Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ պատերի ներսում տեղի է ունենում Սահմանադրության և պետականության, ինքնիշխանության բռնազավթում

Նոյեմբեր 14,2014 14:59

«ՍԴ-ն կամ պիտի մատնացույց անի, որ Սերժ Սարգսյանը հիմար է և ստորագրել է Սահմանադրությանը ակնհայտ հակասող միջազգային պայմանագիր, կամ որ հիմար են բոլոր այն մարդիկ, ովքեր բառացիորեն են հասկանում Սահմանադրության այն դրույթը, որ ՀՀ-ում բացառապես օրենքներով են սահմանում պետական տուրքերի չափը, եղանակը, տեսակները և այլն»,-այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) բակում կազմակերպված ինքնաբուխ ակցիայի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Նա հավաստիացրեց, որ բազմաթիվ այլ տարրեր կան, որոնք վկայում են, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ պարոն Ղուկասյանի` ՍԴ-ի` նման որոշումը մեծ հարված կլինի պետականությանը, իրավական պետությանը, քանի որ նման ապօրինի որոշումները երբ կայացվում են դատական համակարգի կողմից, դրանք վերացնում են իրավական պետության հիմքերը և առաջացնում քաղաքական դաշտում խաբեության միջոցով հանրությանը համոզելու անհրաժեշտություն:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ ՍԴ-ի դիմաց կազմակերպված ակցիան ինքնաբուխ է եղել, սոցցանցերի միջոցով մարդիկ հավաքվել են ՍԴ-ի բակում ու մանրամասնեց.

«Նախաձեռնող խումբ կա, որը, բնականաբար, կազմակերպված աշխատանքներ կկատարի ԱԺ-ի վավերականության ժամանակ: ՍԴ-ի գործի քննության համար որևէ բան նախատեսված չէր, ինքնաբուխ մարդիկ որոշեցին գալ ու իրենց ներկայությամբ հասկացնել, որ այս պատերի ներսում տեղի է ունենում Սահմանադրության և պետականության, ինքնիշխանության բռնազավթում, և ՍԴ դատավորները հնարավոր է՝ մասնակից դառնան այդ սարսափելի հանցագործությանը»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ի առաջ առավոտյան քաոսային վիճակ էր , բախումներ ՀՀ ոստիկանության և քաղաքացիների միջև: Այս առիթով պարոն Սաֆարյանն ասաց. «ՀՀ ոստիկանապետը պարտավոր է ուղղակի բացատրություն տալ, թե ինչ է կատարվում ՀՀ ոստիկանների հետ, միգուցե առողջական լուրջ խնդիրնե՞ր կան, քանի որ անպատկերացնելի է, որ ուղղակի իրենց համար հանգիստ ու խաղաղ կանգնած մարդկանց վրա հանկարծ հարձակում է տեղի ունենում: Ոստիկանությունը իրավունք ունի միջամտել բողոքի ակցիային միայն ու միայն որոշակի պայմանների դեպքում, եթե առարկայական անհերքելի փաստեր են առաջանում. բռնության կիրառում և այլն: Այլ պարագայում ՀՀ ոստիկանը իրավունք չունի մասնակցելու քաղաքական գործընթացին, իրավունք չունի որոշելու, թե քաղաքացին որտեղ արտահայտի իր բողոքը: Եթե անգամ ընտրված վայրի հետ կապված բողոք ունի, ոստիկանը պարտավոր է դիմել դատարան և բողոքարկել տվյալ անձի գործողությունները, ինչպես մեզ են ասում, խնդիր ունեք, գնացեք դատարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930