Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարությունն ու վրեժը

Նոյեմբեր 14,2014 10:11

Հենց որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է տեղի ունենում, իսկույն սոցիալական ցանցերում հայտնվում են «ֆեյսբուքային ֆիդայիներ», որոնք համակարգչի առաջ նստած սարսափելի պատիժներ են հնարում հակառակորդի համար: Եվ քանի որ այդ «քաջերը» նաեւ մի քիչ «ընդդիմադիր» են, նրանց այդ հերոսական գրառումներում հայտնվում են նաեւ դատապարտող երանգներ. «Մերոնք որ թասիբ ունենային…», որին հաջորդում է նրանց «առաջարկը»: Օրինակ՝ մորթել այժմ դատարանի առաջ կանգնած ադրբեջանցի դիվերսանտներին:

Նման դատարկ հոխորտանքները երկու նպատակ են հետապնդում: Նախ՝ պարպել սեփական բացասական էներգիան, որը հոգեբանորեն հասկանալի է: Իսկ երկրորդը՝ ձեւանալ «ազգային գործիչ», որի սիրտն այնքան է ցավում հայրենիքի համար, որ նա պատրաստ է չխնայել համակարգչի ստեղնաշարը եւ գրել «դաժան նախադասություններ»: Որքան դաժան կամ մասշտաբային է առաջարկած վրեժը, այնքան շատ ես դու սիրում հայրենիքը եւ ազգիդ:

Որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների գործած հանցագործությունը չպիտի անպատասխան մնա՝ դա պարզ է: Բայց հիշենք հին ճապոնական ասացվածքը (որը երբեմն սխալմամբ վերագրում են Ստալինին)՝ վրեժն այնպիսի ուտելիք է, որ պետք է սեղանին մատուցել սառը տեսքով: Հիշում եմ՝ երբ ահաբեկիչները խոցեցին Նյու Յորքի Առեւտրի կենտրոնի երկնաքերերը, ասուլիսի ժամանակ ԱՄՆ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դոնալդ Ռամսֆելդն ասաց. «Հիմա հարված հասցնելու մեր հերթն է՝ նրանք, ովքեր իրականացրել են ահաբեկչությունը, պետք է արդար փոխհատուցում ստանան» (նա օգտագործել է to give justice արտահայտությունը):

Եթե խորը մտածենք, ապա վրեժ լուծելն ու արդարության հասնելը տարբեր բաներ են: Մի դեպքում դու տուրք ես տալիս քո ոչ այնքան պայծառ կրքերին, երկրորդ դեպքում քո գործողությունները պետք է որ քո զգացմունքների հետ կապ չունենան: Իհարկե, «արդարություն» հասկացությունը նույնպես սուբյեկտիվ է՝ այն, ինչ արդար է քեզ համար, կարող է բացարձակապես անարդար լինել դիմացինի համար, բայց այստեղ գոնե կա մտածված քայլեր կատարելու ձգտում:

Ահա մտածված քայլերն են, որ հաճախ պակասում են մեզ՝ հայերիս, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Հախուռն բացականչությունները, անզուսպ պոպուլիզմը, անսքող ինքնագովազդը հաճախ խանգարում են ծրագրված, մեթոդական աշխատանքին, որով միայն հնարավոր է հաջողության հասնել: Մեր ուղղաթիռի կործանումը նույնպես այն դեպքն է, երբ պետք չէ տաք-տաք հետքերով մտածել ինչ-որ հիմար վրեժխնդրության մասին: Պետք է ասպարեզը թողնել մասնագետներին. զինվորականները անշտապ եւ մանրակրկիտ կմտածեն կանխարգելիչ քայլերի հերթականությունը, ինչի շնորհիվ հակառակորդը երկար ժամանակով, հուսով եմ, կկորցնի ոտնձգություններ կատարելու ցանկությունը:

Իսկ հայրենասիրությունն արտահայտելու ոլորտները «ֆեյսբուքյան ֆիդայիզմից» հեռու են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Narek says:

    Կանխարգելիչ քայլը սահմանի վրա ուղղաթիռ բաց չթողնելն էր. թող հիմա ծնողներին պատասխան տան, ոչ թե էդ Ձեր ասած համատարած զգացմունքայնությունից օգտվեն ու ձեռքերը լվանան:

  2. Կարեն says:

    Երբ բանակի գեներալը հայտարարում է, որ եթե իրենց խելոք չպահեն Բաքուն էլ կգրավենք, իսկ Արա Պապյանը առաջարկում է միջոցառումերի մի այնպիսի փաթեթ, որը ի զորու է միայն Ռեմբոյին կամ Կապիտան Թենքեշին’ ապա բնական է, որ ”ֆիդայինները” պետք է պատյանից հանեն համակարգչի մաուսը եւ մարտնչեն մինչեւ վերջին կլիկը:

    • Nara says:

      Գեներալ Մանվելի ռեակցիան հարյուր տոկոսով արդարացված է, նա դրա իրավունքը վաստակել է: Իսկ ինչ էիր սպասում, ինչ պետք է ասեր Արցախն ազատագրած զինվորը?!

  3. barevdzez says:

    Ազերների արածը սպասելի էր: Առաջին անգամը չի: Տեսնես հայրենասեր-վրեժխնդիրների մտքով կանցնի մի 2 խոսքով էլ հանցավոր արկածախնդիր հրամանատարական կազմին հիշել, թե լրիվ անհույս են??

  4. Կարո Մելիքյան says:

    …..«Եթե խորը մտածենք….». այն,որ զորավարժություններ են անցկացվում,դա ինչ որ տեղ հասկանալի է, բայց. 1) ուղղաթիռների թռիչքները իրականացնել սահմանագծի երկայնքով,դա արդեն այնքան էլ հասկանալի չեն (գուցե,ինչ որ, ռազմահոգեբանական….՞՞) ,այն դեպքում,որ ամեն օր նրանց կողմից կրակոցներ էն տեղում մեր սահմանապահների ուղղությամբ,իսկ ինչու՞ չպիտի կրակեին ուղղաթիռի վրա, կասկածելը՝ոչ միայն ռազմական անգրագիտություն է,այլեւ մեծ սխալ,եթե ոչ ավելին։
    2) Ինչու՞ հենց այս պահին գնալ այդպիսի արկածախնդրության, երբ երկրի ներսում ընթանում էն իշխանությունների համար բավական լուրջ եւ տագնապալի զարգացումներ,եւ իզուր չեր Գալուստ Սահակյանի «անկեղծանալը»,թե մինչեւ Արցախի ինքնորոշման հարցը չլուծվի՝իրենք մնալու էն իշխանական ղեկին։
    3) Ում՞ զենքով էն խորտակել հայկական ուղղաթիռը,այստեղ,ինձ թվում է կասկածներ չկան,եւ հարվածող, եւ խոցվող զենքերը վաճառվել էն ռուսաստանի կողմից եւ ով՞ շահեց, միանշանակ՝ռուսները այստեղ փող աշխատեցին՝2-րդ եւ 3-րդ կողմերի արյան գնով,(հուսով,որ արժանին կստանան…) ։
    Այստեղ կա եւս մեկ հարց. ռազմական ուղղաթիռները թռչելիս,նրանք արձակված հրթիռը շեղող հրավառություններ էն արձակում,իսկ այստեղ,որքան որ տեսանելի էր տեսագրությունում,նման ոչինչ չկար,սա ինչ՞ է՝բացթողում՞,թերացում՞,թափթփվածություն՞,այն դեպքում, որ մարդկանց կյանքն է դրանից կախված։
    Հետեւությունը մեկն է՝ այստեղ ռոսական ու հայկական իշխանությունների շահերը համտնկան,իսկ տուժողը՝հասարակ ժողովրդի զավակներն էն եւ հասարակ հարկատուները։

    • Nara says:

      Որտեղից հնարեցիր, որ իշխանությոնների համար հիմա «տագնապալի ու լուրջ» իրադարձություններ են ընթանում))))))))))): Ինչից եզրակացրեցիր??? Որ երկու անգամ ավտոբուսներով բերված էքսկուրսիա կազմակերպեց եռյակը??? Էհ, լավ արեց: Մարդիք ման եկան Երեվանում, լիցքաթափվեցին, ինչ վատ էր որ???!!!……………Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնում նաեւ Իսրայելից, եւ, ռուսականը փոխարինելու հնարավորություն միշտ էլ ունի, եւ դու՛ էդ մասին շատ լավ գիտես))))):

  5. Կարո Մելիքյան says:

    Ներեղություն, վերջ տողի առաջին բառը պետք է լինի. համընկան։

  6. Nara says:

    Պ Աբրահամյան, ինչու եք զարմանում? Ֆեյսբուքյան ԱՅՍՕՐՅԱ երիտասարդները խիստ յուրահատուկ մենտալիտետ ունեն(հիմնականում), մի երկու տարի առաջ մակարդակն ուրիշ էր)))))):

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930