե պատճենահանված թղթերը ոստիկանությանը տրամադրելուց հետո քանի՞ օրից ԴԱՀԿ-ն արգելանքը կհանի»:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասաց, որ ճանապարհային ոստիկանությունում այդ խնդիրներն առաջանում են ծրագրի անկատար լինելու պատճառով. «Մենք էլ ասում ենք, որ եթե ծրագիրն անկատար է, ինչո՞ւ եք այն օգտագործում, մեկ ամիս առաջ խոստացան, ասացին՝ կանենք այնպես, ինչպես ջրի ու էլեկտրաէներգիայի վճարման կարգն է, սակայն փաստ է, որ ոչինչ էլ չեն արել դեռ: Երեւի գրում են ու մտածում՝ դե, ով կզզվի քաշքշուկների մեջ ընկնելուց, կրկնակի կվճարի, կրկնակի կշահի ոստիկանությունը, ով չէ, ասում են՝ թող ներողամիտ լինեն՝ մենք կշտկենք այդ հարցը»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ տուգանքի մասին ծանուցման թերթիկներին. «Քաղաքացին ասում է, որ ինքը այդ թերթիկը չի ստացել, ոստիկանությունն ասում է՝ գնացեք «Հայփոստից» վերցրեք, մենք էլ ասում ենք՝ այ ընկեր, ինչո՞ւ «Հայփոստից», որ նույն այդ թերթիկը գտնվում է հենց ճանապարհային ոստիկանությունում: Իրենց մոտ պարզ երեւում է՝ քաղաքացին ծանուցումը ստացե՞լ է, թե՞ ոչ, ստորագրությունն իրե՞նն է, թե՞ ոչ»:
Էդուարդ Հովհաննիսյանը մի կարեւոր խնդրից էլ խոսեց. «Բացի այն, որ քաղաքացու բոլոր հաշիվների վրա է արգելանք դրվում, նրա բոլոր հաշիվները փակվում են, երբ քաղաքացին ուզում է վճարել՝ բանկերում չեն ընդունում, քանի որ հաշիվները փակ են լինում: Մարդը չգիտի՝ ինչպես վճարի: Տպավորությունն այնպիսին է, որ ամեն կերպ ուզում են ժողովրդին նսեմացնել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930