Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ «Ժառանգության» առաջնորդը փաստացի սահմանափակել է ոչ իշխանական եռյակի՝ միասին առաջ գնալու հնարավորությունները։ Իհարկե, Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե ինչ տեղի կունենա, եթե ոչ իշխանական եռյակի մյուս երկու գործընկերները կամ նրանցից մեկը հրաժարվի իր մատնանշած կամ դրան համարժեք որեւէ այլ փաստաթուղթ ստորագրելուց։ Սա այն դեպքում, երբ փաստաթղթի ստորագրումը «Ժառանգության» առաջնորդի համար «առաջ շարժվելու» ուղին է։
Արդյո՞ք ոչ իշխանական եռյակի մյուս երկու կուսակցությունները կցանկանան փաստաթղթով ամրագրել իրենց քաղաքական նպատակներն ու պարտականությունները։ Իհարկե, ՀԱԿ-ի դեպքում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ անհրաժեշտության դեպքում այս կուսակցությունը կարող է հռչակագրի իր տարբերակը ներկայացնել։
ԲՀԿ-ի դեպքում փաստաթղթով նպատակների, այն էլ կոնկրետ արձանագրելու տարբերակը եւ դրանց արտահերթ ընտրություններով հասնելու հեռանկարը, մեղմ ասած, ֆանտազիայի ժանրից է։ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ Հայաստանում փոփոխություններ են հարկավոր, բայց նա երբեք չի ասել, որ դրանք պետք է լինեն արտահերթ նախագահական եւ ԱԺ ընտրությունների միջոցով, ինչպես ցանկանում է արձանագրել Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ ինչպես պատկերացնում են ՀԱԿ-ում։ Ծառուկյանը երբեք չի ասել, որ Հայաստանում սահմանադրական կարգը խախտված է, եւ այն անհրաժեշտ է վերականգնել։
Եթե ԲՀԿ առաջնորդի խոսքն ուշադիր լսենք, գրավոր հարցազրույցները կարդանք, կտեսնեք, որ նրա նպատակը ներկայից ավելի ազատ տնտեսական պայմաններ ստեղծելն է, որպեսզի կրպակատերերը եւ մնացած փոքր գործարարները շնչահեղձ չլինեն։ Նա հայտարարել է, որ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհը պետք է կոտրվի, բայց երբեք չի ասել, որ այդ կուսակցությունն իշխանությունից պետք է հեռանա։ Այլ կերպ ասած՝ նա իշխանություններից մաս է ուզել, բայց ոչ թե փոքր մասը, որը միշտ նրան առաջարկվել է, այլ մեծ մասը՝ իշխանության «հսկիչ փաթեթը»։
Կարդացեք նաև
Այսինքն՝ առավել հավանական է, որ առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը
մեղադրվի ոչ իշխանական եռյակի իր գործընկերներին փակուղու առաջ կանգնեցնելու եւ իրենց ժողովրդական շարժումը քանդելու մեջ։ ֊
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում