Ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովը՝
Ռուբեն Հովսեփյանի փեսան, հաստատվել է Երեւանում
Գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի գեղարվեստական ոճի հիմնական հատկանիշը խոսքի պատկերավորությունն է, հուզականությունն ու արտահայտչականությունը: Նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, Մաքսիմ Նովիկովի՝ Էդ. Հայրապետյանի կոնցերտի մատուցման առումով կարելի է համեմատական անցկացնել հայ գրողի երկերի գեղարվեստական ոճի հետ:
Գրական եւ երաժշտական այս ստեղծագործությունների համեմատությունը հենց այնպես չէ. ճանաչված ալտահար Մաքսիմ Նովիկովը Ռուբեն Հովսեփյանի փեսան է եւ շուրջ 1 տարի է՝ ինչ ընտանիքով՝ կնոջ՝ նկարիչ Մոնիի եւ որդու հետ տեղափոխվել է Երեւան՝ մշտական բնակության: Համակարծիք լինելով «Առավոտի» դիտարկմանը, թե կոնցերտը զուտ տեխնիկապես, կարելի է ասել՝ համարյա անհաղթահարելի է, Մաքսիմ Նովիկովը հիշեց իր պրոֆեսոր Յուրի Բաշմետի խոսքը. «Ինչ ձեւերով ու եղանակներով ուզում ես մատուցի ցանկացած երկ, միայն թե համոզես ունկնդրին»: Ալտահարի խոսքերով՝ իսկապես, հայ կոմպոզիտորի այս կոնցերտը, որի առաջին կատարումն էր եւ նվիրված իրեն, մինչ այժմ ալտի համար գրված համաշխարհային գրականության եթե ոչ ամենաբարդ, ապա բարդագույն գործերից է: Ռեպլիկին, թե գոնե ծանո՞թ է աներոջ ստեղծագործություններին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Առայժմ այդ բացը լրացնում է կինս, եթե դա կարելի է բաց համարել, իսկ ընդհանրապես ցանկություն ունեմ ոչ միայն հայերեն շփվել, այլեւ ձեր լեզվով գրել ու կարդալ սովորել»:
Իսկ ինչպե՞ս որոշում կայացրեց հաստատվել Երեւանում: «Տարբեր տարիների սովորել, ապրել, գործունեություն եմ ծավալել Գերմանիայում, Չինաստանում, որտեղ կային ստեղծագործելու համար հիանալի պայմաններ: Բայց ուզում եմ, որ որդիս ստանա ընտանեկան, ավանդական դաստիարակություն, ինչը չեմ տեսել ոչ մի երկրում: Նաեւ վստահ եմ, որ նա իր պապից իմաստնություն կժառանգի: Հետո՝ ես ինձ համարում եմ հարավային մարդ. մանկությունս անցել է Սեւ ծովի ափին, կոնկրետ՝ Աբխազիայում, վերջապես, ամենակարեւորը՝ ինձ Երեւանում շատ հարմարավետ եմ զգում, մարդիկ զգացմունքային են, ջերմ…»:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Մաքսիմ Նովիկովը հիշեց այն տարիները, երբ իր երեւանյան համերգներում ներկա էին լինում Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը: Փոխանցեց Միրզոյանի խոսքն իր մասին. «Լարային կվարտետի բազում կատարումներ եմ լսել, բայց այս մեկնաբանման մեջ ինձ պարզապես հիացրեց ալտի պարտիան»: Հիշեց նաեւ արտերկրում ունեցած իր համերգները, հատկապես Ռիգայում անվանի երգեհոնահար Եվգենյա Լիսիցինայի հետ համագործակցությունը, իր իրականացրած փառատոները, ասաց, թե ինչ ոգեւորությամբ են ընդունել Ռիգայում Խաչատրյանական տրիոյի համերգները ու հատկապես նշեց ջութակահար Կարեն Շահգալդյանի հետ իր մտերմությունը: 2008-ին էլ մասնակցել է «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» փառատոնին, որտեղ հնչեցրել է հայ կոմպոզիտորների երկեր: Հիացած է մասնավորապես Վաչե Շարաֆյանի ալտի համար գրված սոլո ստեղծագործությամբ: Մաքսիմ Նովիկովը հաստատեց մեզ հասած այն տեղեկությունը, որ ինքը նաեւ ձայնագրություններ է իրականացնում, հայտնեց վերջերս Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի կատարմամբ իր կողմից արված Չաուշյանի, Բաբաջանյանի, Աճեմյանի երկերի ձայնագրությունների մասին: Իսկ թե պատրաստվո՞ւմ է դրանով գումար վաստակել, արվեստագետը պատասխանեց, որ նույնիսկ մեծ գումարի դեպքում չի ձայնագրի վատ երաժշտություն, հետո էլ ժպիտով հավելեց, թե իր մոտ ձայնագրվելը մեծ գումար արժի…
Հաստատեց տեղեկությունը, թե օրերս նա աշխատանքի է ընդունվել Ազգային օպերային թատրոնում՝ որպես պրոդյուսեր: «Առայժմ շատ փակագծեր չեմ բացի, կասեմ միայն, որ հիացած եմ ձեր օպերային թատրոնի ձայներով, օրերս էլ իմ հրավերով Երեւան է ժամանում հայտնի դերասան, օպերային ռեժիսոր Անդրիս Ժագարսը, որը 18 տարի ղեկավարել է Ռիգայի օպերային թատրոնը եւ ում հետ 2015թ., արդեն համաձայնություն եմ ձեռք բերել՝ Երեւանում Պուչինիի կամ Դոնիցետիի որեւէ օպերա բեմադրելու համար: Հաջորդ տարի Ռիգայում տեղի կունենա օպերային երգիչների ներկայանալի միջազգային մրցույթ, որին անպայման կմասնակցեն թե Երեւանի օպերային թատրոնի եւ թե կոնսերվատորիայի լավագույն ձայները: Պարոն Ժագարսը նույնպես հիացած է հայ օպերային ձայներով եւ պատրաստվում է մինչեւ կայանալիք մրցույթը ընտրված հայ երգիչների ձայնագրություններն անեմ ինքս՝ Ռիգա ուղարկելու նպատակով, քանի որ այդ մրցույթին մասնակցելու են 24 հոգի, որոնք ընտրվելու են նախապես ուղարկված CD-ների արդյունքում»,- հայտնեց Մաքսիմ Նովիկովը: Մեր զրուցակիցը վստահ է, որ ոսկին այդ մրցույթում հայերինն է լինելու:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.11.2014
Փեսան? այդ բառը տեղին չէր: