Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն հերքում է, մեդիափորձագետը՝ հավաստիացնում

Նոյեմբեր 15,2014 12:30

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նոյեմբերի տասնմեկին տեղեկատվություն տարածեց ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած հերթական հարձակման մասին, այս անգամ թիրախը ՀՀ Կենտրոնական բանկն էր: Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ ադրբեջանական հաքերները ԿԲ-ի տվյալներ են հրապարակել՝ արխիվ, որտեղ կան նամակներ, պայմանագրեր եւ այլն: Հաքերներն արխիվը տեղադրել են իրենց կայքի վրա, ֆայլերը ստուգված չեն ու ըստ մեդիափորձագետի՝ ամենայն հավանականությամբ, վիրուս են պարունակում:

Մեդիափորձագետը, ուսումնասիրելով ԿԲ-ի ֆայլերը, պարզել է, որ հաքերների կողմից գողացված է մի ահռելի արխիվ, ներառյալ՝ ԿԲ ղեկավարի էլեկտրոնային նամակների միջից հանված փաստաթղթերը. «Լիքը մարդու անձնագրի սկան, CV-ներ։ Տիգրան Սարգսյանի նամակը ռուսներին՝ «Նաիրիտի» հաշվով, «Արմավիայով», ինչ-որ վճարումներ։ Պարզվում է՝ ուզում էին New ARMAVIA հիմնադրել։ 22 էջանոց ֆայլ կա…»,- հայտնել է Սամվել Մարտիրոսյանը։

Չնայած մեդիափորձագետի զգուշացմանն ու հրապարակումներին, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունն էլ հետեւյալ տեղեկատվությունը տարածեց, հերքելով կատարվածը. «Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են: Ինչ վերաբերում է համացանցում հրապարակված արխիվին, ապա այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում՝ կեղծ տվյալներ:

ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետներն այս պահին քայլեր են ձեռնարկում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար»: Սամվել Մարտիրոսյանին զարմացրել է ԿԲ-ի հերքումը: «Առավոտի» հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ իրեն այդպես էլ ԿԲ-ից չեն պատճառաբանել, թե ինչու են հերքել տեղեկատվությունը, կոնկրետ դեպքի ու փաստերի առկայության պարագայում: Հիշեցնենք, որ տեղեկատվության անվտանգության փորձագետը հայտնել էր նաեւ այն, որ մոտ երկու ամիս առաջ էլ, նույն օրը, ադրբեջանցի հաքերները կոտրել էին ԿԲ լիցենզիաների օնլայն տրամադրման կայքը: Ի դեպ, վերջերս ադրբեջանական հաքերների կողմից հարձակման էր ենթարկվել ու լրտեսվել ՀՀ բանակը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930