Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանյան ոչ իշխանական խմբերի եւ Ալիեւի շրջապատի արտաքին քաղաքական մոտեցումները նույնն են»

Նոյեմբեր 14,2014 17:00

Աղասի Ենոքյանը կարծում է,
որ «եռյակի ուժերը ներսում չկարողացան կարկանդակը բաժանել»

– Նոյեմբերի 3-ին Հելսինկիում դեսպան Դավիթ Շահնազարյանը եւ Էլդար Նամազովը համատեղ հայտարարություն ընդունեցին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայտարարության հեղինակները ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին, այլ երկրներին կոչ էին անում դադարեցնել հարձակողական զենքի մատակարարումը ԼՂ հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Նրանք դիմեցին նաեւ բանակցող կողմերի ղեկավարություններին` ձեռնամուխ լինել ԼՂ կարգավորման Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի այս տարվա մայիսի 7-ի նախաձեռնության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մայիսի 12-ի հայտարարության հիման վրա։ Այդ հայտարարությանը սատարեցին երկու երկրներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ձեր ղեկավարած կազմակերպությունը` Քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնը, եւս միացավ այդ հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն, մանավանդ Ադրբեջանի ներկայիս ներքաղաքական իրավիճակում, որն ակնհայտորեն հակահայկական է:

– Հելսինկիի հայտարարությունը երկու կարեւոր նշանակություն ունի. նախ` փորձագիտական, հանրային լայն շրջանակներում կրկին արթնացնել ղարաբաղյան խնդրի քննարկումը: Այլապես, տպավորություն է, թե Հայաստանում ստեղծվել է կոնսենսուսային կամ անտարբեր մի վիճակ, երբ այլեւս ոչ ոք չի հետաքրքրվում այդ խնդրով: Փաստորեն, ղարաբաղյան հարցի շուրջ դեբատները բացակայում են, չնայած նրան, որ այս տարի արդեն երեք անգամ հանդիպել են երկու երկրների նախագահները: Դա աննախադեպ ակտիվություն է: Ապա` վերականգնել ադրբեջանցի փորձագետների, հասարակական ակտիվիստների հետ ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումը, որը հիմա բավականին ծանր վիճակում է: Ադրբեջանը գտնվում է բավական ծանր վիճակում, այնտեղ շատ են Հայաստանի հետ աշխատող ակտիվիստների վրա ճնշումները, ձերբակալությունները: Այս առումով նաեւ Հելսինկիում ստորագրված փաստաթուղթը կարեւոր էր:

Փաստաթղթի էության մեջ շատ բան ավելացված չէր, ըստ էության այն կրկնում էր Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, որին հիմնականում ՀՀ իշխանություններն են համաձայնվել: Կային նաեւ դիպուկահարների ետ քաշման եւ այլ հարցեր: Ես կարծում եմ, որ լայն կոնսոլիդացիա ստեղծել այս փաստաթղթի շուրջ, նշված բոլոր կետերի շուրջ գնալ ավելի մանրամասն փորձագիտական փաստաթղթերի մշակմանը մեծ կարեւորություն կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների, քաղաքացիական հասարակությունների համար:

– Ի՞նչ արձագանք ունեցավ այդ նախաձեռնությունը Հայաստանում եւ Ադրբեջանում:

– Ադրբեջանում հակազդեցությունը բավականին բուռն էր: Դեռեւս Հելսինկիում մենք արդեն տեսնում էինք բազմաթիվ քննադատություններ, անգամ կիսապաշտոնական ճանապարհով, առ այն, թե ինչպե՞ս է եղել, որ այսքան ճնշումներից հետո որոշ մարդիկ հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ գնացել են համագործակցության: Հայաստանում նույնպես եղան բավական բացասական արձագանքներ, հիմնականում ոչ իշխանական եռյակի կողմից: Եռյակին մոտ կանգնած լրատվամիջոցները կիսալուտանքային, կիսահոխորտանքային հայտարարություններ թափեցին: Փաստորեն, հայաստանյան ոչ իշխանական խմբերի եւ Ալիեւի շրջապատի արտաքին քաղաքական մոտեցումները նույնն են, երկուսն էլ քննադատում են այս փաստաթուղթը: Բացի այդ, դրանցում բովանդակային անդրադարձ չկար, զուտ անձնական վիրավորանքներ: Փաստաթղթում բովանդակային փոփոխություններ անելու մասին՝ ոչ մի խոսք: Հայաստանյան քաղաքական ուժերի այս մոտեցումը ցավալի է:

– Այս օրերին, ի դեպ, խորհրդարանում կրկին քննարկվեց ԼՂՀ-ն ճանաչելու մասին «Ժառանգության» առաջարկը: Կարծիքները խորհրդարանում դարձյալ բախվեցին: Ըստ Ձեզ՝ այդ քայլը ժամանակավրե՞պ է, թե՞ ճիշտ ժամանակն է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման համար:

– Արցախի ճանաչումը Հայաստանի կողմից ես հասկանում եմ, որ կնշանակի Արցախի հարցի շուրջ բանակցություններին վերջ: Այսինքն՝ դրանից հետո այլեւս քննարկելու, բանակցելու բան չի մնա: Կողմերի հաջորդ արգումենտը կլինի պատերազմը: Արցախը ճանաչելով՝ մենք պետք է հաջորդ օրը պատրաստ լինենք պատերազմի:

– Ի դեպ, եռյակի մասին. ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանի ներքաղաքական իրադարձությունները եւ եռյակի ուժերի գործողությունները:

– Ես արդեն չեմ հասկանում` դա ոչ իշխանակա՞ն, թե՞ ոչ ընդդիմադիր եռյակ է: Ինչպես ժամանակին ասել էինք` եռյակը չի կարող ունենալ միասնական նպատակ, եռյակում ամեն մեկն իր ուղղությամբ է փորձում քաշել այդ խումբը` Կռիլովի հայտնի առակի նման: Այս առումով եռյակը, կարծում եմ, հիմնականում զբաղված է ներքին քննարկումներով` փորձելով ինչ-որ ներքին հարցեր լուծել: Այն, ինչը որ նախապես հայտարարվում էր` 12 կետեր, սահմանադրական բարեփոխումներ, հանրահավաքներում տեսանք, որ չեն քննարկվում: Խնդիր են դրել իշխանափոխության, ու ինչքան էլ ասվեց, որ մարտավարությունը գաղտնի են պահում, բայց կարծես թե ոչ մարտավարություն կա, ոչ էլ իշխանափոխության պատճառների մասին հիմնավորումներ: Այս իշխանությունը շատ վատն է, պետք է հեռանա, բայց արդյոք եկողն ավելի լա՞վն է լինելու: Սրանք հարցեր են, առանց որոնց պատասխանների, ես կարծում եմ, որեւէ լուրջ ընդդիմադիր շարժում Հայաստանում չի լինի: Մենք հիմա ականատեսը եղանք նրա, որ այս ուժերը ներսում չկարողացան կարկանդակը բաժանել ու սկսեցին միմյանց նկատմամբ հանրային հայտարարություններ անել: Դեռեւս ինչ-որ չափով կոռեկտության մեջ, բայց այդ կոռեկտության մեջ կար շանտաժ, իրար տեղը նստացնել: Ես կարծում եմ, որ այս համագործակցությունն առանձնապես մեծ հեռանկար չունի:

– ՀԱԿ-ի հայտարարությունից արդյոք բխո՞ւմ էր, որ դաշնակիցների հարցում սխալվել են կամ մարգինալ դառնալու վտանգ են տեսնում, քանզի ԲՀԿ-ն եռյակում ինքնուրույն որոշումներ է կայացնում: Բուրժուադեմոկրատական հեղափոխությունը չստացվե՞ց:

– Դա 19-րդ դարի տերմին է եւ այժմ կիրառելի չէ, եւ չեմ կարծում, թե ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցում էր բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու համար: Յուրաքանչյուրն իր խնդիրն ուներ լուծելու: ԲՀԿ-ի խնդիրն էր` օգտագործելով ՀԱԿ-ի դեռեւս մնացած ընդդիմադիր իմիջը, որոշ չափով իր դեմքը մաքրել «մարտի մեկից», ԲՀԿ-ի վերաբերյալ օլիգարխիկ պատկերացումներից: «Մարտի 1»-ին կրակողն արդեն դաշնակցում էր նրա հետ, ում վրա կրակել է, դաշնակցում է մի ուժի հետ, որը միշտ օլիգարխիային դեմ է խոսել: ՀԱԿ-ն էլ ցանկանում էր օգտագործել ԲՀԿ-ի ռեսուրսներն իր գոյատեւման համար: Միգուցե եկել է մի պահ, որ այս խնդիրների մեջ կան որոշակի հակասություններ:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930