Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի կեսն են ասֆալտապատել

Նոյեմբեր 14,2014 15:30

Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչների ուրախությունը կարճ տեւեց. փողոցի ասֆալտապատումը չսկսված՝ ավարտվեց: Շինարարները հավաքեցին գործիքներն ու հեռացան՝ փողոցի մյուս կեսը թողնելով առանց ասֆալտապատման:

Այդ փողոցով երթեւեկելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում ցատկոտել ջրափոսերի վրայով, ավտոմեքենաների վարորդներն էլ ծուռումուռ են երթեւեկում, որ ավտոմեքենան ջարդուխուրդ չանեն: Փոսերի մի մասը փակվել է, սակայն փողոցի այն հատվածը, որտեղ դեռ ասֆալտապատված չէ, նույն վիճակն է:

Բնակիչների դժգոհություններին ի պատասխան՝ Շենգավիթ վարչական շրջանից հայտնել էին, որ փողոցն ընդգրկված է այս տարվա ասֆալտապատման ծրագրում, սակայն հստակ ժամանակացույց չէին նշել: Մոտ մեկ ամիս առաջ նշյալ փողոցի բնակիչները մեծ ուրախություն էին ապրել՝ տեսնելով, որ փողոցը ասֆալտապատվում է, սակայն, չգիտես ինչու, ոչ այնքան երկար փողոցի բարեկարգումը կիսատ է մնացել: Բնակիչների խոսքերով՝ երկար տարիներ սպասելուց հետո գործը կիսատ-պռատ արվեց: Ըստ նրանց՝ մութն ընկնելուն պես փողոցով քայլելը ավելի վտանգավոր է դառնում, քանի որ, բացի այն, որ փոսեր են, փողոցում լուսավորություն էլ չկա:

«Մեր փողոցում մանկահասակ եւ մեծահասակ բնակիչներ շատ կան, որոնք դժվարանում են հատկապես անձրեւային եղանակներին, ձնին ու սառույցին դուրս գալ: Կենտրոնական փողոցներն ամեն տարի քանդում նորից ասֆալտապատում են, այս մի փոքրիկ փողոցն ինչ էր, որ կիսատ թողեցին: Քաղաքային իշխանությունները մեծ-մեծ խոստումներ ու հաշվետվություններ են տալիս, թե իբր՝ այսքան միլիոն քառակուսի մետր ասֆալտ են արել, բա էդ միլիոններից մեզ մի քանի հարյուր մետր էլ բաժին չի՞ ընկնում»,- հարցնում են բնակիչները:

Թե ինչու են Ներքին Շենգավիթ 2-րդ փողոցի ասֆալտապատումը կիսատ թողել՝ «Առավոտի» հարցին Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի ղեկավար Սարգիս Սարգսյանը պատասխանեց, որ ասֆալտապատումը կիսատ է կատարվել, քանի որ այդ փողոցում ջրագծերը փոխելու աշխատանքներ պետք է կատարվեն, եւ որպեսզի չասֆալտապատեն, հետո նորից ջրամատակարար ընկերությունը քանդի, որոշել են ասֆալտապատման կեսը տեղափոխել մյուս տարի: Ըստ պարոն Սարգսյանի՝ ջրագծերը փոխվելու են, ջրաչափերը դուրս հանվեն, բայց դա այս տարվա ընթացքում դժվար թե կատարվի, քանի որ ջրամատակարար ընկերությունը ծանրաբեռնված է աշխատում եւ կոնկրետ Շենգավիթում հսկայական տարածքներով ջրագծեր է փոխում:

Եթե փողոցը մասամբ ասֆալտապատվեց, ապա այս փողոցի լուսավորության հարցն ընդհանրապես ընդգրկված չէր այս տարվա ծրագրում:

Սեփ.լր.

Լուսանկարը` արխիվային

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930