Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբանոցից հայտնաբերված ռետինե ձեռնոցները՝ հանցագործության կատարման միջո՞ց

Նոյեմբեր 14,2014 14:30

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արամ Ֆրունզիկի Մաթանյանի եւ Պերճ Հակոբի Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Երկու ամբաստանյալներն էլ օրեր առաջ արդարացվել են դատավոր Մեսրոպ Մակյանի դատավճռով:

Արամ Մաթանյանի պաշտպանությունն իրականացրել է Վահագն Մանուկյանը (լուսանկարում), իսկ Պերճ Մկրտչյանինը՝ հանրային պաշտպանի գրասենյակից՝ Կարեն Մանուչարյանը:

vahagn

Վահագն Մանուկյանն իր պաշտպանական ճառում հայտնեց, որ իր պաշտպանյալը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, այն բանի համար, որ նա իբր «ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով» Պերճ Մկրտչյանի հետ, անցյալ տարվա հուլիսի 4-ին, գնացել են Ե. Քոչարի փողոցի 9 շենքի բակ, որտեղ գողություն կատարելու համար, նպատակ ունենալով ապօրինի մուտք գործել նույն շենքի 5-րդ մուտքի երկրորդ հարկում գտնվող Սերգեյ Մուրադյանին պատկանող բնակարան, Պերճ Մկրտչյանը բարձրացել է 1-ին հարկի պատուհանի ճաղավանդակի վրա, ապա նախապես իր հետ վերցրած մետաղյա ձողով փորձել է բացել վերը նշված բնակարանի պատուհանը, իսկ Արամ Մաթանյանն այդ ժամանակ գտնվել է պատուհանի տակ` ապահովելով Պերճ Մկրտչյանի անվտանգությունը: Նրանք, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ դեպքի վայրում բռնվել են ոստիկանության աշխատակիցներ Ալեքսանդր Հակոբյանի եւ Էդգար Շահնազարյանի կողմից եւ բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Մեղադրանքի կողմը միջնորդել էր Արամի նկատմամբ պատիժ նշանակել վեց տարի ժամկետով ազատազրկում:

«Մեղադրանքի կողմի դատական ճառին ծանոթանալով, կարող եմ ասել, որ դրանում արձանագրված փաստերն ու պատճառաբանությունները ոչնչով չեն տարբերվում մեղադրական եզրակացությունից, իսկ դատախազի կողմից քրեական գործի նյութերի, դատարանում հետազոտված ապացույցների վերլուծությունը ընդամենը կրել է ձեւական բնույթ, բովանդակության առումով իր մեջ չպարունակելով ոչ մի առարկայական իրավական վերլուծություն եւ դրան արժանի գնահատկան, ինչը հաստատվում է ներքոհիշյալ հստակ փաստարկներով»,-իր ճառում ասել է Վ. Մանուկյանը:

Ըստ պաշտպանի, նախաքննության եւ դատաքննության ընթացքում Ա. Մաթանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, պնդելով, թե հուլիսի 4-ին, ժամը 02:00-02:30-ի սահմաններում, իրեն է զանգահարել ընկերը՝ Պ. Մկրտչյանը, եւ խնդրել է գալ Եր. Քոչարի փողոցի 9-րդ շենքի բակ` «Գեներալի» խանութի մոտ: «Հասնելով նշված վայր՝ նկատել է Պերճ Մկրտչյանին երեք անձանց հետ զրուցելիս: Մոտենալով նրանց` վերջիններս ներկայացել են որպես Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցներ եւ իրենց բերման են ենթարկել նույն ոստիկանության բաժին: Ինչպես նշել է Արամ Մաթանյանը, նա Պերճ Մկրտչյանի հետ որեւէ հանցավոր համաձայնության չի եկել, որեւէ գողության փորձ չեն կատարել, որպես հանցագործության գործիք չեն ունեցել եւ որեւէ մեկի բնակարան մուտք գործելու փորձ չեն կատարել»,-հավելել է նա:

Ի դեպ, այս գործով տուժող Սերգեյ Մուրադյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ հուլիսի լույս 4-ի գիշերը գտնվել է իր տանը: Ժամը 02:30-ի սահմաններում պառկել է քնելու. «Ժամը 04:50-ին արթնացել է մուտքի դռան թակոցից: Ոստիկանության աշխատակիցներից իմանալով, որ գողություն է կատարվել, մանրամասն ուսումնասիրել է տան իրերը, համոզվելով, որ ոչինչ չի պակասել: Դեպքի վայրի զննության ժամանակ, երբ որ բացվել են հյուրասենյակի պատուհանները, բուխարիկից երրորդ պատուհանի դրսի կողմի մակերեսին հայտնաբերվել են քերծվածքներ: Այդ կապակցությամբ, տուժողը հայտնել է, որ այդ քերծվածքների առաջացման վաղեմության մասին իրեն հայտնի չէ»:

ՀՀ ոստիկանությունում հաղորդում տված եւ որպես վկա հարցաքննված Աիդա Այդինյանն էլ, ըստ պաշտպանի, ցուցմունք է տվել այն մասին, որ «դեպքի» օրվա գիշերը, ժամը 02:35 սահմաններում, գտնվել է իր տանը, պատուհանից նայել է դեպի բակ եւ աղբանոցի հարեւանությամբ նկատել է կանգնած երկու տղամարդու, որոնք անընդհատ գնացել-եկել են, ինչն իրեն կասկածելի է դարձել ու հիմք է հանդիսացել ոստիկանություն ահազանգելու համար: Ինչպես նշել է վկան դատարանում, վատ տեսողության հետեւանքով այդ անձանց դեմքերը չի նկատել եւ, հետեւաբար, նրանց արտաքին տվյալները չի կարող նկարագրել:
Պաշտպանն անդրադարձել է ոստիկանության աշխատակիցներ Ալեքսանդր Հակոբյանի եւ Էդգար Շահնազարյանի եւ մյուսների ցուցմունքներին: Ըստ նրա. «Դրանք լիովին առարկայազուրկ են, իրենց մեջ որեւէ առարկայական, ապացուցողական նշանակություն չունեն եւ դրանք ոչ մի կերպ չեն կարող դրվել իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում»:

Նշված վկա-ոստիկանները ցուցմունք են տվել այն մասին, որ ժամը 02:30-ի սահմաններում ահազանգ ստանալով՝ մեկնել են դեպքի վայր, որտեղ տեսել են իր պաշտպանյալին՝ ընկերոջ հետ միասին կանգնած: Դուրս գալով մեքենայից եւ մոտենալով վերջիններիս՝ լսել են զրնգոց, որից հետո Արամին եւ Պերճին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:
«Անդրադառնալով Ա. Հակոբյանի եւ Է. Շահնազարյանի ցուցմունքներին, ապա հարկ եմ համարում նշել, որ իմ պաշտպանյալի եւ Պերճ Մկրտչյանի մեղքը կատարված հանցանքում իբր հաստատվել է ձեռքերի անկանոն շարժումներով եւ շփոթված պատասխաններ տալու միջոցով: Այս հանգամանքն ամենեւին որեւէ առնչություն չունի եւ պատճառահետեւանքային կապի մեջ չի գտնվում նրանց մեղսագրված հանցանքի հետ: Եվ քրեաիրավական առումով «շփոթված պատասխանելն ու ձեռքերի անկանոն շարժանումներ կատարելը» որեւէ կերպ նախատեսված եւ ներառված չէ գողություն կամ դրա փորձ կատարելու հանցակազմում: Բացի դա, եթե Արամ Մաթանյանը եւ Պերճ Մկրտչյանը հերքել են իրենց կողմից գողություն կատարելու փաստը, ապա անհասկանալի է, թե մեղադրանքի մարմինը ինչպես է հիմնավորված համարել նշված անձանց կողմից նախապես հանցավոր համաձայնության գալու հանգամանքը եւ նման կերպ ձեւակերպվել է մեղադրական եզրակացության մեջ»,-ասում է պաշտպանը:

Ի դեպ, ամբաստանյալները դատարանում պնդել են, որ ոստիկանը նշված օրը դեպքի վայրում չի եղել եւ իրենց բերման չի ենթարկել ոստիկանություն:

«Բացի դա, ամառվա եղանակին զբոսնելիս Երեւանի բակերից մեկում գտնվելն ամենեւին հիմք չի կարող հանդիսանալ անձին գողության փորձ կատարելու մեջ կասկածելու ու այդ իսկ պատճառով ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար»,- իր ճառում ասել է պաշտպան Մանուկյանը:

Պաշտպանական կողմն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալները եղել են սթափ վիճակում, փախուստի փորձ չեն կատարել, ոստիկանության աշխատակիցներին որեւէ դիմադրություն հանդես չեն բերել, ինչը եւս մեկ անգամ վկայում է այդ իրավապահ մարմնի ներկայացուցիչների ցուցմունքների շինծու եւ ոչ արժանահավատ լինելու մասին: Գործով չի եղել որեւէ ուղղակի ականատես վկա, ով, ըստ պաշտպանի, կհաստատեր Ա. Մաթանյանի կողմից գողություն կամ բնակարան մուտք գործելու փորձ կատարելու փաստը: Իսկ գործով մյուս մեղադրյալ Պ. Մկրտչյանն իրավապահ մարմիններին ուղղված իր դիմում-բողոքներում եւ ցուցմունքներում ուղղակի հաստատել է, որ Արամ Մաթանյանի հետ ոչ մի նախապես հանցավոր համաձայնության չի եկել գողություն կատարելու հարցի շուրջ, ինչը, որպես հերթական ապացույց, սոսկ վկայում է իր պաշտպանյալի անմեղության մասին:

Վահանգն Մանուկյանն ասում է, որ քրեական գործի նախաքննությամբ մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ դեպքի վայրի աղբանոցից հայտնաբերված հինգ հատ ռետինե ձեռնոցները հանդիսացել են իրեղեն ապացույցներ: «Նախ եւ առաջ, ըստ քրեական գործում եղած լուսանկարների, դեպքի վայրի աղբանոցում նաեւ եղել են բազմաթիվ ծխախոտի գլանակներ, տուփեր եւ այլ իրեր: Այս դեպքում, անհասկանալի է, թե քննիչը այդ ռետինե ձեռնոցների հետ միասին ինչո՞ւ չի առգրավել աղբանոցի ողջ կույտը ու ինչո՞վ է պայմանավորված միայն այդ ռետինե ձեռնոցների հարցը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աղբանոցում առկա օգտագործված ծխախոտի գլանակները նույնպես կարող էին թողնված լինել Արամ Մաթանյանի, Պերճ Մկրտչյանի կամ հարակից շենքերի բնակիչների կողմից: Եվ, եթե այդ ձեռնոցները հայտնաբերվել են աղբանոցում, ինչպես արձանագրել է քննիչը, այս դեպքում ի՞նչ դեպքի վայրի մասին կարող է խոսք գնալ եւ նշված իրերը ի՞նչ կապ կարող են ունենալ այս գործի հետ»,- հարցնում է պաշտպանը:

Բացի դա, անտեսվել է մի «զավեշտալի հանգամանք», որ այդ ձեռնոցների քանակը թվով հինգ հատ է, որի պայմաններում այդ հինգ հատ ձեռնոցների օգտագործումը ընդամենը երկու հոգու կողմից՝ չի բխում տրամաբանությունից: Միայն այս փաստը վկայում է այն մասին, որ այդ ձեռնոցները որեւէ կապ ու առնչություն չեն ունեցել այս գործի հետ, եւ հանդիսացել են արհեստական նախապայման` նրա պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ նրանց ամիսներ շարունակ կալանքի տակ պահելու համար:

Այս գործով, դեպքի վայրից հայտնաբերված եւ առգրավված իրերը տեղում չեն փաթեթավորվել ու կնիքվել եւ ընթերակաների ստորագրությամբ չեն հաստատվել:
Հաստատվել է այն, որ 14 ժամ Արամ Մաթանյանն ապօրինի կարգով զրկված է եղել ազատությունից եւ ազատ տեղաշարժվելու իր իրավունքից եւ օրենքի բացահայտ խախտմամբ՝ «որպես պատանդ» պահվել է ոստիկանությունում:

Դեպքի վայրի զննությանը մասնակցած ընթերականեր Վարուժան Գառնիկի Խոջագորյանի եւ Ազատուհի Սերյոժայի Մինասյանի հարցաքննությամբ պարզվել եւ հաստատվել է, որ նշված անձինք երկուսով միասին ընդհանրապես դեպքի վայրի զննությանը մասնակից չեն եղել, իրենց հայտնի չէ, թե վարույթ իրականացնող մարմինը որտեղ ինչ է զննել, ինչ չափագրումներ է կատարել, ինչ է լուսանկարահանվել: Եվ ամենակարեւորը՝ դեպքի վայրում իրենց ներկայությամբ ոչ մի պտտուտակող բանալի չի հայտնաբերվել, չի առգրավվել, փաթեթավորվել ու կնիքվել: Այս ընթերակաների հարցաքննությամբ պարզվել է, որ ըստ էության դեպքի վայրի զննություն չի կատարվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930