ART PR-ի նախագահ Գայանե Դավթյանի դիտարկումները
Վերջերս «Դալան» ցուցասրահում կայացավ ART PR ընկերության շնորհանդեսը, որն էլ ուղեկցվեց Սերգեյ Փարաջանովին նվիրված բացառիկ լուսանկարչական ցուցահանդեսով։
«Առավոտը» ART PR-ի նախագահ Գայանե Դավթյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ որոշեցին հենց արվեստագետներին PR եւ մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերություն ստեղծել, արդյոք մտահոգությունն այն էր, որ մշակույթ քի՞չ է քարոզվում:
«ART PR-ը ստեղծվեց այն նպատակով, որպեսզի աջակից դառնա արվեստագետին, հայ արվեստագետն ամենաքիչ լուսաբանվող ոլորտից է, հանրությանն ամենաքիչ ներկայացվող մարդ, դրա համար էլ որոշեցինք, որ կանգնենք նրա կողքին եւ մատուցել պրոֆեսիոնալ ծառայություններ: PR եւ մարքեթինգային ծառայությունները վաղուց ընդունված երեւույթ են եվրոպացի արվեստագետի համար, եթե ինքը որոշում է ինչ-որ միջոցառում անել, կապվում է որեւէ ընկերության հետ, որը կկազմակերպի ամբողջ պրոցեսը, սկսած հրավիրատոմսեր տպագրելուց, մեդիայի հետ աշխատանքից՝ վերջացրած ցուցահանդեսի կազմակերպմամբ: Ցավոք, հայաստանյան իրականության մեջ արվեստագետը զբաղվում է ամեն ինչով՝ ռեժիսորը նկարում է իր ֆիլմը, հետո շնորհանդես անում, գրողը գրում է իր գիրքը, շնորհանդես կազմակերպում, մեդիայի հետ երբեմն չստացված կապեր են լինում, հետո իրենք բողոքում են, թե հրավիրեցին լրատվամիջոցներին եւ նրանք չեկան: Այս ամենը պետք է պրոֆեսիոնալ ներկայացվի, ոչ թե տնավարի, ձեռքի հետ արվի: Օրինակ, «դրսում» շատ հետաքրքիր բան կա՝ արվեստագետը պատմում է իր պատմությունը, որը կոչվում է life story, եւ այդ պատմությամբ փորձում է տպավորություն գործել հանրության վրա:
Կարդացեք նաև
Հայաստանում այդ պատմությունները չկան, մենք քիչ գիտենք ժամանակակից արվեստագետներին: Պետք է իրենց համար ոչ թե ստեղծել մեկական միջոցառում, ցուցահանդես կամ գրքի շնորհանդես, այլ տարեկան կտրվածքով մշակել փաթեթներ, որպեսզի արվեստագետը ժամանակ առ ժամանակ երեւա արվեստի հետ կապված իր փոքրիկ պատմություններով»,- հայտնեց Գայանե Դավթյանը:
Իսկ դաշտը, տրամադրությունները զգալու նպատակով սոցհարցումներ, ուսումնասիրություններ արվե՞լ են՝ պարզելու համար, թե ինչքանով են մարդիկ ծանոթ հայ ժամանակակից արվեստագետներին: «Մենք մի հարցախույզ ենք անցկացրել հետեւյալ թեմայով՝ ընդհանրապես արվեստագետ ասելով հասկանում ենք Մարտիրոս Սարյա՞ն, Մինա՞ս, Մհեր Մկրտչյա՞ն, թե՞ նաեւ ժամանակակից արվեստագետներին… Ցավոք, հանդիպեցինք տխուր պատկերի՝ պարզվում է՝ չափազանց քիչ գիտենք մեր ժամանակակից արվեստագետներին, եւ սա այն դեպքում, երբ ունենք ժամանակակից տաղանդավոր արվեստագետներ, հետաքրքիր մտածող մտավորականներ, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ, որոնք պարզապես փակված են իրենց արվեստանոցներում եւ գրասեղանների առաջ: Իմիջիայլոց, հանդիպեցինք իրենց ռեակցիաներին, իրենք ուղղակի ծափահարեցին մեր գաղափարը, ինչն ինձ համար հաճելի ու անսպասելի էր: Շատ արվեստաբաններ էլ ցուցահանդեսի կարծիք հայտնեցին, որ սա Հայաստանում դեռեւս ձեռք չտված ոլորտ է»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Գայանե Դավթյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ հենց Փարաջանովով որոշեցին ազդարարել իրենց ընկերության մասին: «Մենք ուզում էինք որեւէ հետաքրքիր ակցիայով շնորհանդես անել, ու մեկնարկը տրվեց Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարները ուկրաինացի հայտնի կինոօպերատոր եւ լուսանկարիչ Յուրի Գարմաշի հավաքածուից են: Նա Փարաջանովին նկարել է 1970թ. սկսած։ ART PR-ը չէր կարող անտարբեր անցնել Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանի կողքով, եւ սա լավագույն տարբերակն էր: Մենք փորձել էինք փարաջանովյան միջավայր ստանալ, նաեւ «Կար-չկար մի Փարաջանով» գրքից մեջբերումներ էինք փակցրել պատերին, «Նռան գույնը» ֆիլմի փոքրիկ ցուցադրությամբ, «Փարաջանով» գինիներով փարաջանովյան երեկո ստացանք՝ այդպես ներկայացավ ART PR-ը»,- ասաց նա:
Անդրադառնալով ցուցահանդեսի օրերին իրականացված լուսանկարների բարեգործական վաճառքին, Գայանե Դավթյանը նշեց, որ ստացված հասույթը տրամադրվելու է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող, ազատազրկված այն շնորհալի անչափահասներին, որոնք հաճախում են այդ կալանավայրում գործող «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»։ ART PR-ի նախագահի ձեւակերպմամբ, գաղափարն այն էր, որ Փարաջանովն ինքը կալանավայրում գտնվելու տարիներին է ստեղծել իր գլուխգործոց կոլաժներն ու նկարները, ձեռքի տակ գրեթե ոչինչ չունենալով։ Հավելենք, որ ցուցահանդեսին ներկա է եղել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան, որը շատ տպավորված է եղել գեղեցիկ միջոցառմամբ: Նա նշել է, որ ինքն էլ է Փարաջանովի երկրպագու եւ անչափ գնահատում է ցուցահանդեսի հասույթը դատապարտված շնորհալի պատանիներին ուղղելու գաղափարը:
Գայանե Դավթյանի համոզմամբ, վաղուց անցել են արվեստագետների՝ ոչ վճարունակ լինելու ժամանակները, եւ PR ծառայություններն այլեւս խորթ չեն նրա համար. «Վստահ ենք, որ նրանք պատրաստ են վճարել գրագետ ներկայանալու համար: Ժամանակակից արվեստագետներից շատերը դրսում ցուցադրվում են ու գիտեն, թե այդ ամենն այնտեղ ինչպես է արվում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Գայանե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
13.11.2014