Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ միգրանտների քննությունից. ո՞ր ռուս իշխանի կողմից եւ ո՞ր թվին է ընդունվել քրիստոնեությունը Ռուսաստանում

Նոյեմբեր 14,2014 15:00

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու որոշումից, կարելի է ասել, ավելի շատ ոգեւորվեցին, ուրախացան Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնողները:

«Առավոտի» հետ զրույցում արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը լիահույս են, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայ միգրանտների համար Ռուսաստանի դռները բաց են լինելու, շատ հանգիստ աշխատանք կգտնեն, կեցության համար փաստաթղթավորումն էլ կդյուրացվի:

Ռուսաստանն իրոք որոշակի դյուրացումներ նախատեսել է միգրացիոն ծառայության ոլորտում, բայց այնպես չէ, որ հայերի կամ այլ ազգի միգրանտների համար Ռուսաստանում ռուսներին հավասար կարգավիճակ է տրվելու:

«Առավոտի» հետ զրույցում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծիք է հայտնում, որ այն փոփոխությունները, որոնք հիմա կատարվում են ՌԴ միգրացիոն ոլորտում, հույս չեն ներշնչում, թե մեր միգրանտների վիճակը կբարելավվի:

Պարոն Եգանյանն ասում է՝ օրերս Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում միջազգային գիտաժողով էր ընթանում, որին մասնակցում էին նաեւ ռուսաստանցի գիտնականներ, որոնք միգրացիոն հիմնահարցերով են զբաղվում. «Իրենց գնահատականներն ասեմ՝ իրենք էլ լավատեսորեն չեն գնահատում այդ փոփոխությունները: Էական փոփոխություն չի էլ լինելու, նույն օրենքներն են գործելու»:
Ժողովրդագրի ներկայացմամբ՝ միգրանտներից պահանջվելու է լեզվի իմացություն, նրանք պետք է տիրապետեն ազգային առանձնահատկություններին, այսինքն՝ այսօր անցում է կատարվել լեզվի իմացության քննության, ռուս պատմության քննության. «Գիտաժողովի մասնակից իմ ռուս գործընկերներից մեկը ներկայացրեց միգրանտների համար նախատեսված հարցաշարերը, հարցերից մեկը՝ ո՞ր ռուս իշխանի կողմից է ընդունվել քրիստոնեությունը Ռուսաստանում եւ ո՞ր թվականին: Դուք գիտե՞ք՝ որ ռուս իշխանի, դե հա, կան մարդիկ, որ կիմանան՝ այդ իշխանը Վլադիմիր Սվյատոսլավովիչն է, 988 թվականին քրիստոնեությունը հռչակեց Ռուսաստանում պետական կրոն, բայց արտագնա աշխատանքի մեկնողները դժվար թե իմանան: Այնպես որ՝ Ռուսաստանն անորոշության դաշտ է, մինչեւ անգամ իրենց պաշտոնյաներն էլ չեն հասկանում վիճակը: Մասնագետներն ու գիտնականները հասկանում են, որ առանց միգրացիոն հոսքերի Ռուսաստանը ապագա չունի, նաեւ ժողովրդագրական առումով»:

Մեր դիտարկմանը, որ Ռուսաստանը մեծ աշխատուժի կարիք ունի, բայց մյուս կողմից էլ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծում, պարոն Եգանյանն ասում է. «Այո, իրենք չեն կարող առանց դրսի աշխատուժի, սա հարկավոր է իրենց տնտեսության զարգացման համար, այս բոլորով հանդերձ՝ իրենք ունեն քաղաքական խնդիրներ, քաղաքական նկրտումներ եւ այլն, այլն: Ընդ որում, եկվորներն իրենց համար քաղաքական զենք են, որը չեն ուզում վայր դնել: Այդ զենքը ժամանակ առ ժամանակ օգտագործվում է բնակչության ուշադրությունը իրական հիմնախնդիրներից շեղելու համար, իրենց բացասական ծանր երեւույթները սրանցով բացատրելու համար: Դա շատ հին, բանալ սկզբունք է՝ բաժանիր, որ տիրես, իրենց դեպքում՝ որ իշխես»:

Ժողովրդագիրը նկատում է, որ այդ խնդիրների առկայության դեպքում, այսինքն՝ միգրանտների եւ ռուսների միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող «հակամարտությունների», ռուսական իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում՝ թե ինչպես կարելի է միգրանտների ու տեղաբնակների խաղաղ բնակություն հաստատել, որպեսզի հարաբերությունների սրացում չլինի:

Արդյոք այդ բարդ հարցաշարը կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում՝ մեր այս հարցին Ռուբեն Եգանյանն ասում է՝ բյուրոկրատական համակարգ է, եւ ընդհանրապես՝ համակարգը ինչ-որ մի պահից սկսում է դառնալ ինքնանպատակ համակարգ. «Հիմա, որ նման բարդ քննություն են դրել, խնդիր են սարքում, հերթական կոռուպցիոն ռիսկն է: Նույն միգրանտը չի սովորելու, թե ով է Վլադիմիր Սվյատոսլավովիչը. սա բերելու է նրան, որ արտագնա աշխատանքի մեկնողների մի մասն այդ հաշվարկներն անելով չի գնա, բայց չգնալն էլ լուծում չէ, այստեղ պետք է նրանց աշխատանք առաջարկեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ եք բարդացնում, ես ինքս Օրյոլում նույնատիպ քննություն եմ տվել, և ինձ հետ հայ և այլազգի անձինք: Եղել է բարեհաճ վերաբերմունք: Հարցերը կազմվում են հաշվետվության համար, հիմնականում ընթանում է զրույց, պարզելու անձի շփման և կոնտակտի մեջ մտնելու հնարավորությունը ռուսական միջավայրում: Ավելի շուտ վերաբերամունքը կախված է այն իրողությունից, թե տվյալ մարզը աշխատուժի ինչ կարիք ունի:Այլ բան է մերոնց ինքնաբացահայտումը այնտեղ: Հիմնականում նորմալ է, բայց առանց ճչան դրսևորումների չի լինում, երբ ամաչում ես ասել, որ քո հայրենակիցն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930