Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Գագիկ Խաչատրյանի «թոզփչոցին»

Նոյեմբեր 14,2014 16:30

…1988 թվականին՝ ամուսնու մահից հետո, ռուսական ծագումով թայվանցի մի կին՝ Ցզյան Ֆանլյանը, դիմեց Թայվանի կառավարությանը, որպեսզի իրեն նպաստ նշանակեն՝ կերակրողին կորցնելու պատճառով: Սա արտառոց դեպք չէր համարվի, եթե այդ կինը Թայվանի՝ ամիսներ առաջ մահացած նախագահ Ցզյան Ցզինգոյի կինը չլիներ:

Նրանք միասին ապրել էին 53 տարի, ամուսնացել էին ԽՍՀՄ-ում, որտեղ Ցզյան Ցզինգոն մինչեւ 37 թվականն աշխատում էր Նիկոլայ Ելիզարով անունով, եւ որտեղից փախան՝ խուսափելով ստալինյան ռեպրեսիաներից: Ցզյանը Թայվանի հիմնադիր նախագահ Չան Կայշիի որդին էր եւ երկար տարիներ ամենաբարձր պաշտոններ էր զբաղեցրել երկրի կառավարությունում, իսկ հոր մահից հետո 10 տարի այդ պետության նախագահն էր: Հենց նրա՝ դեռեւես հոր կենդանության ժամանակ առաջարկած ու իրականացրած ռեֆորմների, ապա եւ ի՛ր կառավարման շնորհիվ էր, որ Թայվանը դարձավ ասիական ամենաարագ զարգացող երկրներից՝ «Ասիական վագրերից» մեկը եւ հսկայական տնտեսական թռիչք ունեցավ: Ահա այս մարդը, որ, կրկնում եմ, 30 տարուց ավելի ղեկավար պաշտոններ էր զբաղեցրել, որ մահվանից հետո ժառանգություն էր թողել 40 մլրդ դոլարի ոսկու պաշարներ ունեցող, զարգացող ու բարգավաճ մի երկիր, ինքը ոչ մի սեփականություն չուներ եւ ոչինչ չէր թողել այրուն ու զավակներին: Նա չուներ ոչ տուն, ոչ որեւէ գույք, ոչ հաշիվ բանկում, ոչ ոսկի: Ի դեպ, կինն էլ մահացավ 2004 թվականին՝ ծերանոցում… (Այս ամբողջ հատվածը քաղված է ինտերնետային տարբեր աղբյուրներից, այդ պատճառով կոնկրետ հղում չեմ դնում):

…Դե, հիմա եկ ու սա բացատրիր «տուն պահող տղերքին»՝ Սերժ Սարգսյանից մինչեւ Հովիկ Աբրահամյան ու մինչեւ սուպեր նախարար Գագիկ Խաչատրյանը եւ կառավարության մյուս անդամները: Ճիշտն ասած, հենց սուպեր նախարարի՝ յուր հարստության ծագման մասին «թոզ փչող» Գագիկ Խաչատրյանի խոսքերը առիթ դարձան, որ նորից հիշեմ Կոլյա Ելիզարով-Ցզյան Ցզինգոյին:

Արդ, նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում, պատասխանելով կուտակած միլիոնների մասին պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց (փորձում եմ բառացի մեջբերել տեսագրությունից). «Իմ հայտարարագրում, եթե դուք ուշադիր նայեք, ես մինչեւ պետական պաշտոնյա լինելը առաջին տարվա հայտարարագրված գումարը հայտարարագրված են, դրա բավարար հիմքերը կան, եւ ուրեմն ես որեւիցե խնդիր չունեմ…»: Մի կողմ թողնենք խոսքի ճապաղությունը (որ չհաջողված «թոզփչոցիի» մի ակնհայտ դրսեւորում է), մի կողմ թողնենք տոնը (որ ավելի կսազեր գողական սխոդկայում խոսողի, քան նախարարին). դե, մարդուն չեն բացատրել, որ ինքն արդեն ֆինանսների նախարար է եւ ոչ թե մի շրջանի հարկայինի պետ, իսկ նախարարն էլ քաղաքական պաշտոն է: Դառնանք ակնհայտ «թոզփչոցիին»:

Ես ուղնուծուծով լրագրող եմ: Ես սովոր եմ կասկածել մանավանդ պաշտոնյաների ասածներին: Ու կասկածեցի եւ բացեցի ոչ թե հայտարարագիրը, այլ Գագիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունը: Հիշեք, նա, ըստ էության, ասում է, որ հարստությունը կուտակել է մինչ պետական պաշտոնյա լինելը: Իսկ գիտե՞ք, թե ըստ պաշտոնական կենսագրության, որ թվականից է նա պետական պաշտոնյա. 1996 թվականից, երբ սկսել է աշխատել իբրեւ Հրազդանի պետական հարկային տեսչության պետի տեղակալ… դրանից հետո՝ 3 տարի եղել է Մաշտոցի շրջանային հարկայինի պետը, հետո՝ Էրեբունիում նույն պաշտոնին, հետո՝ Շահումյանի հարկայինում… Հետո հայտնվել է նախարարությունում, հետո՝ 8 տարի մաքսայինի պետի տեղակալ (այ, էստեղ էլ վաստակել է «Տամոժնի Գագո» անունը)… Մարդը խոսում ու ակնհայտ ստում է (եւ դրա համար էլ խոսքը ճապաղ էր ստացվում՝ «…առաջին տարվա հայտարարագրված գումարը հայտարարագրված են…»):

Մարդը, որ արդեն 18 տարի ՄԻԱՅՆ պետական պաշտոններ է ունեցել, ասում է նախկինում… Նայենք նախկինը՝ մինչեւ 1996 թվականը. 1989-96 թվականներին եղել է Նաիրի ագրոֆիրմայի առաջին փոխտնօրեն, դրանից առաջ՝ կոմերիտական ու կուսակցական աշխատանք է կատարել… Արդ, այս՝ մինչ պետական պաշտոնյա դառնալու գործերից որի՞ ժամանակ է կուտակել այդ հարստությունը: Մութ է…

Իհարկե, բոլոր նրանք, ովքեր գիտեն հարկային տեսչությունների պետերի աստղաբաշխական ստվերային եկամուտների, ապա եւ՝ այդ եկամուտները «գործի մեջ դնելու»՝ «տուն պահող տղերքի» գործունեության մասին, ովքեր քիչ թե շատ տեղյակ են, թե ինչպես է մարդը դառնում «Տամոժնի Գագո», հաստատ վստահ են, որ Գագիկ Խաչատրյանի միլիոնները չէին կարող գոյանալ Նաիրի ագրոֆիրմայից, Նոր Գեղիի սովխոզ-տեխնիկումի կուսկազմակերպության քարտուղարի կամ ՀԼԿԵՄ Նաիրիի շրջանային կազմակերպության քարտուղարի աշխատավարձից: Այսպիսով՝ կա՛մ Գագիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրությունն է կեղծված՝ թաքցնում է ինչ-որ աշխատանքներ, որ նա կատարել է պետական պաշտոններից դուրս ու դրանց զուգահեռ, կա՛մ ինքը՝ Գագիկ Խաչատրյանն է ստում, երբ ասում է «…մինչ պետական պաշտոնյա լինելը…»:

Այսօր տասնյակ բիզնեսներ այս կամ այն կերպ կապվում են այս մարդու անվան կամ նրա ընտանիքի հետ: Իրավունք ունի՞ նման բիզնեսներին առնչվողը լինել ֆինանսների նախարար: Կարո՞ղ է նման կապեր ունեցող մարդը պայքարել կոռուպցիայի դեմ: Եվ ընդհանրապես՝ նա գիտի՞ ինչ է կոռուպցիան… Հարցերս հռետորական են:
Այս անգամ առիթը Գագիկ Խաչատրյանն էր, նրան անդրադարձանք: Նայեք ցանկացած նախարարի կենսագրությանն ու նայեք նրանց հարստությանը: Եվ հնչեցրեք Օստապ Բենդերի հայտնի հարցը. «արդյոք ազնի՞վ մարդ էր հանգուցյալը…»:

Պատասխանն ընդամենը մի պստլիկ բառ է՝ կազմված երեք հնչյունից, որ գրվում է երկու տառով…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930