Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանն «Առավոտը» հետեւողականորեն անդրադարձել էր 2009-2013թթ. տարբեր հրապարակումներում:
Մեր ընթերցողներին հիշեցնենք սույն գործի նախապատմությունը.
Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 շենքը ժամանակին պատկանել է Խորհրդային Հայաստանի կապի նախարարությանը, ուր 1978 թվականից մինչեւ օրս միասնական օրդերով, գրանցված ապրում են կապի հանգույցի նախկին աշխատողները՝ իրենց ընտանիքներով: ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 9-ի հ. 81-րդ որոշմամբ՝ Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվում Տիգրան Մեծի հ. 1 հասցեի նախկին կապի հանգույցի շենքից 2050 քմ, իսկ 350 քմ (Խրիմյան Հայրիկ 59) մնում է կապի նախարարության տրամադրության տակ: Ստանալով խորհրդային տարիներին ստեղծած հանրային անշարժ գույքը՝ մարզպետ Ֆելիքս Փիրումյանը յուրովի էր փոշիացրել, այն չէր վաճառել աճուրդով, այլ 23.04.2002 թվականին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով ընծայել էր սանիկին՝ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանին:
Վերջինիս անկառավարելի ախորժակն էլ այնքան էր բացվել, որ ջանք ու եռանդ չէր խնայել եւ ձեռքի հետ էլ վերցրել էր պատկից՝ Խրիմյան Հայրիկ 59 շենքը, ուր 1978 թվականից գրանցված ապրում է կապի նախարարության աշխատակիցների 7 ընտանիք: Այս իմաստով Ռ. Խաչատրյանը հասել էր զգալի հաջողության: Նրա առաջին հայցը` վտարել բնակարանների օրինական տերերից երկուսին, բավարարել էր 2002 թ. Գյումրու առաջին ատյանի դատարանը, ինչն էլ ստիպում է մնացած ընտանիքներին միավորվել ու միասին անհավասար պայքար մղել ամենակարող չինովնիկների ու անարդար դատաիրավական համակարգի դեմ: Բոլորել էր գյումրեցիների դեգերումների 11 տարի 10 ամիսը, նրանք կյանքի ու մահու պայքարի մեջ էին մեր ազատ- անկախ տարբեր ատյանների դատարաններում, փորձում էին պաշտպանել իրենց ապրելու իրավունքն իրենց իսկ բնակարաններում՝ նվիրատվության պայմանագիրը 350 քմ մակերեսով անվավեր ճանաչելու պահանջով:
Գյումրեցիների համար առաջին գոտեպնդող քայլը եղավ այն, որ նրանց հերթական հայցի առիթով Վճռաբեկ դատարանը 2010թ. դեկտեմբերի 27-ին (նախագահող դատավոր՝ Ե. Խունդուկյան, մասնակից՝ 9 դատավորներ) որոշում կայացրեց՝ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել, բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.05.2010թ. վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանն ընդգծել էր, որ պատասխանողի վկայակոչած փաստարկները հերքվում են հետեւյալ պատճառաբանություններով ու 3 թերթի ծավալով բերված են ՀՀ տարբեր օենսգրքերի, տարբեր հոդվածների ու նրանց կետերի տարբեր աղաղակող խախտումներ: Այն էր՝ կեղծիքներն ամբողջությամբ բացահայտված էին: Հիրավի, առաջին 9 տարվա մեջ դա արդարության վերականգնման դժվարին ճանապարհի առաջին իրական փորձն էր:
Կարդացեք նաև
Չնայած Վճռաբեկ դատարանը կարող էր հայցը բավարարել եւ գյումրեցիների տառապանքները կավարտվեին, բայց թողեց, որ վարչական դատարանն ինքը շտկի իր սխալը (ժողովրդական խոսքով` իր եփած «կաշը»՝ ինքն էլ ուտի): Վերջապես 2011թ. հունվարին վարչական դատարանը սկսել էր գործի քննությունը (այն դատավոր Արգիշտի Ղազարյանի վարույթում էր, ով անհասկանալի պատճառներով գործը չհասցրեց իր տրամաբանական ավարտին):
Չնայած դատավորը միակն էր նախորդներից, ով գործի դատաքննության փուլում մեկնել էր Գյումրի, տեղազննություն էր անցկացրել, բարեխղճորեն քննել գործի մանրամասները, լսել կողմերին, երրորդ կողմ հանդիսացող՝ կադաստրի, մարզպետարանի ներկայացուցիչներին, այդուհանդերձ, խորն էր գյումրեցիների հիասթափությունը, երբ դատական ակտի հրապարակման օրը՝ 14.03.2012թ., Ա. Ղազարյանը հայտարարեց, որ իբր գործի համար էական նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով դատարանն անհրաժեշտ էր համարել վերսկսել գործի վարույթը: Վերսկսել էր ու երկար ժամանակ նիստեր չէր գումարում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ գյումրեցիք 21.11.12թ. բաց նամակով դիմեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Վերջապես 2014 թ. փետրվարին վերաքննիչ դատարանը լուծեց Գյումրվա թնջուկը, քանդվեց մոտ 12 տարի տեւած գորդյան հանգույցը, բավարարվեց գյումրեցիների արդար պահանջը՝ անվավեր ճանաչվեց նվիրատվության պայմանագիրը՝ 350 քմ մակերեսով: Գյումրեցիների դատարանային ոդիսականն այսքանով չի ավարտվել, այժմ հայցով նրանք դիմել են ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Գյումրու քաղաքապետարանին՝ իր բալանսում հաշվառի հիշյալ բնակարանները, հետագայում բնակիչներին սեփականաշնորհելու նպատակով:
Անդրանիկ նիստը նշանակված է ս/թ նոյեմբերի 25-ին:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.11.2014