Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, դատավոր Սամվել Հովակիմյանը հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի դեմ ոստիկանության ներկայացրած դատական գործով վճիռը:
Դատարանը բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Սուրեն Սահակյանի եւ որոշեց վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկել եւ տուգանել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Հիշեցնենք՝ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Սուրեն Սահակյանին բերման է ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Ըստ ոստիկանության ակտիվիստը ցանկացել է ներխուժել Երեւանի քաղաքապետարանի շենք՝ մասնակցելու համար ավագանու նիստին:
Սուրեն Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ վճիռը սպասելի էր. «Ըստ էության այդպես էլ պետք է լիներ, որ իմ մեղավորությունը հաստատող փաստերով պետք է առաջնորդվեն, բայց իմ անմեղությունը հաստատող փաստեր չեն գտնում»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ պատրաստվում է բողոքարկել այս վճիռը, սակայն հույսեր չունի, որ արդարացի որոշում կկայացվի. «Հաջորդ ատյան դիմելու խնդիրը այստեղ հնարավոր բոլոր ատյանները սպառելն է եւ դիմել կա՛մ եվրոպական, կա՛մ սահմանադրական դատարան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ