Ուսանողների ֆինանսական հնարավորությունները դեր չեն խաղում UWC կրթական համակարգում ընդունելության մասին որոշում կայացնելիս:
Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, դպրոցի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը եւ UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան:
UWC համակարգում կարող են սովորել 15-17 տարեկան տղաներ եւ աղջիկներ: 2015 թվականին UWC քոլեջներն հայաստանցի ուսանողների համար առաջարկում են 23 տեղ, այդ թվում 10 տեղ՝ UWC Դիլիջան քոլեջում:
Ջոն Փադըֆութը նշել է, որ այժմ UWC Դիլիջանում կրթություն ստացող 96 ուսանողներից 63-ը սովորում են դրամաշնորհների շնորհիվ:
Կարդացեք նաև
Վերոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ ընդունելությունը հաջողությամբ անցած ուսանողները կարող են դիմել դրամաշնորհ ստանալու համար եւ դրամաշնորհային հանձնաժողովը որոշում կկայացնի, թե ինչ ծավալի ֆինանսավորում կստանան նրանք: Նա նշել է, որ UWC համակարգում ներկայումս սովորող 22 հայ ուսանողներից բոլորն էլ ստացել են դրամաշնորհներ, որը ծածկել է նրանց ուսման ծախսերի 90-100%-ը: Նվիրատուների հատկացրած դրամաշնորհների ընդհանուր ծավալը կազմել է 1.5 միլիոն դոլար:
UWC Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դարյա Բրոդնիկովսկայան տեղեկացրել է, որ 2015 թվականին UWC համակարգում սովորելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. դեկտեմբերի 11-ն է: Հայտերը լրացվում են առցանց www.am.uwc.org կայքում:
Դիմել կարող են այն երիտասարդները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին (2015 թ. սեպտեմբերի 1-ին) կլինեն 16-17 տարեկան։
Անդրադառնալով UWC Դիլիջան քոլեջում հայոց լեզվի դասավանդմանը հայաստանցի ուսանողների համար, Ջոն Փադըֆութն ասել է.
«Հայ ուսանողներից ոմանք UWC Դիլիջան քոլեջ են ժամանում ավագ դպրոցն ավարտելուց հետո եւ մենք քննարկում ենք նրանց համար հայերենի «կատարելագործված» դասընթաց կազմակերպելու հարցերը: Ինչ վերաբերվում է հայաստանցի այն ուսանողներին, որոնք մեզ մոտ գալիս են 11-րդ դասարանն ավարտելուց հետո, ապա 2015թ. հունվարից մինչեւ դեկտեմբեր նրանց համար
կներդրվեն հայոց լեզվի, գրականության, մշակույթի, պատմության եւ կրոնի դասեր եւ նրանց կրթությունը ամբողջությամբ կհամապատասխանի ազգային կրթական չափորոշիչներին»:
Նոյեմբերի 15-ին, ժամը 13.00-ին, UWC Հայաստանի ազգային կոմիտեն եւ UWC Դիլիջան քոլեջը կազմակերպում են «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում: Միջոցառումը կկայանա Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Մանուկյան» դահլիճում։
Մամլո հաղորդագրություն