Պաշտոնապես հայտարարվել էր,որ ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր այս տարվա հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու է սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքում գտնվող ադրբեջանական հենակետերերից արձակվող կրակոցներից: Այդ ճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը: Հուլիսին Տավուշի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել , հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցրել: Դա չարվեց, սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին:
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանից տեղեկացանք, որ վատ եղանակի պատճառով ճանապարհի կառուցումը ժամանակավորապես դադարեցված էր :Նրա խոսքերով՝ արդեն 2 օր է , ինչ աշխատանքները վերսկսվել են, խճապատ ճանապարհը կառուցված է, հարթեցված , ասֆալտի շարժական գործարանը տեղադրված է Վազաշենի տարածքում, որոշ տեղերում ճանապարհի ասֆալտապատումը սկսվել է: Բադիրյանի վկայությամբ՝ ճանապարհին կան անտառամեջ տեղեր, որտեղ գետինը ուշ է չորանում: Գյուղապետն ասաց, որ կառուցվող շրջանցիկ ճանապարհը եւ անվտանգության պատը, թեեւ ոչ ամբողջությամբ, սակայն 90-95 տոկոսով կլուծեն անվտանգության խնդիրը:
Նշենք, որ 2013 թվականի ընթացքում այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը ե՞րբ կգործարկի: Այդ հարցի պատասխանը ստանալու համար բազմիցս զանգահարեցինք «Խաչհար» ընկերության հեռախոսահամարներին, սակայն պատասխանող չեղավ:
Կարդացեք նաև
Հարգարժան Ոսկան, առաջարկում եմ, Ձեր բնորոշած ռազմավարական ճանապարհով գոնե մեկ անգամ անցնել, համոզվելու համար, թե քանի տեղից է այն խոցելի հակառակորդի մարտական հենակետից: Դա արվում է շատ պարզ ձևով՝ խոցելի է ճանապարհի այն հատվածը, որտեղից երևում է հակառակորդի մարտական հենակետը: Բացի դրանից հարկավոր է հաշվի առնել նաև մեկ պարզ անհեթեթություն ևս՝ անվտանգության պատնեշ կառուցելու նպատակով ՛՛գաբիոն՛՛ է շարվել ճանապարհի վերին մասում, որը հակառակորդի մեկ կրակոցով կարելի է քանդել և Ձեր բնորոշած ռազմավարական ճանապարհը փակել /ըստ ճանապարհաշինարարների, ՛՛գաբիոնն՛՛ օգտագործվում է միայն ճանապարհի ստորին մասում/:
հարգելի Գարեգին, ես պարբերաբար Բերդի տարածաշրջան եմ մեկնում գործող, ավելի վտանգավոր ճանապարհով: Չգիտեմ, թե կառուցվող ճանապարհն ինչքանով կապահովի երթեւեկի անվտանգությունը: Դա ցույց կտա ժամանակը: