Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով

Նոյեմբեր 14,2014 12:30

Երեկ «Վահագնի» թաղամասի «Արարատ Վելլի» ակումբում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը, նվիրված Արեւմտյան Հայաստանից սերված եւ հետագայում Թիֆլիսում, Վրաստանում, Մոսկվայում գործունեություն ծավալած գերդաստանին։ Նրանք վաճառականական գործունեություն ծավալելով՝ սկսեցին իրենց շահածից բաժին հանել բարեգործությանը։ Մասնավորապես, Հովհաննես Անանյան-Հովնանյանը կառուցեց Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը, աջակից եղավ մշակույթին, աղքատախնամ հիմնարկներին։ Այս գերդաստանն իր բարեգործությունը շարունակեց ի դեմս Հովհաննեսի եղբոր՝ Ալեքսանդրի եւ նրա զավակների՝ Միհրանի եւ Աբգարի՝ Կովկասի բարեգործական միության խողովակներով։ Ալեքսանդրը այդ միության երկարամյա նախագահն էր։

Օրվա հիմնական բանախոսը՝ Արթուր Շահնազարյանը, ընդգծեց, որ նման գիրքը յուրօրինակ դասագիրք կարող է դառնալ այսօրվա բարերարների համար, քանի որ այնտեղ զետեղված նյութը հստակ ուրվագծում է ազգանվեր եւ հարուստ հայերի վարքագիծը, միտված հայանպաստ ծրագրային գործունեությանը: Փաստորեն, Անանյան–Հովնանյանների գերդաստանը բարեգործությունը դիտարկել է ոչ թե ժողովրդի առօրյա հոգսերի սպեղանի, այլ ծրագրավորված երկարաժամկետ գործունեություն՝ միտված հեռահար նպատակներին եւ հայրենիքի զարգացման ռազմավարությանը:

Ասվածի վկայությունը ցույց տվեց նաեւ ցուցադրված վավերագրական ֆիլմը («Անանյան-Հովնանյան. մոռացված ոտնահետքեր»), որը եւս մեկ անգամ ներկաներին բերեց այն համոզմունքին, որ նման հայ բարերարների կյանքն ու գործունեությունը հատկապես ուսանելի պետք է լինի մեր ժամանակներում, մերօրյա բարեգործների համար։
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ ճանաչված գործարար եւ բարեգործ Վահագն Հովնանյանը (նա աջակցել է գրքի տպագրությանը), ով եւս բարձր գնահատեց գիրքը եւ տեսաֆիլմը, ընգգծելով, որ դրանք հետաքրքիր ուղերձներ եւ դասեր են բերում մեր անցյալից եւ որոնց այսօր պետք է ականջալուր լինել։

Ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը, քանոնահարուհիներ Աննա Մանասերյանը եւ Աստղիկ Սմեցունցը։ Նրանք կատարեցին երգեր եւ երաժշտություն, որոնք սիրելի են եղել Անանյան-Հովնանյանների համար։

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար եւ բարեգործությանն առնչվող խորին խորհուրդներ է պարունակում։

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
13.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930