Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պաշտպանի մասնակցության կալանքի ժամկետը երկարացրել են

Նոյեմբեր 14,2014 16:08

«Ամիսներ շարունակ գործը գտնվում էր անշարժ վիճակում: Ոչ մի քննչական գործողություն չի կատարվում և վարույթ իրականացնող մարմինը հերթական անգամ ձևական, ոչ մի անհրաժեշտություն չունեցող միջնորդություն է հարուցել դատարան` իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու, ինչպես նաև նախաքննության ժամկետները հերթական անգամ երկարացնելու մասին, որոնց մեջ արձանագրված պատճառաբանությունները նույնաբովանդակ են և ոչնչով չեն տարբերվում նախորդներից: Այս փաստը ևս հերթական անգամ հաստատվում է վարույթ իրականացնող մարմնի և դատախազության անգործության և օլիմպիական հանգստության մասին»,- ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին քիչ առաջ ուղարկած իր բողոք-դիմումում գրել է
Գնել Թովմասյանի շահերի պաշտպան Վ. Մանուկյանը (լուսանկարում):

Պաշտպանը տեղեկացրել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքում 18.03.2014թ. հարուցվել է թիվ 68105814 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով:

13.05.2014թ. որոշում է կայացվել Գնել Թովմասյանին ՀՀ քրօրի 258 հոսդ. 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

21.07.2014թ. ժամը 18:30-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրի բաժին բերման է ենթարկվել Գնել Թովմասյանը:

22.07.2014թ. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գնել Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է:

Ըստ Վ.Մանուկյանի դիմումի, նախաքննությամբ պարզվել է, որ Գնել Թովմասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը և որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը նույնպես անհիմն են, քանի որ իմ պաշտպանյալը առ 21.07.2014թ. պատշաճ կարգով ծանուցված չի եղել վարույթն իրականացնող մարմնի մոտ հարցաքննության ներկայանալու մասին:

«Այս դեպքում, անհասկանալի է, թե վարույթն իրականացնող մարմինը ինչպես է եզրահանգել, որ իմ պաշտպանյալը կարող է ազատության մեջ մնալով թաքնվել քննությունից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում քրեական գործի քննությանը, կատարել քրեական օրենքով արգելված այլ արարք, եթե ընկած ժամանակահատվածում Գնել Թովմասյանը որևէ անգամ քննիչի կողմից անձամբ պատշաճ ծանուցված չի եղել, որի պարագայում կոպտորեն խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածի դրույթները»,-հարցնում է պաշտպանը:

Դեռևս 09.06.2014թ. փաստաբանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետ Ա. Ղարիբյանին: Պաշտպանը հայտնել է, որ Գնել Թովմասյանը ցանկություն է հայտնել, որ սույն քրեական գործով ինքը ներկայացնի նրա շահերը, եւ որ որևէ միտում չունի խուսափել վարույթն իրականացնող մարմնից: Սակայն Գ.Թովմասյանի գրությանը որևէ գրավոր պատասխան չի տրվել:

Վերոհիշյալ դիմումը քննչական բաժնում մուտք է եղել 10.06.2014թ:
Վ.Մանուկյանը հարցնում է. «Այս դեպքում անհասկանալի է դառնում, թե որ իրավունքով, օրենքի որ տառի համաձայն վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը ընթացք չեն տվել այդ դիմումին և ամիսներ շարունակ բոլոր դատավարական և քննչական գործողությունները իմ պաշտպանյալի հետ կատարվել են միայն նրա մասնակցությամբ` չկարգավորելով նրա պաշտպանության իրավունքը»:

Գլխավոր դատախազին պաշտպանը խնդրում է իր հսկողության տակ վերցնել այս քրեական գործը: Ի դեպ, նաեւ տեղեկացվել է, որ Գնել Թովմասյանը հայտնաբերվել է 21.07.2014թ.-ին, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է 22.07.2014թ: Ըստ պաշտպանի, այդ ժամանակ էլ չի ապահովվել Գնել Թովմասյանի շահերի պաշտպանի պարտադիր ներկայությունն ու մասնակցությունը: Դա նշանակում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի համաձայն, գործով առ այսօր ձեռք բերված բոլոր ապացույցները, կատարված քննչական և դատավարական գործողությունները առ ոչինչ են ու անթույլատրելի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930