Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականները ծեծել են ԺՈՒԿ անդամին. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 14,2014 11:03
hamagumar

Նախորդ գիշեր Կոտայքի մարզի Քասախ գյուղում դաժան ծեծի է ենթարկվել «Ժողովրդական ուղի» կուսակցության «Մանուկ Գասպարյան» երիտասարդական թեւի նախագահ Վիգեն Դավթյանը։

Կուսակցությունից հայտնեցին, որ Դավթյանին գիշերը տանից խաբեությամբ դուրս են հրավիրել երկու երիտասարդներ, նստեցրել մեքենան եւ տարել անհայտ ուղղությամբ։ Մեկ ժամ անց երիտասարդին գրեթե անգիտակից, ծեծված վիճակում հայտնաբերել են Եղվարդի ոստիկանության աշխատակիցները եւ տեղափոխել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից հաստատեցին սույն տեղեկությունը՝ նշելով, որ երիտասարդին հետազոտում են։ Ինքը՝ Վիգենը, առավոտյան չէր կարողանում խոսել։ Նա անգամ ոստիկաններին չէր կարողացել բացատրություն տալ։ Արդեն երեկոյան, երբ մի փոքր ուշքի էր եկել, մեծ դժվարությամբ պատմեց տեղի ունեցածը։

Ըստ Վիգեն Դավթյանի, իրեն գիշերը տանից դուրս են կանչել Քասախ գյուղի բնակիչներ ոմն Սմբոն (ում ազգանունը դժվարանում էր հիշել) եւ Նորոն՝ Նորիկ Հարությունյանը, ովքեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, նստեցրել մեքենան եւ տարել գյուղից հեռու, գերեզմանների մոտ։

«Մեր հարաբերությունները լարվել էին սեպտեմբերի 21-ին Քասախում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից, որտեղ ես ԲՀԿ-ին չէի սատարում, այլ անձամբ ավագանու թեկնածու էի առաջադրվել ԺՈԻԿ-ի կողմից։ ԲՀԿ-ն չկարողացավ մեծամասնություն ձեւավորել։ Հետո ես մամուլում մի հոդված հրապարակեցի, նրանք թշնամացան ինձ հետ»,- դժվարությամբ արտաբերում էր Վիգեն Դավթյանը։
Բանն այն է, որ Քասախի նախկին ավագանու անդամ 5 ԲՀԿ-ականներ մեկ տարի շարունակ բոյկոտել են ավագանու նիստերը, ինչից հետո ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել այս տարվա սեպտեմբերի 21-ին։ Բայց արտահերթ ընտրությունների արդյունքում էլ ԲՀԿ-ն չի կարողացել մեծամասնություն ձեւավորել։
Գյուղի ԲՀԿ-ականների եւ նախորդ գիշեր դաժան ծեծի ենթարկված Վիգեն Դավթյանի հարաբերությունները գնալով լարվել են, իսկ օրեր առաջ, երբ վերջինս գյուղամիջում բարձրաձայն դժգոհել է, որ նրանցից մեկը ցանցով ցանկապատել է գյուղի հուշարձանի տարածքը, գյուղի ԲՀԿ-ականների համբերության բաժակը, ըստ ամենայնի, լցվել է։ «Սա քաղաքական ենթատեքստ ունի, պատճառը անցած ընտրություններն են, սա քաղաքական ոխ էր»,- երեկ մեզ հետ զրույցում ասում էր ԺՈԻԿ նախագահ Մանուել Գասպարյանը։
Ինքը՝ Վիգեն Դավթյանը, նույնպես պնդում էր, որ տեղի է ունեցել քաղաքական հաշվեհարդար։

Հարցին՝ ինչո՞վ են հայտնի ԲՀԿ-ական երկու անձինք, բացի իրենց կուսակցական պատկանելությունը, Դավթյանը պատասխանեց. «Սուտի գողականներ են, որ ընտրությունների ժամանակ փող էին բաժանում, ամեն ինչ անում էին։ «Բարգավաճը» միտինգ արեց, որոշեցին, որ իշխանությունը ԲՀԿ-ինն է, իրավունք ունեն նման բաներ անելու»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930