Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարան. Հովհաննիսյանների ընտանիքը օգտվում է ինչպես պետության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից

Նոյեմբեր 13,2014 22:00

Անահիտ Բախշյանի  կողմից տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ հայտարարության վերաբերյալ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի  տարածած «Վեց երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու» վերտառությամբ անհիմն հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տանը բնակվող ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքը մշտապես եղել և մնում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության և հոգածության ներքո:

Ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում՝ 8 անձով և, որպես բազմազավակ ընտանիք, ընդգրկված է պետական աջակցության ծրագրերում:

Մասնավորապես. 20.05.2013թ. ծնված երեխայի՝ Անահիտ Հովհաննիսյանի ծննդյան կապակցությամբ ստացել է 430000 դրամ միանվագ ծննդյան նպաստ, 50.000 դր. միանվագ օգնություն, մյուս երեխայի առաջին դասարան հաճախելու կապակցությամբ 25.000 դր.՝ հագուստի և այլ պարագաների գնման նպատակով: Բացի այդ, ամսական 68500 դրամի չափով ընտանեկան նպաստ է ստանում: Արմենուհի Մանուկյանի տղան՝ Ջիվան Հովհաննիսյանը ծառայում է բանակում, դուստրը և 2 ավագ որդիները ամուսնացած են: Վերջինները բնակվում են 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ընտանիքին նվիրաբերված Քանաքեռ 14 փողոցի 38 շենքի երկու բնակարաններից մեկում՝ հ. 39 երկսենյականոց բնակարանում:

Ինչ վերաբերում է ազատամարտիկի ընտանիքի նկատմամբ քաղաքային իշխանությունների վերաբերմունքին, ապա նշենք, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ նշված ընտանիքը մշտապես եղել է քաղաքապետարանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և անձամբ վարչական շրջանի ղեկավարի հոգածության  ներքո.

2011 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականը վարչական շրջանի կողմից պարբերաբար ստացել է դրամական աջակցություններ՝ ընդհանուրը 200.000 դրամի չափով:

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Հովհաննիսյանների ընտանիքի դպրոցահասակ երեխաներին վարչական շրջանի աշխատակազմի կողմից տրամադրվել են գրենական պիտույքներ, հագուստ, կոշկեղեն, նաև միջնորդագիր է ուղարկվել թիվ 173 դպրոց՝ երեխաներին ուսումնական  գրականությամբ անվճար աջակցելու համար:

Սեպտեմբերի 23-ին ազատամարտիկի երեխաներին օժանդակելու խնդիրը սոցիալական ապահովության վարչության կողմից քննարկվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի հետ և Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ առաջարկվել է օժանդակել ընտանիքին: Այնուհետև կատարվել է տնային այցելություն, երեխաների դպրոցական կարիքները հոգալու նպատակով տրամադրվել են ձմեռային կիսաճտքավոր կոշիկներ, գուլպաներ, տաբատներ, գրենական պիտույքներ, պայուսակներ` ըստ ընտանիքի ներկայացրած կարիքի, սակայն երեխաները  դարձյալ կանոնավոր չեն հաճախել դպրոց, չնայած օգտվում են նաև դպրոց տանող անվճար ավտոբուսից:

28.10.2014-ին վարչական շրջանի ղեկավարի և երեխաների հոր՝ Գ.Հովհաննիսյանի հետ քննարկվել է ընտանիքին աջակցելու նպատակով Խարբերդ թաղամասում բանջարեղենի կրպակի տեղադրման հնարավորությունը, Գ. Հովհաննիսյանը առաջարկել է իրենց տրամադրել մեկ կով, որով կհոգան ընտանիքի որոշակի պարենային խնդիրները, որի հնարավորությունը  նույնպես ներկայում քննարկվում է:

Չնայած ձեռնարկված միջոցներին, երեխաները կրկին բացակայել են դպրոցից՝ տարբեր պատճառաբանություններով: Ավելորդ չէ նաև նշել, որ հաճախակի բացակայությունների պատճառով ծնողները ամիսներ առաջ հրավիրվել են դպրոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել են բազմակողմանի օգնություններ և ծնողները վստահեցրել են, որ երեխաները կհաճախեն դպրոց, ինչում, սակայն, հետևողական չեն գտնվել:

Կանաց միամսյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, 03.04.2014թ. ՀՀԿ  կանանց խորհրդի նախագահ, ազգային ժողովի փոխխոսնակ Հ. Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը այցելել են քաղաքացու ընտանիք՝ շնորհավորելու բազմազավակ մայր Արմենուհի Մանուկյանին, և ընտանիքին տրամադրվել է դրամական օժանդակություն, հագուստ, նաև քաղաքապետի կողմից նվերներ նրանց նորածնին: Տեղեկատվությունը լուսաբանված է տարբեր լրատվամիջոցներով, նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։ Ի դեպ, այս տարի ընտանիքի մայրը ինքն է հրաժարվել երեխաներին ամառային ճամբար ուղարկելու քաղաքապետարանի կողմից արված առաջարկից:

Հարկ է նաև նշել, որ «Էրեբունի-Երևան 2796»  տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակներում քաղաքապետի հանձնարարությամբ ընտանիքին նվիրաբերվել է կենցաղային տեխնիկա:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ Նոր Խարբերդի 2-րդ փողոցի 11/1 տունը, որտեղ ներկայում բնակվում է ընտանիքը, գնվել է 2007 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից այդ նպատակով ընտանիքին տրամադրված շուրջ 25.0 մլն դրամով:

Ներկայացվածը թերևս բավարար է փաստելու, որ Հովհաննիսյանների ընտանիքը մշտապես օգտվել և օգտվում է ինչպես պետության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող սոցիալական աջակցության բոլոր ծրագրերից:

Մնում է միայն հավելել, որ ընտանիքը եղել և շարունակելու է մնալ քաղաքապետարանի հոգածության ներքո՝ այսուհետ ևս ընդգրկվելով սոցիալական ծրագրերում:

Ավելորդ չի լինի նշել, որ ցանկության դեպքում այս ամենին կարող էր տեղեկանալ նաև Երևանի ավագանու հարգարժան անդամ Անահիտ Բախշյանը, ինչը, սակայն չի արել՝ գերադասելով հիմնազուրկ ապատեղեկատվության տարածումը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930