Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Առաքելյանը կրկին անմահացրեց «Ծիծաղի թագուհուն»

Նոյեմբեր 15,2014 13:00

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի կողմից 2002թ. հիմնադրած եւ իրականացրած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի յուրաքանչյուր թողարկում լայն արձագանք է ունենում արվեստագետների ու արվեստասերների շրջանում: Օրինակ, վերջերս անվանի խմբավար Հովհաննես Չեքիջյանին նվիրված շքեղ գիրք-ալբոմը շատերն անվանեցին իսկական հուշարձան՝ մաեստրոյի կենդանության օրոք:
Արդեն հրատարակվել է մատենաշարի 14-րդ գիրքը՝ նվիրված սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին:

Ժողովածու-ալբոմում ամփոփված են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհու կյանքի եւ բեմական գործունեության մասին գրականության, մշակույթի, արվեստի ականավոր գործիչների, խաղընկերների հոդվածներ, ողջույնի եւ գնահատանքի խոսքեր ու կարծիքներ, մամուլի վկայություններ:

«Առավոտը» տարբեր առիթներով անդրադարձել է մատենաշարին: Այս անգամ Սերգեյ Առաքելյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս հղացավ այն ստեղծելու գաղափարը եւ ինչո՞ւ կրկին Սվետլանա Գրիգորյան, քանի որ մատենաշարի առաջին գիրքը նվիրված էր դերասանուհուն: «Մատենաշարի գաղափարն ինձ հուշել է ակադեմիկոս, թատերագետ ու գրականագետ Ռուբեն Զարյանը: Նա իր աշխատությունների համար նյութեր հավաքելու նպատակով գրեթե ամեն օր այցելում էր Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, որտեղ ես աշխատում էի: Խոսում էինք թատրոնի ներկայից, անցյալից, անվանի գործիչներից…

Մի օր էլ ասաց՝ չե՞ս նկատում, որ ցավալիորեն մեր գրականության շատ կարեւոր ժանր ենք կորցնում՝ նամակագրությունը եւ հուշագրությունը, չե՞ս մտածել, թե սերունդներին ինչ ենք թողնելու այսօրվա հարուստ մշակութային պատմությունից: Դու ինչո՞ւ ես ծուլանում ու չես գրում մեր օրերի անվանիների մասին հուշեր: Դու գրի, ինստիտուտը կտպագրի: Զարյանի խոսքն ինձ համար հրամանի պես մի հանձնարարություն էր… 2002-ին լույս տեսավ առաջին գիրքը՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50-ամյակներին:

Ընդ որում, գրքի այս ֆորմատը հուշել է ինքը՝ դերասանուհին ու ես նրան համարում եմ մատենաշարիս կնքամայրը»,- ասաց պարոն Առաքելյանը: Իսկ թե ինչու 12 տարի հետո դարձյալ անդրադարձավ տիկին Գրիգորյանի արվեստին, մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Որովհետեւ 2002-ին հրատարակված ժողովածուից հետո անհրաժեշտություն զգացվեց ներկայացնելու հետագա տարիներին նրա մարմնավորած կերպարների, արտերկրում ունեցած հյուրախաղերի, շահած մրցանակների, ստացած պարգեւների, ստեղծագործական երեկոների, ԱՄՆ-ում 2010թ. նրան շնորհված «Ծիծաղի թագուհի» կոչման եւ, ավաղ, 2014թ. մայիսին կյանքից հեռացած դերասանուհու մասին հարուստ նյութերը»:

Svetlana_Grigoryan-2

ՀՀ ոստիկանապետը՝ դերասանուհու հետ, 1986 թ.:

Դիտարկմանը՝ արվեստագետների շրջանում մշտապես եղել է ու կա ստեղծագործական նախանձ ու խանդ, հավանաբար դրանցից պաշտպանված չէր նաեւ սիրված դերասանուհին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նա ոչ մեկի եւ ոչ էլ մյուսի ժամանակը չուներ: Սվետլանան իր արժեքը իմացող արվեստագետ էր, խիստ ու շիտակ՝ առաջինը իր, հետո գործընկերների նկատմամբ…»: Փոքր դադարից հետո արվեստագետի ավելի քան 60 տարիների մտերիմ Սերգեյ Առաքելյանը, առանց անուններ բարձրաձայնելու, ասաց. «Իհարկե, նրա դեմ էլ են եղել անտեղի հարձակումներ: Պատճառը մեկն էր՝ Սվետլանան իր տաղանդով առաջին օրվանից ստվերում էր նույնիսկ բեմի մեծերին, ինչը խանդ էր առաջացնում… »: Իսկ ո՞րն էր նրա արվեստի մեծությունը չափելու միավորը: Այս հարցին էլ մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Նախ՝ դերասանի ամենադժվար եւ ամենահատուկ զենքը՝ անկեղծությունը, ապա տաղանդը, աշխատասիրությունը, ճաշակն ու ներշնչանքը, ինչով էլ Սվետլանան դարձել էր բացառիկ ու անշփոթելի»:

Հավելենք, որ Սվետլանա Գրիգորյանին նվիրված գիրք-ալբոմը հրատարակվել է դերասանուհու տաղանդի երկրպագու, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աջակցությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930