Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել ՄԻԱՎ-ով. հասարակության վերաբերմունքը կրկնապատկում է հիվանդության ցավը

Նոյեմբեր 14,2014 13:25

«Կարդում ես՝ ՍՊԻԴ ու հասկանում՝ մահ և ուրիշ ոչինչ»

Մեղմ ժպիտը ուրվագծվում է դեմքին, հայացքում ափսոսանք կա խմորված, սակայն աչքերի փայլը խոսում է ուժի և ինքնավստահության մասին: Իր անցած կյանքը ներկայացնում է դրվագներով, ձեռքերի շարժումները մատնում են այն ծանր ապրումները, որոնք նրան կոփել են ու պատճառ դարձել, որ փոխի վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

«13 տարի է ապրում եմ ՄԻԱՎ-ով: Իմ կյանքում այս վիրուսը շատ բան է փոխել, բայց՝ դեպի լավը, դա կարող եմ հստակ ասել: Իհարկե, առողջություն ես կորցնում, բայց սկսում ես վերաարժևորել կյանքդ: Ինձ համար շատ թանկ է ամեն լուսաբաց: Հիվանդությունը փոխել է ինձ այն իմաստով, որ ապրում եմ այս օրով ու այս լույսով, այս արևով, ամեն օր ասում եմ՝ «Փա՜ռք քեզ, Աստվա՛ծ, որ այսօրն էլ ինձ տվեցիր ապրելու համար»: Մինչ այդ շատ անտարբեր էի կյանքի նկատմամբ, հիմա լրիվ ուրիշ եմ»,- սեփական կյանքի մասին է պատմում 35-ամյա Սոնա Սահակյանը (անունը փոխված է):

Ամուսնանալուց մի քանի տարի անց նրա ինքնազգացողությունը կտրուկ վատանում է՝ թուլություն, ջերմություն, քրտնարտադրություն: Բժշկական հետազոտությամբ պարզվում է, որ Սոնան գտնվում է ՁԻԱՀ-ի փուլում: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ-ի վերջնական փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։
«Փաստորեն, ես հիվանդության մասին իմացա ձեռք բերելուց միայն 5 տարի հետո: Իմ դիմադրողականությունը արդեն բավականին ցածր էր: Վարակվել էի ամուսնուցս, որ հաճախ էր արտագնա աշխատանքի մեկնում: Ինձ վրա վստահ էի, իմ կապը միայն ամուսնուս հետ էր եղել, ու ես չէի էլ կասկածում: Նա ամուսնացել էր ինձ հետ արդեն իսկ այդ վիրուսով, բայց հիվանդության մասին իմացավ ինձնից: Ամուսինս մահացել է: Սկզբում ամեն ինչ մտածել եմ՝ որ ամուսնուս զոհն եմ, ինչո՞ւ ես, ինչի՞ հենց այդ հիվանդությունը, կամ ինչո՞ւ ինձ խաբեց, ամենավատ բաները մտածում էի: Իմ կյանքի ամենամեծ ցնցումը այն օրն էր, երբ իմացա, որ հիվանդ եմ»,- անցած կյանքի հերթական էջը թերթելով պատմում է Սոնան:

Հիվանդության սկզբնական շրջանի մասին խոսում է շշուկով ու կամացուկ: Նրա աչքերում արտացոլվում են այն վախն ու անհանգստությունը, որն ունեցել է այն տարիներին, երբ ճակատագիրը նրան հանկարծարկիի է բերել:

«Ժամանակին, երբ իմացա, ամեն տեղ այսքան տեղեկատվություն, գրականություն չկային, ու մենակ մի բան ես մտածում` մահվան դատավճիռ: Կարդում ես՝ ՍՊԻԴ ու հասկանում՝ մահ և ուրիշ ոչինչ: Եվ դա մի խայտառակ հիվանդություն է, որի մասին անգամ բարձրաձայնել չես կարող: Աշխարհը մթնել էր, ծանրացել վրաս, ոչ միայն մտածում էի մեռնելու մասին, այլև այն մասին, որ գոնե պատվով մեռնեի, ինչը բացառվում էր այս հիվանդության դեպքում: Մտածում էի՝ էս ի՜նչ խայտառակություն է: Ծնողներս, ընկերներս՝ ի՞նչ կլիներ նրանց վիճակը իմ մահից հետո, պատկերացնո՞ւմ եք, ոնց որ պատրաստվեի մահվան հետ հանդիպման»,- պատմում է Սոնան:

Սակայն այսօր արդեն տարիների հեռվից նայելով իր ապրած օրերին, կրած ապրումներին՝ խոստովանում է՝ ապշած է. «Իհարկե չարժեր, եթե այն ժամանակ ինֆորմացիան այսքան բաց լիներ, մարդիկ կարողանային շփվել իրենց նման մարդկանց հետ, հաստատ այդ ապրումները չէի ունենա: Դա եղել է իմ կյանքի ամենամեծ վերապրած ցնցումը»:

Մասնագիտությամբ մանկավարժ Սոնան ասում է, որ ծնողները տեղյակ չեն իր հիվանդության մասին: Անընդհատ ուժ է հավաքում, որ մի օր ասի, սակայն չի կարողանում:
«Չէ՛, չէ՛… չեմ ասում, մտածում եմ՝ իրենք էլ սկզբնական շրջանում ինձ նման սթրես կապրեն, դեպրեսիայի մեջ կընկնեն: Ընտանիքս չգիտի, մինչև հիմա չեմ ասել, քանի որ չեմ ուզում, որ ծնողներս ավելորդ հոգս ունենան, չեմ ուզում ցավ պատճառեմ: Իրականում ինձ համար հիվանդությունը դարձել է սովորական, ինչպես, ասենք, շաքարային դիաբետ ունեցողների համար: Միակ բանը, որ գիտակցությանդ մեջ է ու քեզ հուշում է, որ հիվանդ ես, դեղ խմելու պահն է: Ես հիվանդ չեմ, թույլ չեմ, աշխատում եմ ամբողջ օրը դպրոցում, հետո տանը»,- ասում է նա:

Սոնան համոզված է, որ եթե աշխատավայրում իմանան իր կարգավիճակի մասին, ապա մեծ խնդիրներ կունենա: Կարծում է, որ տեղեկատվությամբ հագեցած այս դարում, միևնույնն է, հասարակությունում իրազեկվածության պակաս կա, ինչը զգացվում է մարդկանց վերաբերմունքում: Հասարակությունը պատրաստ չէ բաց լսելու, որ մարդը ՄԻԱՎ ունի, մինչդեռ նա էլ սովորական մարդ է, ինչպես բոլորը, նրանցից մեկը:
«Ինչու չի փոխվում հասարակությո՞ւնը, որովհետև տեսականը մեկ բան է, իսկ հստակ տեսնել այդ մարդուն՝ մեկ այլ բան, կամ ինչպե՞ս ներկայանալ բաց դեմքով: Պետք է այդ համարձակությունը ունենալ: Ես չունե՞մ այդ համարձակությունը, ես պատրաստ եմ, բայց հասարակությունը թերևս պատրաստ չէ: Լրատվամիջոցներով պետք է ավելի շատ տարածեն տեղեկատվությունը ամբողջ տարին և ոչ թե միայն ամեն տարի՝ դեկտեմբերի 1-ին»,- ասում է Սոնան:

Նա համոզված է, որ հասարակությունը շարունակում է խարանի ենթարկել այս մարդկանց, մինչդեռ այս մարդիկ թեկուզ իրենց հարազատ միջավայրում պետք է կարողանային բացահայտել իրենց կարգավիճակը: Հարազատներն ու բարեկամներն էլ իրենց հերթին ավելի հեշտությամբ ու առանց վախենալու կխոսեին նրանց մասին:

«Չես հասկանում՝ ինչո՞ւ ենք գաղտնի պահում, խնդիր ունենք ու դա գաղտնի պետք է պահենք, ինչո՞ւ, իմաստը ո՞րն է: Իհարկե, պետք էլ չէ բարձրաձայնել, բայց դեղերն ես թաքուն խմում, այս ամենը խանգարող հանգամանքներ են: Այսինքն՝ վախենում ենք հասարակությունից, կարող եմ ասել, որ, այո՛, ես վախենում եմ»,- խոստովանում է նա:
Սոնան անկեղծանում է ևս մեկ հարցում. փորձել է կյանքը կապել մեկ ուրիշի հետ, նորից ընտանիք կազմել, բայց համարձակությունը չի հերիքում:

«Ապրում ես առողջ, հետևում ես քեզ, որ առողջական խնդիրներ չունենաս, սակայն գիտակցում ես, որ կյանքիդ օրերը կրճատված են, բայց նաև հույսով ապրում ես, որ բուժումը կօգնի: Փորձել եմ կյանքս կապել ուրիշի հետ, բայց հենց այստեղ հիվանդությունն ինձ խանգարում է: Չես համարձակվում գնալ այդ քայլին ու դիմացինին խոստովանել քո կյանքի չբացված պատմությունը, որը քո ներսում է, քոնն է: Ինձ համար սա էն խնդիրն է, էն պատնեշը, որը թույլ չի տալիս հարաբերություններ կառուցել: Լինում են, իհարկե, դրական դեպքեր, բայց իմ կյանքում չի ստացվել»,-ասում է Սոնան:

Փոխարենը Սոնան հիվանդության ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, չի կորցրել հներին, ինչով կրկնակի է հպարտանում:

Հիվանդության բացահայտումից հետո իր կյանքը համեմատում է կլինիկական մահ տարած մարդու հետ:

«Հետ եմ եկել, մազից փրկված՝ հետ եմ եկել: Ես հասկացա, որ դեռ ապրելու եմ, որ ամեն բացվող առավոտով շարունակվելու է իմ կյանքը, ու հիմա մտածում եմ՝ ո՞նց էի թողնելու այս լույսն ու արևը ու հեռանայի էս կյանքից»,- փայլող աչքերով ասում է Սոնան:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930