Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՏԻՊ

Նոյեմբեր 14,2014 13:13

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսանչորսերորդ

ԻՆՔՆԱՏԻՊ

Եվ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ի վերջո, գրողներն ու արվեստագետները մեծ մասամբ փառասեր մարդիկ են, բայց Նարեկացին փառքի հետ ոչ մի կապ չունի», եւ ես ժպտալով Խորենին հարցրի՝ «դու որ բանաստեղծություն ես գրում, փառասեր ե՞ս», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց ես ինձ բանաստեղծ չեմ համարում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու քեզ բանաստեղծ չես համարում, բայց կարող ա ուրիշները գրածներդ կարդան ու քեզ բանաստեղծ համարեն», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես գրածներս ուրիշներին ցույց չեմ տալիս, որ ինձ բանաստեղծ համարեն կամ չհամարեն», եւ ես ժպտալով ասացի՝ «մի անգամ ինձ ցույց ես տվել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարդացիր ու գովեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «եթե գրածս քեզ ցույց եմ տվել, ուրեմն էդ պահին փառասիրությունն ա մեջս խոսել» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «եթե գովասանքդ մինչեւ հիմա հիշում եմ, ուրեմն՝ իսկապես փառասեր եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հիշողությունը փառասիրության հետ ոչ մի կապ չունի», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «համ փառասիրության հետ կապ ունի, համ էլ՝ էգոիզմի» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «մարդ արարածը հիմնականում լավ ու հաճելի բաներն ա մտապահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ արարածը մեկ էլ շատ վատ ու շատ տհաճ բաներն ա հիշում ու մտապահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ, եթե բանաստեղծություններս չհավանեիր, չհավանելդ էլ էի մինչեւ հիմա հիշելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ հավանելս հիշում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու կարայիր չհիշեիր, որովհետեւ էդ օրը քո սովորական ու հերթական օրերից մեկն էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հեչ էլ սովորական օր չէր», եւ Հավատացյալը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ինչո՞վ սովորական չէր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «սովորական օր չէր, որովհետեւ բանաստեղծություններդ սովորական բանաստեղծություններ չէին», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «անհարմար էլ ա, որ էդ գրածներս բանաստեղծություն ես անվանում», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ի՞նչ անվանեմ», եւ Հավատացյալը բավական երկար մտածեց ու ասաց՝ «չգիտեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես գիտեմ», եւ Հավատացյալը թախծոտ ժպտալով ասաց՝ «ի՞նչ գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էդ գրածներդ ոչ թե սովորական բանաստեղծություններ էին, այլ՝ շատ հետաքրքիր ու ինքնատիպ բանաստեղծություններ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Հովիկն էլ էր ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Հովիկ», եւ Հավատացյալը փռթկացնելով ասաց՝ «բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը», եւ ես հարցրի՝ «Հովհաննեսն ի՞նչ էր ասում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Հովիկը շատ ուժեղ հումոր ունի» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «իմ մասին ասում էր՝ Խորենը շատ ինքնատիպ բանաստեղծ ա», եւ ես ասացի՝ «Հովհաննեսը շատ ճիշտ ա ասել», եւ Խորենը փռթկացնելով ասաց՝ «ինքը լրիվ ուրիշ իմաստով էր ինձ ինքնատիպ ասում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինքնատիպը քանի՞ իմաստ ունի», եւ Հավատացյալը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մի քանի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «առնվազն՝ էրկու», եւ ես զարմացած հարցրի՝ «բայց ինչի՞ ես ծիծաղում», եւ Խորենը փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ էդ երկրորդ իմաստը շատ մազալու ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Գրիգորյան Հովիկը միշտ ինձ համոզում էր, որ բանաստեղծություններս «Գարուն» տանեմ, ու որ չէի տանում, մի անգամ Օֆիկի կաֆեում Չիլոյի ու Էդոյան Հենրիկի ներկայությամբ ասեց՝ Խորենը շատ ինքնատիպ բանաստեղծ ա, ու որ Չիլոն Հովիկին ասեց՝ դու նորություն ասա, Հովիկը ծիծաղելով ու բացատրելով ասեց՝ շատ ինքնատիպ բանաստեղծ ա. ինքը գրում ա, ինքն էլ տպում ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Հովոն ինձ էլ ա էդ ասել», եւ Խորենը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «իմ մասի՞ն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «չէ. ի՛մ մասին», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ալեքյան Բագրատը որ տպարանում էր աշխատում, բանաստեղծություններս տվել էր իրանց տպարանի գրաշարին, ու էդ գրաշարը, անունը Հրաչ էր, բանաստեղծություններս արճիճով իսկականի պես քսանհինգ օրինակ տպագրել էր, ու Բագրատը ծնունդիս օրն էդ քսանհինգ օրինակներն ինձ նվիրեց, ու որ Հովիկին էդ օրինակներից մեկը ցույց տվի, ծիծաղելով ասեց՝ շատ ինքնատիպ բանաստեղծ ես. փաստորեն, ինքդ քեզ տպում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Հովիկն ինձ լրիվ ուրիշ իմաստով ա ինքնատիպ ասել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ էլ ա ասել, դրա համար էլ իրա էդ հումորի իմաստը միանգամից հասկացար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշները մի ժամ բացատրելուց հետո հազիվ են հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ լրիվ ուրիշ իմաստով ա ինքնատիպ ասել», եւ Խորենը զարմացած նայեց ինձ ու ժպտալով հարցրեց՝ «ուրիշ իմաստ էլ կա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «Սովետի վախտ որ «Ծիծեռնակում» պոեզիայի բաժնի վարիչ էի աշխատում, համարյա ամեն համարում ինձնից բանաստեղծություն էի տպագրում», եւ Խորենը ժպտալով հարցրեց՝ «հետո՞», եւ ես ժպտալով ասացի՝ «Հովհաննեսն էլ ինձ ասում էր՝ շատ ինքնատիպ բանաստեղծ ես. ամեն համարում ինքդ քեզ տպում ես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ինքը կատակով ա ասել, բայց ասածի մեջ ահագին ճշմարտություն կա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ «Ծիծեռնակում» մանկական ոտանավորներ էիր չէ՞ տպում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մտքովս երբեւէ չի անցել մանկական ոտանավորներ գրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ «Ծիծեռնակում» չաշխատեի, ես էլ դժվար թե մանկական ոտանավորներ գրեի», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց բանաստեղծներ կան, որ «Ծիծեռնակում» չեն աշխատել, բայց մանկական ոտանավորներ գրել են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դրանք իսկական մանկագիրներ են» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «փաստորեն, դրանք ինքնատիպ չեն», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Հովիկը շատ ուժեղ ա ասել»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930