«Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի առաջին աշխատանքային տարվա արդյունքների ներկայացում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (այսուհետ` ԵՀՀ) իրականացրել են համատեղ ուսումնասիրություն ՀՀ պետական մարմիններում շահերի բախման վերաբերյալ:
Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում՝ չորս երկրներում (Մոլդովա, Հայաստան, Լեհաստան և Ուկրաինա) վեց գործընկեր կազմակերպությունների կողմից (Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Մոլդովա, Բատորի հիմնադրամ (Լեհաստան), Հանրային քաղաքականության ինստիտուտ (Ուկրաինա) և Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Ուկրաինա),Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (Հայաստան) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (Հայաստան):
Ուսումնասիրությունն իրականացվել է չորս հիմնական մեթոդներով՝ շահերի բախմանն առնչվող ՀՀ իրավական դաշտի վերլուծություն (ԹԻՀԿ), հարցում հանրային ծառայողների շրջանում (ԵՀՀ), հարցում պետական մարմինների շրջանում (ԹԻՀԿ), ֆոկուս խմբերի քննարկումներ (ԵՀՀ):
Կարդացեք նաև
Իրավական դաշտի վերլուծությունը բացահայտել է «շահերի բախման» սահմանման թերությունները, շահերի բախման իրավիճակները կանխարգելող և կարգավորող նորմերի անհստակություններն ու բացերը, հսկողության և պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, շահերի բախման կարգավորման ենթակա անձանց շրջանակի սահմանափակությունը, էթիկայի և շահերի բախման տարբերակված իրավակարգավորումները տարբեր պաշտոնյաների համար, էթիկայի հանձնաժողովների ոչ միասնական գործառույթները և լիազորությունների սահմանափակ լինելը և այլն:
Յոթ պետական մարմինների 134 քաղաքացիական ծառայողների շրջանում իրականացված հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվողների միայն 56%-ն է ճիշտ ընկալում շահերի բախման երևույթը: Հարցվողների 61%-ը կարծում է, որ կարելի է շահերի բախման իրավիճակում մասնակցել որոշման ընդունմանը: Նրանց մեծ մասը տեղյակ չէ, թե արդյոք համապատասխան պետական մարմնում առկա է կառույց, որը պատասխանատու է շահերի բախման կամ էթիկայի կանոնների համար կամ կարծում է, որ նման կառույց չկա: Հարցված քաղաքացիական ծառայողների միայն 24%-ն է նշել, որ մասնակցել է շահերի բախման վերաբերյալ որևէ սեմինարի:
Քսանվեց պետական մարմիններին (նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ, գլխավոր դատախազություն) ուղղված հարցումների պատասխանների վերլուծությունը ցույց է տվել այդ մարմիններում էթիկայի հանձնաժողովների ձևավորման հետ կապված թերացումները, դրանց անարդյունավետությունը, շահերի բախման վերաբերյալ ծառայողական և հանրային իրազեկման միջոցառումների բացակայությունը, նվերների ընդունման կանոնակարգումների թերությունները և այլն:
Ֆոկուս խմբի քննարկումը պետական կառույցների ներկայացուցիչների հետ, ըստ էության, հաստատել է իրավական ուսումնասիրության և հարցումների արդյունքում բացահայտված շահերի բախմանն առնչվող օրենսդրության թերություններն ու համապատասխան կառույցների անարդյունավետությունը:
Զեկույցը, լինելով նշված թեմային անդրադարձող առաջին հետազոտությունը, նպատակ ունի հանրային ուշադրության կենտրոնում պահել պետական մարմիններում շահերի բախման դեպքերը և նպաստել հանրային պահանջարկի ձևավորմանը` խնդրին համակարգային և ինստիտուցիոնալ լուծում ապահովելու նպատակով:
Զեկույցը հասանելի է էլեկտրոնային տարբերակով` ԵՀՀ և ԹԻՀԿ պաշտոնական կայքերում:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ