Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեց ավանդառուին այնքան են տարել-բերել՝ հերթը հետ է ընկել. հնարավոր է «չձգի» ավանդը ստանալուն

Նոյեմբեր 14,2014 16:00

88-ամյա Մնացական Հովհաննիսյանը, ինչպես կինն է ասում՝ տիկին Նելլին, երկար ժամանակ համբերատար սպասում է Խնայբանկում պահված իր ավանդի վերադարձին: «Առավոտի» հետ զրույցում տիկին Նելլին պատմում է, որ ամուսնուն ասել էին՝ մի անհանգստացիր, սպասիր, մենք քեզ իմաց կտանք, թե երբ գաս ստանաս: Տարեց այս մարդու սպասումի յուրաքանչյուր օրվա հետ իր վաստակած գումարի ու, մեղմ ասած՝ սեւ օրվա համար հետ գցած գումարը ստանալու հույսերը գնալով նվազում են. կինն ասում է՝ «Հո անմա՞հ չենք, հո հավերժ չե՞նք ապրելու, օր օրի առողջական վիճակը վատանում է»:
Մինչ ոլորտի պատասխանատուները հորդորել էին սպասել ու խոստացել էին իրենք տեղեկացնել օրը, Մնացական Հովհաննիսյանը շատ պատահական՝ ծանոթների միջոցով իմացել է, որ 1926 թվականին ծնվածների ավանդներն արդեն մի քանի տարի է՝ վճարում են:

«Ամիսներ առաջ ամուսինս գնաց բանկ, որ տեսնի՝ ինչն ինչոց է, կարծեմ ՎՏԲ բանկն է, այնտեղ ասացին, թե նրա դիմումը կորել է, նորից դիմում գրի, որ արխիվից թղթերդ, գրքույկդ հանենք: Դիմումն էլ գրելուց որոշ ժամանակ հետո էլ ասեցին՝ գնա «Փարոս», գործերդ «Փարոս» ներկայացրու, կնոջ բոլոր փաստաթղթերով կգաս: Այս ամբողջ տանել-բերելն էլ մոտ մեկ ամիս տեւեց: Դրանից հետո էլ ասացին, որ մեր բոլոր թղթերն ուղարկել են սոցապահովության ծառայություն, գնացեք էնտեղից տեղեկություն ստացեք»,- պատմում է տիկին Նելլին ու նշում, որ այդ ամբողջ քաշքշուկը մի քանի ամիս է տեւել: Տիկին Նելլին վստահեցնում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ասել են, որ իրենց գումարը փոխանցված է, կարող են դիմել համապատասխան փոստ եւ ստանալ, սակայն փոստում էլ տարեց ամուսիններին վստահեցրել են, որ գումարը դեռ փոխանցված չէ:

«Ախր, եղածն ընդամենը 5 հազար ռուբլի է, ինչու են ամեն ինչ բարդացնում: Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ով է ստում, ով՝ ճիշտ ասում, գումարը փոխանցվա՞ծ է, թե՞ ոչ»:
Այս առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Մնացական Հովհաննիսյանի ընտանիքը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվել է 2014 թվականի հունիս ամսին, սոցիալական ծառայությունների Կենտրոնի տարածքային բաժնում: Ըստ նախարարության՝ հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են ամսական պարբերականությամբ՝ ՀՀ պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան: Պարոն Հովհաննիսյանը այս տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ ընդգրկված է ավանդատուների ընդհանուր ցուցակի 5572 հերթական համարում: Հոկտեմբեր ամսվա վճարման դրությամբ ավանդի դիմաց փոխհատուցում ստացել է շուրջ 4914 անձ:

Իսկ թե 88-ամյա Մնացական Հովհաննիսյանի հերթը կոնկրետ որ օրը կամ որ ամսին կհասնի՝ դժվար է ստույգ ասել, քանի որ դա կախված է, թե տվյալ ամսում որքան գումար է փոխանցված, եւ որքան է կազմում ավանդների ծավալը: Այսինքն՝ հնարավոր է տվյալ ամսում մեծ ծավալի լինեն ավանդների գումարները, ասենք՝ 10 հազար ռուբլի, 20 հազար ռուբլի, իսկ այդ ամսվա փոխանցված գումարն ուղղակի չբավականացնի այդ մեծ ծավալով գումարների վերադարձի համար: Սա նշանակում է, որ Հովհաննիսյանը ստիպված է լինելու համբերատար սպասել, ինչպես որ սպասում էր այս տարիների ընթացքում: «Բայց ամուսինս ծանր հիվանդ է, ամեն վայրկյան հնարավոր է սրվի վիճակը, եւ անհապաղ վիրահատություն անեն, իսկ մենք այդքան գումար չունենք. ամեն օր նրա կյանքին վտանգ է սպառնում, Աստված չանի՝ մի բան լինի, ես որպես ժառանգորդ ստանալու եմ այդ գումարի կեսը, այդպես են ասել մեզ: Եթե ամուսնուս դիմումը կորցրած չլինեին, ու մենք ամիսներ չծախսեինք գրքույկը վերականգնելու համար, հիմա երեւի ստացած կլինեինք գումարը»,- նեղսրտած ասում է Հովհաննիսյանի կինը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930