Թմրամիջոցների ամենատարածված տեսակներից Հայաստանում համարվում է մարիխուանան, 2-րդ ամենատարածված թմրամիջոցը ներերակային ներարկման միջոցով օգտագործվող օփիոիդայիններն են` ափիոնոմ բուպրենորֆինը, հիմա շատ տարածված է նաեւ տնայնագործական եղանակով ստացվող դեզոմորֆինը: Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց Նարկոլոգիական կլինիկայի բուժական գծով փոխտնօրեն, թմրաբան Ասյա Գրիգորյանը:
Նրա ներկայացմամբ` դեզոմորֆինը շատ կարճ ժամանակահատվածում առաջացնում է անոթային հիվանդություններ ոսկրային ախտեր, գանգրենա, մարդիկ անդամահատվում են: Տիկին Գրիգորյանի խոսքերով` այս թմրամիջոցն, ըստ էության, հասանելի է, ուստի օգտագործումն էլ տարածված է:
Բացի այս, վերջին 2 տարում Հայաստան է ներթափանցվում, հիմնականում փոստային եղանակով, «սպայս» սինթետիկ թմրամիջոցը, որը մահացու է, ինչպես նշեց մասնագետը, այս թմրամիջոցի համար առայժմ քրեական հետապնդում կամ պատասխանատվություն նախատեսված չէ. ««Սպայսն» ունի շատ մահաբեր ազդեցություն, եթե մահ չի առաջանում, միանգամից փսիխոտիկ խանգարումներ են առաջանում, մարդիկ դառնում են հոգեկան հիվանդներ: Հստակ թիվ չեմ կարող ասել, թե մեր կլինիկա «սպայս» քանի օգտագործող է դիմել, բայց 2 տարվա ընթացքում 20-30 հոգի կլինեն:
Վերջին 10 օրվա ընթացքում շատ-շատացել են այդ թմրամիջոցի համար դիմող խորհրդատվությունները, հարազատներն են դիմում: «Սպայսն» առաջացնում է սուիցիդալ մտքեր, հալյուցիագեն մտքեր, դրա ազդեցության տակ կարող են ինքնասպան լինել: Սա աշխարհում ամենամահաբեր թմրամիջոցն է»:
Մասնագետի խոսքերով` Հայաստանում ավելացել են թմրամիջոցներ օգտագործողները. եթե 2009 թվականին հաշվառված թմրամոլները 1686 էին, ապա 2013-ին` 4922, իսկ 2014 թվականի դրությամբ`5271: Տիկին Գրիգորյանի ներկայացմամբ` «Օգտագործողների 90%-ն անանուն է բուժվում: Յուրաքանչյուր թմրամոլ վարակում է 6-8 հոգու: Ես 2002-ից աշխատում եմ կլինիկայում, այն ժամանակ մեզ մոտ հաշվառված թմրամոլները 10 հոգի էին, հիմա` հոգեակտիվ նյութեր օգտագործողների թիվը 5000-ից անցնում է: Այն ժամանակ կին թմրամոլ հաշվառված չկար, հիմա 10 կին կա: Թմրամոլների 1.2%-ը կանայք են»: Տիկին Գրիգորյանն այս ցուցանիշները ներկայացնելիս, նշեց, որ թմրամիջոց օգտագործողների քանակի աճը խիստ անհանգստացնող է:
Մասնագետի տվյալներով՝ 3 անչափահաս թմրամոլներ են հաշվառված, որոնցից մեկն աղջիկ է, այն էլ ծանր թմրամոլային տեսակ է օգտագործել, անչափահասներից մեկը 14 տարեկան է:
Ներկայումս, ինչպես նշեց թմրաբանը, բուժման երկու եղանակ կա` փոխարինող եւ դեզինտոքսիկացիա` օրգանիզմից հեռացնում են թույները. «Փոխարինող եղանակը` մետադոնային հաբեր են ստանում, աստիճանաբար դեղաչափն իջեցնելով մարդիկ կարող են թողնել այն: Պատահել է, որ 6 ամսում այլեւս չեն օգտագործել, պատահել է, որ մետադոնից հետո նորից վերադարձել են ներերակային թմրամիջոցին: Բայց մետադոնայինի նպատակն է զերծ պահել ներերակայինից, քանի որ առաջին հերթին դրանք վարակի տարածման միջոց են»:
Aravot.am-ի դիտարկմանը` կարծիք կա, որ մետադոնն էլ կախվածություն է առաջացնում եւ մարդիկ ստիպված են լինում միշտ ընդունել այն, տիկին Գրիգորյանն ասաց. «Ոչ թե ստիպված են լինում, այլ` չեն ուզում: Մետադոնային բուժմամբ 30 հոգու մոտ լավացում է եղել»:
Նշենք, որ մետադոնային բուժումն անվճար է, մետադոնը մեր երկրին է տրամադրվում «Գլոբալ հիմնադրամի» կողմից, մասնագետն ասաց, որ ծրագիրը մինչեւ 2018 թվականն է, որից հետո հնարավոր է՝ այդ ծախսերն իր վրա վերցնի կառավարությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ