Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, որի 13-րդ հարցը կոչվում էր «Գրող-հրապարակախոս Սերգեյ Գալոյանի «Գյումրի» գրքի տպագրման համար համապատասխան նյութերի հավաքագրման անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով դրամական օգնություն տրամադրելու մասին»: Ինչպես տեղեկանում ենք Asparez.am կայքից, խոսքը 1 980 000 (մեկ միլիոն ինը հարյուր ութսուն հազար ) դրամի մասին է: Այս հարցը բավական բուռն արձագանքի արժանացավ Գյումրու ավագանու անդամների կողմից: Այն զեկույցի տեսքով ներկայացրեց Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նա ներկայացրեց, որ Գյումրու մասին գիրք է գրվում և հիմա անհրաժեշտ է ավագանու հաստատմանը ներկայացնել այս հարցը, որպեսզի գիրքը տպագրվի, գյումրեցիներն էլ օգտվեն այդ գրքից:
Սամվել Բալասանյանի՝ ավագանու անդամներին ուղղված այն հարցին՝ թե հարցե՞ր կան, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն արձագանքեց. «Տիկին Ջիլավյան, մոտավորապես բովանդակության մասին մեզ պատկերացում կտա՞ք: Հովհաննես Շիրազի «Թոնդրակեցիների» հետ կապված մենք հարցեր չունենք, բովանդակությունը պարզ է: Այս գրքի բովանդակության մասին մեզ ասեք և նախահաշիվը ինչպե՞ս է ձևավորվել»:
Տիկին Ջիլավյանը պատասխանեց. «Ասեմ, որ բովանդակության մասին ես չգիտեմ, բայց եթե գրած է «Գյումրի» գիրք, ուրեմն գիրքը մշակութային ավանդական շատ կարևոր կենսագրական է»: Իսկ բովանդակությանը, ըստ զեկուցող տիկնոջ, գյումրեցիները կծանոթանան, երբ գիրքը լինի ձեռքերի տակ: «Կկարդան, կտեսնեն»,- ասաց Լենա Ջիլավյանը:
Այս պատասխանը ակնհայտորեն դուր չեկավ ավագանու անդամներին, նրանցից մեկը՝ Հրայր Կարապետյանը, հետաքրքրվեց՝ գիրքը վաճառվելո՞ւ է, թե՞ բաժանվելու է, եթե վաճառվելու է, այդ դեպքում ինչո՞ւ է ավագանին հովանավորելու: Լևոն Բարսեղյանն էլ նստած տեղից կատակեց. «Ճիշտն ասած, սպորտլոտոյի է նման էլի, տպենք,առնենք, տեսնենք մեջն ինչ կա: Ես ճանաչում եմ հեղինակին, մտավորական մարդ է, քրեագետ, բայց չիմանանք գիրքը ի՞նչ բովանդակություն ունի»:
Կարդացեք նաև
Այստեղ քննարկումներն ավելի թեժացան: Միջամտեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ ավագանու անդամներին հորդորելով իրենց դիրոքորոշումը հայտնել քվեարկությամբ: Քաղաքապետը նաև ասաց, որ ինքը՝ որպես քաղաքապետ, համամիտ է, որ «Գյումրի» գիրքը գրվի, Գյումրու պատմությունը արտացոլվի, և այս նախագիծը դրեց քվեարկության: Գյումրու ավագանու անդամները միաձայն դեմ քվեարկեցին: «Փաստորեն բոլորդ դեմ եք, ընդունեցի ձեր առաջարկը »-, ասաց քաղաքապետը ու առաջարկեց հաջորդ տարվա բյուջեի մեջ նախատեսել մի գումար, որը հնարավորություն կտա նման առաջարկների իրագործման համար: Գյումրու քաղաքապետն ասաց, որ եթե նույնիսկ Գյումրու ավագանին այս պահին հաստատեր Սերգեյ Գալոյանին գումար տրամադրելու առաջարկը, ապա ինքը հաստատ կմոլորվեր, թե որտեղի՞ց տա այդ գումարը:
Սակայն, Սամվել Բալասանյանը շեշտեց, որ չի ուզում նեղացնել գրողին, ուստիև հաջորդ տարվա բյուջեի մեջ կտեղափոխեն հարցը, կհրավիրեն հեղինակին ու նա ներկայացնի իր լավ առաջարկությունը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը դարձյալ ձայն խնդրեց ՝ ասելով. «Պարոն Բալասանյան, ես 10 դեմ և 2 ձեռնպահ հաշվեցի …Ապագայում նման հարցերի հետ կապված՝ Գյումրին լավ բրենդ է, և դա դրսում շատ լավ նկատել են, հասկացել են, ով ինչպես կարողանում է՝ ազնիվ կամ ուրիշ նպատակներով, փորձում է օգտագործել…Բայց, հիշենք հետագայի համար, որ Գյումրիում մենք ունենք բազմաթիվ ստեղծագործողներ՝ պոետներ, արձակագիրներ, նկարիչներ, որոնք էդպես էլ ալբոմ չունեցան, բրոշյուրներ չունեցան, ինչ-որ մի բան նախատեսեք, այդ մարդկանց ստեղծագործությունները տպենք հաջորդ տարիների համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Սերգեյ Գալոյանի պարզաբանումներն այս թեմայի շուրջ քիչ հետո:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ