Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր տեղեկացրեց, որ երեկ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Դատախազի մատնանշած հոդվածը, որը կոչվում է «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային անվտանգության կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացնում է երկու և ավելի անձանց մահ»` նախատեսում է առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ 4 օր առաջ ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածում միմյանց են բախվել 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ու Երևան -Գյումրի երթուղու Ռազմիկ Մկրտչյանի կողմից վարած «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները: Նշված վթարի հետևանքով «Գազել 32» մակնիշի մեքենան այրվել էր, 7 ուղևորներ մահացել էին տեղում, իսկ 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, նրանցից երկուսը մայրաքաղաք:
Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին, թե ի վերջո ինչի՞ց
էր հրդեհվել գազելը. գազի բալոննե՞րն էին պայթել: Շիրակի դատախազն ասաց, որ փորձագետների՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ պայթյունին բնորոշ տեսանելի հետքեր չկան: Գազի բալոնները գտնվում են ամբողջական վիճակում, թեև վերջնական եզրահանգումները կտրվեն համապատասխան եզրակացություններից հետո: Իսկ թե ինչի՞ց է առաջացել հրդեհը, Րաֆֆի Ասլանյանն ասաց, այս հարցի պատասխանը կտան այս պահին նշանակված հրդեհատեխնիկական և դատաատվոտեխնիկական փորձաքննությունները:
Դատախազը նաև տեղեկացրեց, որ տուժածների զգալի մասը հարցաքննվել են, ներկայումս քննիչները գտնվում են Երևանում՝ Այրվածքների կենտրոնում հարցաքննելու տուժածներին:
Նշենք, որ կալանավորված «Կամազի» վարորդը ունի 3 երեխաներ:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ