Ոստիկանությունը իրավասու չէ Թ. Աղաթելյանին դուրս բերել անշարժ
գույքի տարածքից կամ արգելել նրան մտնել անշարժ գույքի տարածք
Այս տարվա մայիսի 26-ին Սյունիքի մարզի Կապանի նստավայրում ավարտվեց եւ հրապարակվեց դատավոր Հ. Հովհաննիսյանի նախագահությամբ վարչական գործով դատական նիստը եւ վճիռը:
Հայցվորն էր Սոս Միրզոյանը, պատասխանողը՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժինը:
Հայցվորը պահանջել էր վերացնել ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի 22.11.13թ. թիվ 77/7-7054 գրությունը՝ միջամտող ոչ իրավաչափ վարչական ակտը, եւ պարտավորեցնել պատասխանողին, ՀՀ կառավարության 10.05.07թ. թիվ 797-Ն որոշման սահմանված կարգի համաձայն, կատարելու գործողություններ՝ Կապան քաղաքի Գ. Նժդեհի 18/19 բնակարանի ներխուժումը վերացնելու համար:
ՀՀ վարչական դատարանի 17.12.2013թ. որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Հայցվորն ասել էր, որ Կապան քաղաքի Գ. Նժդեհի 18/19 հասցեում գտնվող 75.1 քմ մակերեսով բնակարանի 1/3 մասը սեփականության իրավունքով պատկանում է իրեն: Բնակարանի 2/3-ը սեփականության իրավունքով պատկանում է հանգուցյալ հորը՝ Ռուբեն Միրզոյանին: «Վերջինիս կենդանության օրոք ես մշտապես չեմ բնակվել այնտեղ, քանի որ Կապանի մեկ այլ հասցեում բնակարան ունեմ, որտեղ էլ մշտապես բնակվում եմ ընտանիքիս հետ: Հորս՝ Ռուբեն Միրզոյանի հետ, իր համաձայնությամբ վերը հիշատակված բնակարանում մի քանի տարի բնակվել է տվյալ բնակարանի հետ որեւէ առնչություն չունեցող մի անձնավորություն եւս, ըստ Կապանի բաժնի՝ այդ անձը Թամարա Աղաթելյանն է, որին հորս մահից հետո մի շարք անգամ առաջարկել եմ ազատել այդ բնակարանը, սակայն նա հրաժարվել ու մինչ այժմ առանց իմ համաձայնության եւ առանց օրինական հիմքերի բնակվում է այնտեղ՝ խոչընդոտ հանդիսանալով մուտք գործելու համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակարան»,- հայտնել էր քաղաքացին:
Այս տարվա հոկտեմբերի 28-ին հայցվորի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետին՝ խնդրել է վերացնել եւ կանխել իրեն պատկանող բնակարանի ապօրինի ներխուժումը:
ՀՀ ոստիկանության Կապանի բաժնից ստացել է պատասխան գրություն՝ միջամտող վարչական ակտ:
Ըստ այդ գրության, Կապանի բաժինը դիմումը թողել է անհետեւանք՝ հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով:
Քաղաքացին դիմել է Սյունիքի մարզային վարչություն, այնտեղից էլ հայտնել են, որ «պահանջս չի կարող իրականացվել, ոստիկանությունը իրավասու չէ Թ. Աղաթելյանին դուրս բերել անշարժ գույքի տարածքից կամ արգելել նրան մտնել անշարժ գույքի տարածք»:
Ըստ սեփականատիրոջ, վարչական ակտի վերլուծությունից հետեւում է, որ ՀՀ ոստիկանության Կապանի բաժինը կրկին անգամ անհիմն մերժում է պահանջը եւ հղում կատարելով կառավարության որոշմամբ սահմանված կարգի կետերին՝ խախտում է ՀՀ կառավարության սահմանված կարգը:
«Ներխուժում» հասկացությունը ՀՀ օրենսդրության մեջ դիտարկվում է քաղաքացիական իրավունքի շրջանակում, սահմանվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով եւ դրա վերացնելը եւ/ կամ կանխելը կարգավորվում է ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ՝ ՀՀ ոստիկանությանը վերապահված լիազորությամբ եւ նրա կողմից: «Գտնում եմ, որ տվյալ գրությունները միջամտող ոչ իրավաչափ վարչական ակտեր են եւ կայացվել են օրենքի սխալ կիրառման եւ սխալ մեկնաբանման հետեւանքով, հետեւաբար եւ՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անվավեր են»,- ասել է Ս. Միրզոյանը:
Ս. Միրզոյանի խնդրանքը դատարանը մերժել է, եւ նա դիմել է վարչական վերաքննիչ դատարան:
Ոստիկանությունը դատարան չի էլ ներկայացել, հայցադիմումին պատասխան չի ուղարկել: Ինչու ներկայանալ, երբ ամեն բան նրա օգտին է դատարանը լուծել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.11.2014