Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը այսօր դատարանում շարունակում էր պնդել, որ անմեղ է, իսկ դատախազ Գեւորգ Գեւորգյանին մեղադրում էր տուժողին հովանավորելու մեջ:
«Դատախազը նպատակ ունի ցանկացած գնով դատապարտել ինձ, ինչու՞ չի միջնորդում իմ վրայից հանել բռնաբարության հոդվածը, ինչու՞ է հիմք ընդունում ամեն տարի բռնաբարվող կնոջ ցուցմունքը,- իր պաշտպանական ճառում նման հարցադրումներ ներկայացրեց նախկին ոստիկանը:
Նրա խոսքով, տուժողի ամբողջ ունեցվածքը կալանքի տակ է, նրան գումար էր հարկավոր, ինչի համար իրենից ու իր ծնողներից պահանջել է գումար, հետո էլ առաջարկել իրենց առանձնատունը իր անունով փոխել ու սպառնացել, եթե չանեն, ամեն գնով Վարագյանին դատապարտել կտա.«Նա դա պահանջել է նաեւ ինձ հետ հեռախոսով: Դրա համար եմ ես պահանջել նրա հեռախոսի զանգերի վերծանումները, որոնք չեն հանվել: Դա էլ է ցույց տալիս, որ այս գործը շինծու է»:
Ամբաստանյալը պատմեց նաեւ, որ ոչ տուժողի բնակարանի հարակից տարածքի պահակը, ոչ նշված տարածքի տեսախցիկները չեն արձանագրել իրեն դեպքի օրը այդ տարածքում:
Նա պատմեց, որ դեպքի օրը ինքը եղել է իր տանը ընկերուհու հետ: Դատախազն պնդեց, որ Վարագյանը իրականության չհամապատասխանող բաներ պատմեց.
Կարդացեք նաև
«Ամբաստանյալը հայտնում է, թե եղել է իր ընկերուհու հետ, բայց այդ աղջկա հեռախոսային վերծանումներից պարզ է դարձել, որ ընկերուհին այդ օրը չի եղել նրա տանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ