«Այս քայլով Ադրբեջանը զինադադարի խախտումը բարձրացրեց ռազմատեխնիկական նոր աստիճանի: Ադրբեջանը շարունակ շեշտել է, որ օդի ճանապարհը փակելը իրենց համար մեկ խնդիրն է: Լաչինի ճանապարհը բացելուց հետո ուղղաթիռային պատերազմը երկրորդ պլան մղվեց, բայց թե ինչու այս քայլը եղավ՝ դրան նպաստեցին օգոստոսյան մեր հակահարվածները: Ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ Ադրբեջանը փորձեց պատերազմը տեղափոխել օդ: Ադրբեջանը չի վախենում իրավիճակի սրումից՝ էսկալացիայից: Օդային պատերազմն արդեն կիսապատերազմական կամ նախապատերազմական վիճակ է, որովհետեւ եթե մենք ավիացիայի միջոցով պատասխանենք՝ լուրջ հետեւանքներ կլինեն»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ՄԻ-24 ուղղաթիռի հրթիռակոծմանը՝ այսպիսի կարծիք հայտնեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանը:
Ըստ նրա, ամենաբարդ հարցը այն է, թե պատասխանն ինչ կլինի. «Կարող ենք ասել, որ մեկին 10 կպատասխանենք, բայց դա դատարկ խոսք է, գիտենք, թե դա ինչի կբերի: Մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը այդ հարցում կարող ենք բացարձակ վստահել, որովհետեւ ռազմական գործողություններով անցած մարդիկ են, մի կողմից գիտեն, որ չի կարելի անպատիժ թողնել սա, մյուս կողմից գիտեն, որ չի կարելի անպատասխանատու քայլեր անել»:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեռ մենք չենք սովորել ճիշտ բարձրացնել հարցը միջազգային հանրությունում: ԼՂՀ արձագանքը, որ պատասխանը պետք է լինի ցավոտ Ադրբեջանի համար, Լարիսա Ալավերդյանը համարում է էմոցիոնալ գնահատական:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, Ադրբեջանը ներքին դաշտում չի ընդունում, որ ցամաքում պարտվել է, ընդհակառակը ասում են, որ ահա, մենք հաղթեցինք նաեւ օդում: Ըստ նրա, մեր պատասխանը պետք է լինի ներքին ամրապնդումը, դրսում արդարություն չկա, եթե չկա արդարություն ներսում. «Ադրբեջանական կայքերին հետեւում եմ, դա նրանց համար մի շարք է, գինը կարող է տարբեր լինի, թե իրենց կողմից քանի զոհ կլինի, մեր կողմից քանի կլինի՝ կապ չունի: Նշում են՝ հայերի կողմից օկուպացված տարածք եւ վերջ: Հայաստանից որեւէ նշան իրավունք չունի այնտեղ լինի: Թե սա միամտություն է, թե տգիտություն՝ չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Վարդան Դեւրիկյանը նշեց, որ եթե հայկական կողմը չպատասխանի այս միջադեպին, դա հակառակորդին ավելի լկտի կդարձնի:
Հարցին՝ Ադրբեջանն իր այս քայլով միջազգային իրավունքի ի՞նչ նորմեր է խախտել՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Մենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակում չենք, դիրքային պատերազմում ենք, չկա մի օր, որ չկրակեն: Մենք տեսնում ենք հետեւողական քաղաքականություն Ադրբեջանի կողմից՝ էսկալացիայի ուժեղացումը: Ադրբեջանն իր գործողություններով խախտում է 94-ին իրենց իսկ նախաձեռնությամբ ստորագրած փաստաթուղթը, համաձայնությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ