Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում

Նոյեմբեր 14,2014 21:46

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կբացվի  Անգիոգրաֆիկ կենտրոն: Այս ներդրումը կարեւորագույն քայլ է  Արցախի առողջապահության ոլորտում, քանի որ հենց այստեղ են կատարվելու սրտի եւ մնացած բոլոր  օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու ու բուժվելու անոթային   խնդիրներ ունեցողները: Կենտրոնում արդեն տեղադրվել է  գերմանական ,,Սիմենս,, ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Այս սարքի  տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս   պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում, ի դեպ, ոչ միայն սրտի անոթների, այլեւ մնացած բոլոր օրգանների: Միջամտությունները  բացարձակապես անցավ են, մեծ մասը կատարվում է  նախաբազկի զարկերակից, ինչն իջեցնում է միջամտությունների բարդությունների հնարավորությունն ու ավելի հարմարավետ է հիվանդների համար, ինչպես նաև կրճատում է հոսպիտալացման ժամկետը:

Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ ,,Էրեբունի,, ԲԿ-ի՝ ակադեմիկոս  Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում եւ Ռուսաստանում՝ Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

Անգիոգաֆիկ մեթոդը,հատկապես,կիրառվում է ինվազիվ սրտաբանության մեջ:  Ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։ Եվրոպական սրտաբանության փորձն, օրինակ,  ցույց է տալիս, որ  սրտամկանի ինֆարկտի դեպքում ստենտավորված քաղաքացիների 95 տոկոսն ապրում է։ Մինչդեռ առանց այդ միջամտության ինֆարկտից հետո յուրաքանչյուր 5-րդը կարող է մահանալ մեկ տարվա ընթացքում: Հատկապես կարեւոր է արագ բուժօգնության խնդիրը: ,,Ոսկե ժամ,, կոչվող ժամանակահատվածում, այլ կերպ ասած, ինֆարկտի առաջին ժամերին կատարված անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս փրկել հիվանդի կյանքը՝ հայտնաբերելով խցանված անոթն ու արագ վերականգնելով արյան հոսքը:  Բժշկական այս միջամտությունը հնարավորություն է տալիս բարձրացնել կյանքի որակն ու կանխել հաշմանդամությունը:

Հիշեցնենք,  որ սրտանոթային հիվանդություններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում մահացության ցուցանիշով առաջին տեղում են:  Այսուհետ ԼՂՀ-ում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք  հաջողությամբ կիրառվում են   աշխարհի լավագույն կլինիկաներում: Ինվազիվ սրտաբանական ծառայությունը հասանելի կդառնա ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար:

Անգիոգրաֆիկ կենտրոնը կաշխատի 24-ժամյա ռեժիմով՝  սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում արագ և  ճիշտ կգնահատվի հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում կտեղափոխվի Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930