Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Ջաղինյանի գալուց հետո Հ1-ի նպատակները փոխվեցին»

Նոյեմբեր 15,2014 13:30

Ըստ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի, Հ1-ն այսօր պահպանում է վարկանիշը, բայց ո՛չ որակի հաշվին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի «Հայաստանի առեղծվածներ» ինքնատիպ հաղորդաշարը, որը 2013-ից Հանրայինի եթերում է, համացանցում էլ ամենափնտրվածներից է: «Առավոտը» պարոն Զաքարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ծնվեց Հայաստանի առեղծվածները բացահայտելու նախաձեռնությունը:

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի գալուց հետո Հ1-ի նպատակները փոխվեցին, հասարակության պահանջ կար, որ զուտ վարկանիշի հետեւից չգնանք: Նախկինում խնդիր էր դրված՝ ամեն գնով վարկանիշով առաջինը լինել, ինչը լուծվում էր, հիմա այլ խնդիր դրվեց՝ ամենաբարդ խնդիրը. թե վարկանիշ, թե որակ, եւ որ վարկանիշը երբեք չլինի որակի հաշվին: Ռուբեն Ջաղինյանն առաջարկեց մի հաղորդում անել՝ ընտրելով ձեւ, որ նայեն, բայց նաեւ այնպիսին լինի, որ կրթական, մշակութային բոլոր խնդիրները լուծվեն: Դա ինձ հոգեհարազատ էր: Ինձ թվում է, «Հայաստանի առեղծվածների» ձեւը ճիշտ գտնվեց, որովհետեւ, եթե կա առեղծված, մարդն ավելի հետաքրքրված է»,- նշեց պարոն Զաքարյանը: Նրա ձեւակերպմամբ, Հ1-ն այսօր ընտրել է դժվարին ճանապարհ. հնարավորինս պահպանել վարկանիշը, բայց ոչ որակի հաշվին, նաեւ բոլորից առանձնանալ, ու որ ամենակարեւորն է՝ կրթել:

stepan-zakatyan-6-2

«Որակի բարձրացումն ակնհայտ է: Ուրախ եմ, որ կարողացանք անցնել որակի բարձրացման եւ տեխնիկական վերազինման դժվարին ճանապարհը: Օրինակ, լրատվականն ամբողջովին վերազինվել է՝ լրիվ նոր ստուդիա, նոր սարքավորումներ: Եվ եթե նախկինում Հանրային հեռուստատեսությունը վճարովի հեռարձակվում էր Կալիֆոռնիայում, ապա նոյեմբերի 1-ից ամբողջ Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիայում, Կանադայում, Մեքսիկայում անվճար է հեռարձակվում: Կարեւոր ձեռքբերում է, որ մեր խոսքը կարող ենք հասցնել ամբողջ Հյուսիսային Ամերիկային: Որոշ դեպքերում հարցեր էին առաջանում, թե ինչո՞ւ էինք վարկեր վերցրել: Բայց չէ՞ որ մենք գովազդ չունենք, իսկ թվայնացումը պահանջում է միջոցներ: Եվ եթե այդ վարկերը չվերցնեինք, առաջընթացն անհնար կլիներ:

Այդ վարկերի հաշվին, ինչպես արդեն նշեցի, թե տեխնիկապես վերազինեցինք լրատվականը, թե ամենատարրական, ասենք, ջեռուցման հարցերը լուծեցինք: Ձեւավորվել է թիմ, թե խորհուրդը՝ Ջաղինյանի ղեկավարությամբ, թե հանրայինի տնօրինությունը՝ Մարգարիտա Գրիգորյան, Արմեն Ամիրյան… այսինքն՝ մարդիկ, որոնք իսկապես ուզում են, որ Հանրայինը կատարի այն դերը, որին կոչված է»,- մանրամասնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամը:

Քանի որ պարոն Զաքարյանը «հնաբնակ» է Հանրայինում, հարցրինք, թե էլ ինչպիսի՞ հաղորդումներ կուզենար տեսնել եթերում, եւ ինչպե՞ս է գնահատում եղածները: «Ռուբեն Ջաղինյանը հայտնի «Մեր բակի» պրոդյուսերն է, ինքը փայլուն գիտի՝ ինչ է որակով հումորը: Ես կուզենայի, որ անեինք որակով հումոր, ինչը դժվար է, քանի որ Հ1-ի որակը շատ է բարձրացել՝ գեղարվեստական եւ այլ առումներով: Ճիշտ է, այսօր կա Նարեկ Դուրյանի «Մի րոպե, մի բան ասեմ»-ը, որը ստացված է ու առանձնանում է: Կուզեի եթերում մի փոքր էլ թեթեւություն լիներ, որպեսզի հեռուստադիտողը չհոգներ:

Այսօր եղած հաղորդումների մեջ բավականին հաջողված է «Մեր մեջ ասածը», «Արվեստանոցն» է հետաքրքիր, «Արվեստակիրները», «Արտկանոնը»… Շատ ուրախ եմ, որ Հանրայինը իր բուն գործառույթը կատարում է ո՛չ որակի հաշվին: Դա դժվար է… Հանրայիններ կան, օրինակ, կա OPT-ն, որը վարկանիշի համար է պայքարում, ինչպես Հ1-ը նախկինում: Կան հանրայիններ էլ, որոնք վարկանիշով վերջին տեղերում են, ինչպես «Շողակաթ» ալիքը, որը բովանդակությունն է կարեւորում: Իսկ մենք չէինք ուզում անել նոր «Շողակաթ». պետք էր ե՛ւ վարկանիշը չկորցնել, ե՛ւ բովանդակությունը բարձր պահել, ինչը ստացվում է: Օրինակ, «Դեպի Արցախ», «Ջավախք. լեռնեցիների օրրան» հաղորդաշարերն անում ենք սիրով, բայց նաեւ որակով, ոչ թե խաչ դնելու համար կամ որպես պարտականություն: Նախկինում, ինչ դրված էր Հանրայինի առաջ, հիանալի կատարվում էր, վարկանիշը պահում էր, բայց այս ճանապարհը, որ Ջաղինյանի գալուց հետո ընտրեցինք, ավելի դժվար է: Հրաշալի է, որ նման հաղորդումներ ստեղծվեցին, ստեղծվում են, եւ որ Հ1-ը կարող է իսկապես ճաշակ ձեւավորել»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ հետաքրքիր արձագանքներ են ստանում հեռուստադիտողից, ռադիոլսողից, այսինքն՝ սպառողից:

«Անձամբ ես շատ եմ ստանում արձագանքներ, որովհետեւ ես երեւում եմ «Հայաստանի առեղծվածներ»-ով, չնայած մի հսկա խումբ է աշխատում… Ինձ շատ են ասում, որ հաղորդաշարը սիրվել է, ընդունվել: Մի հեռավոր շրջանում, մի անգամ ասում էին՝ ամեն ինչ Դուք եք սովորեցնում, մենք ինչպե՞ս Ձեզ սովորեցնենք, նրանց թվում է, որ ամեն ինչ գիտեմ: Բայց ե՛ւ ես եմ սովորում, քանի որ տարբեր թեմաների դեպքում տարբեր մարդիկ էլ են աշխատում, եւ ինքս եմ գտնում նոր առեղծվածներ: Ինձ թվում է՝ հաղորդումը լավագույնս բնորոշում է մեր նպատակը՝ որակ, գիտելիք, օգտակարություն»,- ասում է Ստեփան Զաքարյանը:

«Առավոտի» հարցին՝ հաղորդման վարող, հեղինակ Ստեփան Զաքարյանը չի՞ կարոտում գրչի մարդ Ստեփան Զաքարյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ստեփան Զաքարյանը մեկ-մեկ կարոտում է, մեկ-մեկ գրում է, մի տեսակ կյանքը փոխվել է, մենք այն սերունդն ենք, որ այնքա՜ն ցնցումներ ապրեց, այնքան բան փոխվեց՝ սկսած 88-ից… Քաղաքականության մեջ մտա… Ես սա համարում եմ վերադարձ, չնայած նախկինում էլ եմ եղել հեռուստատեսությունում, ես վերադարձա հեռուստատեսություն եւ ուրախ եմ դրա համար: «Առեղծվածները», որ անում ենք, համարում եմ ոչ պակաս կարեւոր, քան այն, եթե նստեի ու միայն գրեի: Գուցե հետո ափսոսամ, որ չգրեցի մի մնայուն բան, հիմա չեմ ափսոսում, մտածում եմ, որ այն գործը, որ անում եմ, ավելի կարեւոր է, ավելի լայն շրջանակներին՝ հասու»:

Պարոն Զաքարյանը հիշում է, որ խորհրդային շրջանում եւս մեր Հանրայինը լավագույններից է եղել. «Խորհրդային տարիներին մենք համարվում էինք երկրորդը՝ Մոսկվայից հետո, հիմա էլ հաստատ համոզված եմ, որ առաջիններից ենք նախկին խորհրդային տարածքի երկրների հանրայիններից, նաեւ ամենաազատներից ենք: Նման Հանրային, որ ունենա ուսուցողական, կրթական նշանակություն եւ միաժամանակ ձգտի բարձր վարկանիշ ունենալ, քիչ կա, եթե չասեմ, որ մենք եզակի ենք»:

Տիեզերքի հանդեպ իր գրական գործերում ու հաղորդումներում վերաբերմունքն էլ նա հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Հայերս երկնքի հանդեպ վերաբերմունք ունեցել ենք թե՛ նախաքրիստոնեական, թե՛ քրիստոնեական շրջանում: Մենք երկնքին մոտ ժողովուրդ ենք, լեռներում ենք ապրել: Տիեզերքի ընկալումը հային հարազատ ընկալում է այն իմաստով, որ ինքը տիեզերքի մի մաս է: Մի ժողովուրդ, որ ունեցել է, օրինակ, Նարեկացի, պետք է մտածեր, որ ինքն ամբողջինն է, եւ ամբողջն իրենը»: Վերադառնալով հեռուստատեսության թեմային, պարոն Զաքարյանը փաստեց, որ հեռուստատեսությունը փոփոխվում է եւ այսօր կանգնած է ամենահզոր մարտահրավերի՝ համացանցի առաջ. «Այս խնդիրն ունեն բոլոր հեռուստաընկերությունները, հատկապես լրատվականները:

Մենք բոլորս սկսել ենք համացանցից ավելի շուտ տեղեկանալ ամեն ինչ: Այս առումով բոլոր հեռուստատեսությունների խնդիրն է ունենալ սեփական լրատվություն եւ լրատվության վերլուծություն, որի հանդեպ կաճի հետաքրքրությունը: Կշահի այն հեռուստաընկերությունը, որն ավելի որակյալ ծրագրեր կպատրաստի, որոնք համացանցում կլինեն փնտրված: Կարծում եմ՝ տարիներ անց բոլորը համացանցում են նայելու հեռուստաընկերություններին: Եվ կշահի այն հեռուստաընկերությունը, որը կունենա փնտրված ծրագրեր համացանցում: Մենք հիմա ճիշտ ուղով ենք գնում, որովհետեւ ուզում ենք ստեղծել որակյալ, ամբողջական ապրանք: «Հայաստանի առեղծվածները» պատրաստի ապրանք է, որը ժամանակի հետ կապ չունի, որ այսօր նայե՞ս, թե՞ վաղը, նաեւ համացանցում փնտրված է:

Եթե կարողանանք այդպիսի հաղորդումներ ստեղծել, մրցակցությունը կշահենք: Յուրաքանչյուր հեռուստաընկերություն կշահի, եթե միտված է ապագային… Մի խոսքով, հեռուստատեսության պահանջները ժամանակի հետ փոխվում են, նույնն էլ ռադիոյի պարագայում: Հանրային ռադիոն էլ է փոխվել: Եթե լուրերն առաջ ժամը մեկ էին, հիմա՝ կես ժամը մեկ, հաղորդումներն էլ դարձել են ավելի ռիթմիկ: Այն աշխատանքը, որ մենք անում ենք, անուններ տվեցի, կարող եմ շատ անուններ թվարկել, ցույց է տալիս, որ մարդիկ ուզում են աշխատել, ուզում են, որ իրենց դիտեն ու լսեն»:

Բուհերի հետ կապի ու լավագույն ուսանողներից կադրեր ընտրելու թեմայով էլ խոսք գնաց: Պարոն Զաքարյանը փաստում է՝ բազմաթիվ պայծառ երիտասարդներ կան: Նա հավելեց, որ ԵՊՀ Mass media գիտակրթական կենտրոնը եւ Հանրային հեռուստաընկերությունը մագիստրոսական ծրագրեր էլ են իրականացնում, ինքն էլ դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մշտապես հանձնաժողովի նախագահն է պետական քննությունների եւ դիպլոմների պաշտպանության: Ափսոսում է, որ այն անհրաժեշտ միջոցները, որոնցով կարելի է բուհերում որակյալ կադրեր պատրաստել, պետությունը չունի, ստացվել է այնպես, որ վճարովի հիմունքներով երբեմն ի վիճակի են լինում սովորել վճարունակները. բուհերն էլ ստիպված գնում են զիջումների՝ չեն կարող ուսանողին դուրս թողնել, քանի որ կզրկվեն գումարից, որն անհրաժեշտ է բուհին: «Ամեն դեպքում, շնորհալի երեխաներ կան, իմ ուսանողներից շատերն աշխատում են»,- լավատեսական նոտայով ավարտում է Ստեփան Զաքարյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930