Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին խոզի միսը կթանկանա

Նոյեմբեր 14,2014 14:40

Ամանօրյա տոներին այս տարի կունենաք խոզի մսի բարձր գին: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսպիսի կանխատեսում արեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը` խոզի մսի թանկացումը պայմանավորելով դեֆիցիտով:

Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է նաեւ գառի մսի պատմությունը, երբ արտահանման շուկան բացվեց դեպի Իրան եւ մեր երկրում գառան միսը շուկայում 1500-ից դարձավ 3500: Այս ամենի պատճառը սպառողների պաշտպանի համոզմամբ, տնտեսական կուրսի բացակայությունն է. «Տնտեսական կուրս չենք վարում, չգիտենք պահանջարկը որքան է, արտահանման հեռանկար ենք ունենում, միանգամից գնաճ ենք ունենում»:

Պարոն Պիպոյանն ասաց, որ մյուս ապրանքատեսակների մասով, նույնպես, Ամանորին որոշ ապրանքներ կթանկանան: Միայն զեղչեր կլինեն այն ապրանքների վրա, որոնք միջազգային շուկայում էլ զեղչվում են, գործարանային տեղական ապրանքները չեն թանկանա, քանի որ, ըստ մասնագետի, տարվա ընթացքում դրանք արդեն բավականաչափ թանկացել են:

Բաբկեն Պիպոյանն, անդրադառնալով ներկրվող հավկիթին, ասաց, որ ճիշտ կլինի պետությունը կանգնի տեղական արտադրողի կողքին, որպեսզի ներկրված ու տեղական արտադրության ձվի միջեւ մրցակցությունը լինի հօգուտ տեղականի. «Մեկ հավկիթի ներկրումը առավելագույնը 45 դրամ է նստում ներկրողի վրա` ներառյալ հարկերը: Եվ այն տաս դրամը, որ յուրաքանչյուր հավկիթից գանձում է մաքսայինը որպես հարկ, պետք է տա տեղական արտադրողին, նրա տնտեսությունը զարգացնի եւ սպառողը գնի տեղական արտադրողից: Բայց մեր երկրում տեղական արտադրողին պետական աջակցություն չկա, պետական վերահսկողություն` նույնպես: Այս ձեւով տնտեսություն չենք զարգացնում»:

Բաբկեն Պիպոյանի խոսքերով, աշխարհի ոչ մի երկրում այսքան ազատականացում չկա. «Ամբողջ տարին գյուղացու կողքին չենք կանգնում, հետո այս գյուղացին էլ է որոշում նոր տարի անի, մի տոննա կարտոֆիլ ուներ, որը հարյուր հազար դրամով էր վաճառում, հիմա էլ այդքան գնաճ է եղել եւ գյուղացին ստիպված է իր ապրանքը թանկացնել, որ ինքն էլ Նոր տարի անի: Չենք աջակցում, հաջորդ օրն ասում ենք գյուղացին թանկացրեց»:

Եվրասիական տնտեսական միություն հայկական ապրանքները արտահանելու վերաբերյալ էլ պարոն Պիպոյանն ասաց. «Մենք, այսօր, արտահանում լսում ենք, մտահոգություն ենք ունենում, որ կարող է մեր երկրում ապրանքի գինը բարձրանա: Ի՞նչ պետք է անենք որ չթանկանա, նախ պետք է հասկանանք մեր երկրում պահանջարկը: Եթե գործարանի արտադրողականությունը կարողանա բավարարել նաեւ արտահանման համար, ապա դրամաշրջանառությունը կավելանա, ապրանքի ինքնարժեքը մի բան էր կնվազեր: Մինչդեռ մեզ մոտ շուկան թողել են ինքնահոսի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930