Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/կ-ներին «իրենցով անելու» մրցավազք` ԲՀԿ-ում և ՀՀԿ երիտկազմակերպությունում

Նոյեմբեր 14,2014 15:54

Օրեր առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում որոշում ընդունվեց, որի կետերից մեկը «խորհրդակցելն է հ/կ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հետ՝ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով»:

Վերջին տարիներին հասարակական դաշտում ակտիվ քայլեր է կատարում իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Արդեն երկրորդ տարին է կազմակերպվում է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական հ/կ-ների կազմակերպությունը: Երեկ հայտարարվեց, թե այս տարի, օրինակ, ցուցահանդեսին մասնակցել է 80 հ/կ:

Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, հ/կ-ների հետ տարող աշխատանքների համար լիազորված Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց` քանի՞ հ/կ է համաձայնել շարժման հետ համագործակցել: Նա պատասխանեց. «Համագործակցության առաջարկը եղել է ընդամենը այս շաբաթվա սկզբին, արդեն շուրջ 10 հ/կ պաշտոնապես հայտարարել է համագործակցության մասին: Այս պահին նաև աշխատանքներ են տարվում այլ հասարակական կազմակերպությունների հետ և հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն նոր պաշտոնական հայտարարություններ»:

Մեր դիտարկմանը, թե տարիներ շարունակ ՀՀԿ-ն` երիտասարդական կազմակերպության մակարդակով, ակտիվ համագործակցել է այս դաշտում, երեկ էլ ներկայացվեց, թե 80 հ/կ մասնակցել է ՀՀԿ երիտկազմակերպության ցուցահանդեսին, այդ դեպքում իրենց թիրախը դաշտում ո՞ր կազմակերպություններն են, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Հ/կ-ներից յուրաքանչյուրն ունի իր գործունեության կոնկրետ ոլորտը և առանձին ծրագրերի շուրջ տարբեր կազմակերպություններ կարող են միավորվել: Եթե երեկվա ցուցահանդեսին միավորվել էր 80 հ/կ, ես չեմ համարում, որ վերջիններս միավորվել էին ՀՀԿ-ի շուրջ, այլ որպես ոլորտին ծանոթ մարդ` ես դա գնահատում եմ, որ նրանք միավորվել էին կոնկրետ ծրագրի և կոնկրետ միջոցառման շուրջ:

Մեր դիտարկմանը` 10 հ/կ-ն քիչ չէ՞ շարժման համար, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես գնահատականներ տալուց ձեռնպահ կմնամ, մեր կոչը ուղղված է եղել բոլոր այն հ/կ-ներին, ովքեր պատրաստ են միանալ համաժողովրդական շարժմանը: Գոնե այս մի քանի օրվա ընթացքում արձանագրեցինք, որ իրականում կան մտահոգ քաղաքացիներ, կառույցներ, ովքեր պատրաստ են միանալ համաժողովրդական շարժմանը և հանդես գալ իրենց առաջարկություններով»:

Դառնալով 10 հ/կ-ի` ոչ գոհացուցիչ թիվ լինելու հարցին, տիկին Վարդանյանն արձագանքեց. «Գնահատելը գոհացուցիչ է, կամ ոչ, ճիշտ չէ, քանի որ շարժմանը նույնիսկ մեկ քաղաքացու ավելի մասնակցությունը վկայում է այն մասին, որ իրականում շարժումը տեղին է և արդարացնում է այն սպասելիքները, որ այսօր կան հասարակության մեջ»:
Մեր հարցին` շարժմանը չի՞ կաշկանդում այն փաստը, որ միայն ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համագործակցում է 80 հ/կ-ի հետ, իսկ շարժման հետ համագործակցելու ցանկություն են հայտնել դեռ 10 հ/կ, Էլինար Վարդանյանն այսպես պատասխանեց. «Իշխանությունը միշտ և բազմիցս օգտագործել է տարբեր գործիքներ և դրանց կիրառումը, հավատացեք, որևէ կերպ ազդեցություն չի ունենալու շարժման վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930