«Բյուջեի քննարկումները բավական հետաքրքիր էին: Իշխանությունները խուսափեցին բանավեճից: Մեր որեւէ մեղադրանքի, դիտողությանը, պնդմանը ոչ մի պատասխան չտրվեց, ինչը բացատրություն ունի`իշխանությունը ասելիք, արդարացում չունի իր կողմից վարվող քաղաքականության առումով»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով 2015 թվականի բյուջեի քննարկումները`ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Անգամ վարչապետը վախեցավ մասնակցել այդ քննարկումներին, դեմ էին տվել երկու-երեք նախարարների, որոնք բավարարվեցին ընդհանուր ֆրազներով: Իշխանությունը պատասխան չունի մեր քննադատությանը, գերավճարների խնդրին, որ զարգացման առումով ետ են մնում Վրաստանից, անգամ Ադրբեջանից»,- կարծում է Լեւոն Զուրաբյանը:
Ապա անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած ուղերձին`վերանայել 12 կետերը, Լեւոն Զուրաբյանն ակնհայտ է համարում, որ Սերժ Սարգսյանի «5-6 ամսվա ուշացումով հիշած առաջարկը նշանակում է մի բան`իրենք որոշել են այս անգամ ընդդիմության պահանջները լուրջ ընդունել»:
Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը վախեցել է ընդդիմության հանրահավաքներից, «այն թափից, որ շարժումն առնում է եւ որոշել է ընդդիմությանը ներքաշել մի բանում, որ գնանք զիջումների, ծանր, երկարատեւ» բանակցությունների մեջ մտնենք: «Ինչպես 2011-ին եղավ, ցանկանում է ընդդիմությանը բերել մի վիճակի, որտեղ ամրապնդիր իր դիրքերը: Մենք չենք ներքաշվելու այդ պրոցեսի մեջ`Սերժ Սարգսյանի ոչ մի ասածին չենք հավատում, նրա խոսքը մեզ համար արժեք չունի»,- շարունակեց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ իրենք խոսքերին չենք հավատում, հավատում ենք միայն գործին. «Եթե բան ունեն անելու թող անեն, ոչ թե ասեն»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ եռյակն արտահերթ նիստով կներկայացնի ընտրական համակարգի վերափոխումն իրականացման քայլ`հարյուր տոկս համամասնական ընտրակարգին անցնելու եւ ընտրացուցակները հրապարակելու: «Այստեղ կերեւա` Սերժ Սարգսյանն իր խոսքին որեւէ արժեք տալի՞ս է, որ մենք ուշադրություն դարձնենք: Մինչեւ իշխանափոխությունը ինչքան շատ կատարեն 12 կետերից, այնքան ժողովրդի համար լավ»,- ասաց Զուրաբյանը`հստակեցնելով, որ սա չի նշանակում, թե պատրաստ են իշխանության հետ բանակցությունների: Թե ե՞րբ կնախաձեռնեն արտահերթը, դեռ պարզ չէ:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին`ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է հանրահավաքներ անել, բանախոսը պատասխանեց. «Մենք այն մոտեցումն ունենք, որ ինչ անում ենք, պետք է անել երեքով»: Հիշեցնենք, ԲՀԿ-ն ասել էր, եթե որեւէ մեկն ուզում է հանրահավաք անել, թող անի`ի պատասխան ՀԱԿ-ի հայտարարության, թե համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելով ու հանրահավաքային պայքարը դադարեցնելով շարժումը կարող է գնալ մարման: «Եռյակի հանրահավաքներն ավելի հզոր են, արդյունավետ: Կարելի է անել միայնակ հանրահավաքներ, բայց արդյունավետությունը ո՞րն է: Բոլորն են հասկանում, որ մյուս հանրահավաքը պետք է լինի կոնկրետ գործողությունների`իշխանության պարալիչի»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ