ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովն այսօր ներկայացրեց Հայաստանի ինովացիոն զարգացման վերաբերյալ զեկույցը, որի նպատակն է գնահատել ինովացիայի բնագավառում Հայաստանում առկա վիճակն ու ներուժը՝ ինովացիոն գործընթացների ակտիվացման նպատակով առավել արդյունավետ քաղաքականության մշակման գործում ՀՀ կառավարությանն աջակցելու համար։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեինրիխը զեկույցը ներկայացնելիս նշեց, դրա հիմնական նպատակն է, որպեսզի քաղաքական օժանդակություն լինի պետության կողմից եւ միայն դրա պարագայում զեկույցը փոփոխություն կկարողանա կատարել երկրում՝ նորարական տեխնոլոգիաների միջոցով տնտեսության զարգացման համար. «Եթե այս գիրքը մնա ուղղակի դարակի վրա, ոչ մի արդյունքի չենք հասնի։ ՄԵր հիմնական նպատակներից մեկն է, որպեսզի վերահաստատենք այն ուղերձը, որ նորարարությունը շատ կարեւոր է երկրի տնտեսության զարգացման համար։ Նորարարության մշակույթի մեջ է պետք երկրում փոփոխություններ մտցնել»։ Բանախոսի ներկայացմամբ՝ զեկույցի համաձայն՝ Հայաստանը ազգային նորարարական համակարգի հիմնման գործընթացում առաջընթաց է գրանցել։
Այնուամենայնիվ դեռեւս նորարարություն հասկացությունը մակերեսորեն է մատուցվում։ Զեկույցում նորարական տեխնոլոգիաների ավելի լայն կիրառման համար առաջարկվում է, նախ եւ առաջ, կիրառելի դարձնել այնպիսի տեխնոլոգիաները, որոնք նոր են Հայաստանի համար։
Կարդացեք նաև
Առաջարկվում է նորարարության կարեւորությունը գնահատելու համար մի շարք ծրագրերի եւ համաժողովների միջոցով բարձրացնել հանրության, հատկապես մասնավոր սեկտորի տեղեկացվածության մակարդակը։
Ըստ զեկույցի՝ նորարական տեխնոլոգիաները երկրում չեն զարգանա այնքան ժամանակ, մինչեւ արդյունաբերությունը եւ գիտությունը միմյանց հետ սերտ համագործակցության մեջ չլինեն։
Ինչպես իր խոսքում էլ նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ Հայաստանում ինովացիոն գործողություններ իրականացնելու գործընթացը դեռեւս սաղմնային վիճակում է գտնվում. «Ինովացիոն ոլորտում փոփոխությունները Հայաստանում սկսեցին կատարվել միայն 2006 թվականից, բանը նրանում է, որ 1988 թվականի երկրաշարժը, խորհրդային միության փլուզումը հիմնովին ավերեցին մեր տնտեսությունը։ Հիմա արդեն ոլորտում հաջողություններ ենք գրանցել՝ մասնավորապես գիտության պետական կոմիտեն բազմաթիվ մրցույթներ է իրականացրել մասնավոր հատվածի հետ, որոնք կարծես թե հաջող են ընթանում։ Հույս ունենք, որ այդ ծրագրերը իրենց տեխնոլոգիական կիրառությունը կգտնեն»։
Նշենք, որ Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցը պատրաստվել է 2013-2014 թվականներին ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի մասնագետների եւ փորձագետների կողմից ուսումնասիրությունների եւ քննարկումների հիման վրա։ Հայաստանյան կողմից աշխատանքը համակարգվել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կողմից։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ