Թբիլիսիում նոյեմբերի 10-11-ին կայացավ ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցով ներկայացուցչի գրասենյակի կազմակերպած ԶԼՄ-ների 11-րդ հարավկովկասյան համաժողովը՝ նվիրված թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում հանրային հեռարձակմանը:
Իր զեկույցում BBC-ի նախկին աշխատակից, ներկայումս ԶԼՄ-ների հարցով անկախ խորհրդատու Նիկոլաս Նուջենթը, պատմելով BBC-ի ձեւավորման եւ կայացման մասին՝ որպես Բրիտանիայի հանրային հեռարձակող, ասաց, որ Բրիտանիան երբեք չի ունեցել պետական հեռուստաալիք, ի սկզբանե եղել է հանրային: 92 տարի առաջ BBC-ն սկսեց իր գործունեությունը՝ որպես հանրային ռադիո, ապա՝ Երկրորդ համաշխարհայինից հետո՝ որպես հեռուստատեսություն, այժմ էլ արդեն՝ մուլտիմեդիա հեռարձակում ունի՝ ռադիո, հեռուստատեսություն, օնլայն հեռարձակում…
Սակայն առավել հետաքրքիրը BBC-ի ֆինանսավորման աղբյուրն է: Բրիտանիայի հանրային հեռարձակողը երբեք փող չի ստանում իր երկրի բյուջեից, ոչ էլ գովազդ է հեռարձակում՝ երկրի ներսում: Նրա բյուջեն ձեւավորվում է ուղիղ գծով հեռուստադիտողների տված գումարներից: Յուրաքանչյուր տնտեսություն տարեկան 186 եվրոյի չափ գումար է վճարում՝ դիտելու համար հանրային հեռուստատեսությունը, որն, ի դեպ, ունի մի քանի ալիքներ, այդ թվում՝ երեխաների համար առանձին, դեռահասների համար՝ առանձին եւ այլն: Ըստ Նուջենթի՝ հաշվի առնելով, որ մի թերթն իրենց մոտ արժե 2-3 եվրո, մարդիկ չեն զլանում վճարել օրական 0,5 եվրո՝ ստանալու բազմաժանր տեղեկատվություն, զվարճալի եւ գիտահանրամատչելի հաղորդումներ դիտելու հնարավորություն:
Հաշվի առնելով, որ, ըստ էության, այդ հանրային հեռարձակողի անմիջական պատվիրատուն հենց հասարակությունն է՝ իր մուծած գումարներով, բնական է, որ բրիտանացիները իրենց երկրում ամենաշատը վստահում են հենց BBC-ին, շատ ավելի շատ, քան կառավարությանը, պառլամենտին, թագավորական ընտանիքին, թերթերին եւ այլ ինստիտուտների:
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից, ով Թբիլիսիում ներկայացրեց Հայաստանի հանրային հեռուստատեսության ներկայիս վիճակը, նրա առջեւ ծառացած խնդիրները, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է արդյոք Հայաստանում գործի այդ տարբերակը, հաշվի առնելով, որ մեզ մոտ պետությունը հասարակական գիտակցության մեջ նույնացվում է իշխանության հետ, եւ պետական բյուջեից Հանրային հեռուստատեսությանը տրվող փողերը նույնացվում են իշխանությունից «սնվելու» հետ:
Իսկ եթե յուրաքանչյուրը ընտանիք ինքը լինի Հանրայինի ֆինանսավորողը, ե՛ւ հասարակությունն իրեն ավելի «տեր» կզգա, ե՛ւ Հանրային հեռուստատեսությունն իրեն որեւէ ճնշումներից անկախ կզգա: «Հայաստանի քաղաքացիների մոտ մտածողության ավելի պարզ մեխանիզմներ են աշխատում: Մարդիկ սովոր են, որ հեռուստատեսային արտադրանքը ստանում են անվճար, եւ եթե հանկարծ այս սոցիալական պայմաններում ուրիշ ինչ-որ պահանջ լինի, դա կընկալվի որպես պետության կողմից իրենց գրպանը մտնելու հերթական փորձ, եւ, բնականաբար, շատ մեծ դիմադրություն կլինի: Տարիների լուսավորչական աշխատանք է պետք, որպեսզի մարդուն համոզես, որ հանրային հեռարձակողի համար գումար է պետք, եւ որ այդ գումարը առավել կնպաստի անկախ լուսաբանմանը, եթե այն ուղիղ գա քաղաքացիների գրպանից, եւ հանրային հեռուստառադիոընկերությունը հաշվետու լինի հենց քաղաքացուն:
Այդ մեխանիզմները մեր հասարակության մեջ շատ դժվար են ընկալվում առայժմ, եւ այսօրվա պայմաններում այդպիսի հեղափոխություն ես չեմ պատկերացնում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Թբիլիսիում ԵՄԱ նախագահը, ներկայացնելով Հանրայինի ներկայիս վիճակը՝ հիմնվելով ԵՄԱ կատարած մոնիտորինգի վրա, նկատեց, որ ի հակառակ երկու տարի առաջվա իր կանխատեսումների, թե գովազդներից Հանրայինը զրկելուց հետո Հանրայինը «կհանձնվի» հին սովետական մտավորականությանը, որը պարբերաբար եթերի բովանդակության վրա ազդելու փորձեր էր անում՝ ընդհուպ տարբեր «բաց նամակների» տեսքով, այսօրվա Հանրայինը բավականին հետաքրքիր, նորաձեւ, ժամանակակից շնչով եւ բովանդակությամբ հաղորդումներ է պատրաստում՝ զերծ մնալով հեռուստատեսային աղբից՝ սերիալներից եւ սկանդալային հաղորդումներից: Ու չնայած դրան՝ կան որոշ խնդիրներ՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ համակարգային, որոնց առջեւ կանգնած է Հանրայինը, ու դրանց մասին նույնպես ԵՄԱ նախագահը բարձրաձայնեց Թբիլիսիում:
Համաժողովի ընթացքում տարբեր առաջարկներ հնչեցին Հարավային Կովկասի եւ մյուս հետխորհրդային երկրների հանրային հեռարձակողների աշխատանքների բարելավման համար, դրանցից որո՞նք են ընդունելի մեր դեպքում՝ մեր այս հարցին Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ մենք բոլոր առումներով պատրաստ ենք իրական հանրային հեռուստառադիոընկերության մոդելին հասնել, քանի որ քաղաքական հարցերը այժմ մեր քաղաքական վերնախավը՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ոչ իշխանական, հիմա լուծում է մասնավոր հեռուստաընկերությունների միջոցով: Տեղեկատվության աղբյուրների այդ բազմազանության պարագայում հանրայինի վրա մեծ քաղաքական առաքելություն դնելն անիմաստ էր: Պատրաստ են նաեւ Հանրայինի լրագրողները, որովհետեւ մենք բազմիցս ականատես ենք եղել իրավիճակների, երբ վերեւից հրահանգ է եղել՝ աշխատեք պրոֆեսիոնալ եւ անաչառ, եւ դա ստացվում էր նրանց մոտ: Հիշենք վերջին ընտրությունների լուսաբանումը, որը բավականին ընդունելի էր: Ուղղակի անհրաժեշտ է գիտակցություն, որ դա պետք է անել: Հանրայինը կարծես հենց այդ ուղու վրա է:
Միակ խնդիրն այն է, որ այնտեղից գրեթե հանվել է քաղաքական բովանդակությունը, ինչը, իմ կարծիքով Հայաստանի պայմաններում ճիշտ չի, քանի որ մենք ունենք քաղաքական ոլորտում՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բազմազան մարտահրավերներ, որոնք արժանի են համապատասխան վերլուծության եւ լուսաբանման, եւ խուսափել այդ խնդիրներից, որպեսզի բոլորի համար ընդունելի լինես՝ դա մի փոքր շքեղություն է մեզ համար: Մենք չենք կարող ապավինել միայն էլիտար, կրթամշակութային հանրային հեռուստատեսության մոդելին: Ամեն դեպքում հասարակությանը հուզող խնդիրների համար հարկավոր է նաեւ նույնպիսի անաչառ, ոչ կողմնակալ պրոֆեսիոնալ լուսաբանում»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2014
չկպավ