Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը ստրիպտիզի փորձ կատարեց: Նա նախ մեջբերեց բռնաբարված Կ. Բ.-ի ցուցմունքները:
«Նա նշել է, որ հանցագործը եղել է կապույտ աչքերով, ինչպես տեսնում եք, ես չունեմ չախկալ աչքեր, նշում էր, որ ունի շագանակագույն մազեր, իսկ իմ մազերը շագանակագույն չեն, դեղին ատամներով, ես որեւէ դեղին ատամներ չունեմ, կլոր քթով, իսկ իմ քիթը սլացիկ է, բարակ շրթունքներով, մոտենամ ցանկացածիդ, տեսեք, որ իմ շուրթերը բարակ չեն: Ասում էր սափրված մարմնով, էս էլ իմ մարմինը»,- ասաց նախկին ոստիկանն ու պատռեց հագի շորերը՝ ի ցույց դնելով մարմինը:
Նա ներողություն խնդրեց ու փորձեց իջեցնել տաբատը, որ համեմատի բռնաբարված կնոջ ներկայացրած հանգամանքներին: Բայց կարգադրիչները բռնեցին նրա ձեռքերը:
«Ձեզ կոռեկտության հրավիրեք, թե չէ կհեռացնեմ ձեզ դատարանից»,- միջամտեց դատավորը:
Դատական նիստի ավարտին, երբ դատարանը հայտարարեց վճիռը կայացնելու համար խորհրդակցական սենյակ գնալու մասին, Վարագյանը նախ դիմեց դատավորին՝ խնդրելով վճիռը կայացնելիս հիշել իր երեխաներին, թե ինչպես է վճռից հետո նրանց աչքերին նայելու.«Արդար վճիռ կայացրեք»:
«Չկասկածեք, որ այդպես էլ լինելու է: Ես բոլոր գործերով այդպես եմ անում»,- պատասխանեց դատավորն ու հեռացավ:
Հիշեցնենք, որ նախկին ոստիկանին սպառնում է 18 տարվա ազատազրկում:
Այսօր դատարանում մեղադրյալը պաշտպանական ճառով հանդես եկավ՝ պնդելով, որ ինքը իրեն վերագրվող հանցագործությունը չի կատարել
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ