Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները կարևորում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների կայուն զարգացումը

Նոյեմբեր 14,2014 16:27

«Մեդիա կենտրոն», Նոյեմբեր 14, 2014թ.: Փորձագետների դիտարկմամբ` Հայաստանը պետք է կապ պահպանի Եվրամիության հետ, քանի որ «մի քիչ Եվրոպայի առկայությունը հնարավորություն կտա հետագայում վերականգնել հայաստանյան քաղաքականությունը»:

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Նոր զարգացումներ ու հնարավորություններ Հայաստան-ԵՄ հարաբերություններու՞մ» թեմայով քննարկման ժամանակ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը նշեց, որ Հայաստանը չի օգտագործում այն հսկայական մարդկային ռեսուրսները` բիզնեսմեններին, փորձագետներին, աշխատուժը, որ մենք ունենք Ռուսաստանում հօգուտ մեզ, այլ հակառակը` Ռուսաստանն է օգտագործում այն մեզ վրա ազդելու համար:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

«Չկա համապատասխան աշխատանք Հայաստանի իշխանությունների կողմից… Մյուս գործոնն այն խնդիրն է, որ Ռուսաստանի պայմաններում այլ քաղաքական համակարգ է, և դժվար է կազմակերպել ֆորմալ կառույց, որը չի ենթարկվի իշխանությունների գծին, բայց ոչ ֆորմալ մեխանիզմները եղել են նույնիսկ խորհրդային տարիներում, իսկ այսօր նման բան գոյություն չունի»,- ասաց Միքայել Զոլյանը:

Վերլուծաբանի կարծիքով` Եվրամիությունն իր այս վերջին դրամաշնորհի հատկացմամբ ու քայլերով մեսիջ է ուղարկում Հայաստանին, որ մեր երկիրը կարող է Ղազախստանի նման վարել անկախ քաղաքականություն ու զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով հանդերձ:

Քննարկման մասնակից «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ` «Եվրամիությունն աշխատում է չկտրել վերջին թելը Հայաստանի հետ, ու այս վերջին ֆինանսական աջակցությունը հենց այդ թելն է»:

«Այն, ինչ կատարվում է այսօր Ռուսաստանում, այնքան էլ լավ չէ ոչ միայն Ռուսաստանի, այլ ամբողջ աշխարհի համար: Այսօր նավթի գինը 77 դոլար է, այսինքն Ռուսաստանի անկումը բավականին արագ տեմպերով է տեղի ունենում… Այսպիսի Ռուսաստանի հետ Հայաստանը հայտնվելու է քաղաքական վաակումում», – ասաց Աղասի Ենոքյանը:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ Հայաստանում պետք է լինի ներքին դիմադրություն, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ եվրոպական մոդելին:

Մեհրաբյանի դիտարկմամբ` մինչ այս պահը պարզ չէ, թե ինչպիսին են լինելու Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունները, քանի որ մինչ այս պահը հստակ չէ նաև Հայաստան-ԵՏՄ հարաբերությունների ձևաչափը:

«Մեր մաքսային ռեժիմը ռուսներին հանձնելով` մենք վերածվում ենք նույն պատժամիջոցի տակ գտնվող տարածքի», – հավելեց Մեհրաբյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի միջադեպին` Աղասի Ենոքյանն ասաց, – «Երկկողմանի, բավականին լուրջ, բայց փնթի պատրաստված պրովոկացիա… Ով կազմակերպել է, արել է դա, որ ավելի շատ վերահսկի իրավիճակը, և կտեսնենք, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը այս կոնֆլիկտի կառավարման մեջ»:

Պատասխանելով ուղղաթիռի միջադեպի վերաբերյալ հարցին` Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ «սահմանին մահ է բերում ռուսական զենքը», իսկ Միքայել Զոլյանի կարծիքով` իրավիճակը վերադարձավ այն լարված իրավիճակին, որ կար ամռանը, սակայն Հայաստանի պատասխանը պետք է լինի համաչափ, որը չի հանգեցնի նոր էսկալացիայի:

«Մեդիա կենտրոն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930