Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հեքիմյան. Լիտվան ընդդեմ նախապաշարմունքների եւ Իսպանիայի

Նոյեմբեր 14,2014 14:34
Karen Heqimyan

Հայաստանում Լիտվայի դեսպանության գործելաոճին, գործողություններին կամ անգործությանը հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է:

Ի սկզբանե խայտառակ վիճակում գտնվող դեսպանությունը օրեցօր, շատ դանդաղ, սակայն, այնուամենայնիվ ընկալում է իր հասցեին հնչած քննադատությունները եւ որոշ առումներով ուղղվում:

2013թ. հունվար-փետրվար ամիսներին Լիտվայի դեսպանությունը չէր աշխատում, դուռը փակ էր, չկար գործող կայք, ֆիքսված եւ շարժական հեռախոսակապ: Այժմ դեսպանության գործունեության մեջ առաջընթացն ակնհայտ է:

2013-ին Լիտվայի դեսպանությունը կահավորված չէր, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիների անձնագրերը հայտնվում էին գետնին: Այժմ դեսպանությունը լավ կահավորված է: 2014թ. ամռանը դեսպանության աշխատակիցները ռուսալեզու էին, հիմա խոսում են միայն հայերեն:

Զգացվում է որոշակի առաջընթաց, եթե չհաշվենք այն, որ դեսպանատան տարածքում դեռ մնում են «գործ սարքողները», որոնք այժմ այնպես, ինչպես նախկինում ներսուդուրս են անում, փաստաթղթեր տանում-բերում, ծանոթներին առանց հերթի մտցնում:

Ի պատասխան մամուլի հրապարակումների, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի եւ իմ՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության գործունեության քննադատությունների եւ բացահայտումների 2014թ. հունիսին Հայաստանում Լիտվայի դեսպանությունը հաշվեհարդար իրականացրեց, մերժելով ինձ մուտքի արտոնագրի տրամադրումը:

Գործին խառնվեց ՀՀ ԱԳՆ-ն, որը բազմաթիվ նոտաներ ուղղեց լիտվական կողմին: Ի վերջո վերջինս հավաստիացրեց, որ Լիտվայի դեսպանությունը այսուհետ կառաջնորդվի առանց նախապաշարմունքների եւ ինձ կտրամադրվի մուտքի արտոնագիր:

Այդպիսով ստացվում է, որ Հայաստանում Լիտվայի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին դիտարկում է ելնելով ինչ-ինչ նախապաշարմունքներից:

Սա այսուհետ անհերքելի փաստ է: Ստանալով «առանց նախապաշարմունքների» դիտարկվելու մասին ԱԳՆ-ի հավաստիացումը, մուտքի արտոնագիր ստանալու համար կրկին հայտ ներկայացրեցի Լիտվայի դեսպանություն: Ի դեպ, ներկայացրեցի նույն փաստաթղթերը, որոնք ներկայացրել էի հունիսին: Տարբերությունն այն էր, որ ամռանը նախատեսում էի մեկնել Իսպանիա, իսկ այժմ՝ հենց Լիտվա: Այս անգամ մուտքի արտոնագիր ստացա: Նույն փաստաթղթերով:

Սա մի քանի բան կարող է նշանակել: Կամ Լիտվայի դեսպանությունը իսկապես չի հարգում ՀՀ-ն եւ նախապաշարմունքներով է վերաբերվում ՀՀ քաղաքացիներին, կամ Լիտվան, ի դեմս դեսպանության, խնդիր ունի Իսպանիայի հետ: Հայաստանին չհարգելը միգուցե պայմանավորված է մեր երկրների տարբեր ճամբարներում գտնվելու հանգամանքով, սակայն Իսպանիային նախապաշարմունքներով վերաբերվելը չի մտնում որեւէ տրամաբանության մեջ: Ամենայն հավանականությամբ Լիտվան, ժամանակին լինելով խորհրդային հանրապետություն, չի կարողանում իր տեղը գտնել Եվրամիությունում:

Կա մեկ այլ ենթադրություն. դեսպանության այդօրինակ գործունեության պատճառը նրա իրավական անգրագիտությունն է: Աքսիոմ է, որ նույն փաստական հանգամանքների առկայության դեպքում վարչական մարմինները պարտավոր են նույն մոտեցումը ցուցաբերել: Լիտվայի վարչական մարմին հանդիսացող դեսպանությունը նույն փաստաթղթերով կարող է տրամադրել, եւ կարող է չտրամադրել մուտքի արտոնագիր: Այսքանը:

ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ

Հ.Գ. Ելնելով նախապաշարմունքներից, ես էլ Լիտվայի դեսպանություն չեմ գնալու, սակայն իրենց գործունեությանը միշտ հետեւելու եմ՝ դարձյալ նախապաշարմունքներից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930