Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը վրդովվեց. «Ինձ դա՞ս եք տալիս ստեղ, դուք չգիտե՞ք ում եք բերել խորհրդարան»

Նոյեմբեր 13,2014 20:30

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր «Ժառանգությունը»: Հիմնավորումների մեջ նշված է, որ քվեարկության արդյունքների հաշվառման անկատար համակարգ է գործում:

ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ «Ո՞րն է եղել այդ անկատարությունը, որովհետեւ ես երկար տարիներ եղել եմ տարբեր ընտրական գործընթացներում եւ միջազգային փորձագետները նշում են, որ հատկապես այդ մասով զգալի առաջընթաց կա: Ի՞նչն է խնդիրը այդտեղ: Արդյոք վստահված անձանց, հանձնաժողովի անդամների, դիտորդների, որեւէ կերպ նրանց աշխատա՞նքն է խափանվել, թե՞ ընտրական օրենսգրքով հնարավորություններ են եղել, որ չեն իրականացվել»:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ հաշվառման գործընթացի ճշգրիտ ձեւն այն կլինի, որ միանգամից հրապարակվի ցուցակը, «եթե 200 հոգի են քվեարկել, գիտենք գոնե մի բան, որ 200-ը կմնա 200 ընտրող եւ վերջ: Այն սկզբնաղբյուրը, որը հետագայում տեղադրվում է, դա պետք է անառիկ պահենք: Հասնում ես մի անորոշ վիճակի, երբ տեսնում եք, որ կողքը մի հատ էլ 0 է ավելանում»:

Հիմնավորումներում նաեւ նշված է նախընտրական հավասար քարոզչության ապահովման մեխանիզմի անկատարությունը: Արայիկ Հովհաննիսյանն ասաց, որ միջազգային բազմաթիվ փորձագետներն էլ են ասում են, որ մեր ԸՕ-ով նույնիսկ նախընտրական շտաբների քանակը սահմանափակվել է, գովազդի տեղադրման վայրի, գովազդի չափի հետ կապված՝ վիճակահանություն, հեռուստատեսություն, ռադիո, կարծում եք՝ այդ ամենը անկատարության արդյո՞ւնք է: Ռուբեն Հակոբյանը օրինակներ բերեց խախտումների մասին. «Մինչեւ բողոքում էինք, մինչեւ գալիս պաստառը հանում էին, արդեն 5 օր անցնում էր: Այդ մարդիկ, ովքեր խախտել էին, որեւէ  պատասխանատվություն չէին կրում: Պոլիկլինիկաների վրա դնում են իրենց դեմքը փակցնում են, ասում են՝ սա իմ սեփականությունն է ՝ փակցրել եմ: Ի՞նչ անես, թողես ընտրարշավը ու  5 օր կորցնես, որ պատժվե՞ն, առավել եւս, որ խախտողը գիտի, որ չի պատժվելու: Հանրային հեռուստատեսությունը, որը մեր ընտրողների հաշվին է ապրում, դառնում է շատ կարեւոր գործիք վարչախմբի ձեռքին: Գնացեք նայեք, տեսեք ինչ են ցույց տալիս: Գնացեք այսօրվա ԱԺ-ի  նիստը նայեք, տեսեք ինչ են ցույց տալիս»:

Արայիկ Հովհաննիսյանը նաեւ հարցրեց՝ Ընտրական օրենսգի՞րքն է մեղավոր, որ դուք կամ չեք մասնակցում ՏԻՄ ընտրություններին կամ մասնակցում եք ու հաջողություն չեք ունենում: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց՝ այնքան կցանկանամ, որ դուք իշխանություն չլինեք ու տեսնեք, թե ՏԻՄ ընտրություններում այս մեխանիզմով գործող իշխանությունն ինչ սարսափ է բերում ընտրողների գլխին. «Կուզենամ ձեր մաշկի վրա զգաք, ինչքան էլ բացատրեմ՝ չեք ընդունի: Միակ ձեւը դա է, որ դառնաք ընդդիմություն»:

Ռուբեն Հակոբյանն իր պատասխանում նաեւ ասաց. «Ես խոսում եմ իմ փորձից: Ես տեսել եմ, որ այս անկատարությունները խեղաթյուրելու են ընտրությունների ընթացքը: Քանի որ երիտասարդ եք, չնայած ասում եք, որ շատ փորձ ունեմ, հավատում եմ, եթե մի քիչ իրական գետնի վրա կանգնեք, կհավատաք, որ ձեզ համար ավելի ճիշտ կլինի, որ նպաստեք, որ ընտրական մշակույթը մեզ մոտ ամրապնդվի»:

Արայիկ Հովհաննիսյանը վիրավորվեց. «Երբ պատասխան չեք ունենում, փորձում եք այլ դաշտ տեղափոխել: Ես շատ իրական եմ կանգնած: Ես եղել եմ տարբեր ընտրությունների մեջ, ես եղել եմ թեկնածու նաեւ, երբ իշխանություն չէի ներկայացնու եւ հաջողվել է հաղթել նաեւ այդ ընտրություններում: Կարող եք ծանոթանալ, կենսագրական բոլոր տվյալներս տեղադրված են: Կոչ կանեի պահպանել կոռեկտությունը: Պատասխանեք՝ Ընտրական օրենսգի՞րքն է մեղավոր, որ քաղաքական ուժերը չեն մասնակցել այս կամ այն ընտրություններին եւ արդյո՞ք դուք չեք վստահում հանձնաժողովի ձեր ներկայացուցիչներին եւ միակ պատասխանը ընտրությունների հետ կապված ցուցակների մեջ եք գտնում»:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այս օրինագիծը ներկայացրել եմ, որպեսզի այս պետությունը չթալանվի ձեր իշխանության կողմից, որպեսզի չկեղծեք ընտրությունները, գաք երեսպաշտությամբ զբաղվեք, որ ձեր երեխեքը նորմալ ընտրական մշակույթում ապրեն: Հիմա ինձ դաս եք տալիս, թե կոռեկտ եղեք: Դուք չգիտե՞ք ում եք բերել խորհրդարան, դուք ամաչում եք նրանց պահվածքից, ինձ դա՞ս եք տալիս ստեղ: Գնացեք նայեք, թե ոնց են արտահայտվում ձեր գործընկերները, ես ուզում եմ ձեզ փրկել, որ այդ բալանսից ազատվեք: Դաս եք տալիս ինձ: Պետք չի երեսպաշտությամբ զբաղվեք, առավել եւս, որ երիտասարդ եք: Մենք նախեւառաջ ձեր սերնդին ենք ուզում օգնել: Եթե չեք ընդունում՝ ձեր խնդիրն է: Շատ վատ է, որ ձեզ նման երիտասարդը կանգնել պաշտպանում է այս ընտրական համակարգը՝ իմանալով հանդերձ, թե ովքեր են խցկվում խորհրդարան: Աչք են փակում, գլուխ են խոնարհում իրենց ընկերների պահվածքի վրա, եկել այստեղ խոսում են պառլամենտական մշակույթից, ասում են՝ ամեն ինչ նորմալ է: Այո, մեղավոր չի Ընտրական օրենսգիրքը, մեղավոր  է այն իշխանությունը, որը քաղաքական կամք չունի: Պետությունը մեղավոր չի, իշխանությունն է մեղավոր, որը դուք եք ներկայացնում: Եվ եթե մենք քայլ ենք անում, ուզում ենք փրկել ձեզ այս աղտոտությունից: Մի քիչ շրջեք, տեսեք ինչ է կատարվում: Ասում է ով է մեղավոր՝ ձեր ատկատն է մեղավոր, ձեր կոռուպցիան է մեղավոր, ձեր բարոյական կերպարն է մեղավոր»:

Երբ Էդուարդ Շարմազանովը հորդորեց չվրդովվել եւ հարգել բազմակարծությունը՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Թող ինձ դասեր չտան, մանավանդ, որ դրա իրավունքը չեն վաստակել: Դաս տալու իրավունքը վաստակում են»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930