Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորյուն Նահապետյանը թանգարանային նմուշ է». Ռուբեն Հակոբյան

Նոյեմբեր 13,2014 19:31

ԱԺ-ում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նախագծով առաջարկվում է անցում կատարել համամասնական ընտրակարգին: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հարցրեց՝ արդյո՞ք սա թույլ կտա իրացնել քաղաքացու ընտրվելու իրավունքը, ոչ թե կուսակցականների: Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իսկապես չկա բացարձակ գնահատման չափանիշ, թե ո՞րն է ավելի լավ՝ համամասնակա՞ն ընտրական համակարգ, թե՞ մեծամասնական: Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ յուրաքանչյուր պետություն, ելնելով իր առանձնահատկությունից, ինքն է որոշում, թե այդ պահին որն է ավելի համարժեք իր մենթալիտետին: Կան պետություններ, որտեղ միայն մեծամասնական ընտրակարգ է, եւ նրանց մտքով չի անցնում, որ ինչ-որ մեկը կարող է օգտագործել իր փողի քսակը, որպեսզի կեղծի ընտրությունները: Գործնականում, եթե կան առանձին քաղաքական դեմքեր, այդ մարդիկ միշտ կուսակցությունների ուշադրության կենտրոնում են, նրանց հրավիրում են: Բոլոր դեպքերում, մենք այսօր մեծապես տուժում ենք մեծամասնական համակարգից: Եթե դուք անուն առ անուն թվարկեք, թե վերջին տարիներին մեծամասնական ընտրակարգով ովքեր են եկել եւ իրենց ինտելեկտուալ կերպարով ինչքան են օրենսդրական գործունեություն արել…Մեկ-երկու հոգու կարող ենք ասել, օրինակ՝ Կորյուն Նահապետյանին չեմ կարողանում ուրիշ բան ասել, բայց իրենք թանգարանային նմուշներ են ընդամենը: Եթե թվարկեք ու ասեք, որ այս մարդկանցով, ինտելեկտուալ կարողություններով հարստացրել ենք մեր կենսագրությունը, կասեմ՝ ներողություն, սխալ բան արեցի ես: Վստահ եմ, որ չեք բերի»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց. «Կարծեմ ծանոթ եք Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին եւ դրանում ԸՕ-ին տրված գնահատականին: Այնտեղ նշվում է, որ ՀՀ ընտրական համակարգը չի ապահովում իշխանությունների փոփոխելիությունը: Կարեւոր չե՞ք համարում, որ ընտրական համակարգի հիմնական պահանջներն ամրագրվեն Սահմանադրության մեջ՝ որպես հիմնարար նորմ, որը կախված չի լինի, թե այդ պահին ով է իշխանություն, ով է ընդդիմություն»:

Արծվիկ Մինասյանը նաեւ անդրադարձավ կուսակցությունների ներքին ժողովրդավարությանն ու ֆինանսավորմանը. «Այսօրվա «Կուսակցությունների մասին» օրենքով 1 ընտրողին 1 տարվա ընթացքում կուսակցություններին հատկացվում է ընդամենը 30 դրամ, որպեսզի որեւէ կուսակցություն կարողանա աշխատել դրա շրջանակներում: Այն դեպքում, երբ օրինակ ՀԿ-ների համար տարեկան բյուջեով նախատեսված է 100 մլն դրամ, ամբողջ կուսակցություններին` տարեկան 75 մլն դրամ: Դուք կուսակցությունների ֆինանսավորման ի՞նչ մեխանիզմ եք պատկերացնում: Նպատակահարմար համարո՞ւմ եք, որ կուսակցությունների ղեկավարները եւս ընտրվեն թափանցիկ»:

Ռուբեն Հակոբյանը համաձայնեց, որ ֆինանսավորումը խնդիր է: Նվազագույն պայմաններ, գրասենյակներ, մի քանի աշխատակից է անհրաժեշտ կուսակցություններին, որ կարողանան գոյատեւել: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, Ռուբեն Հակոբյանը համաձայնեց, որ այսօր գերի են դարձել. «Ստացվում է, որ ինչ-որ մեկի քիմքին համապատասխան է ցուցակը ձեւավորվում, համաձայն եմ: Եկեք մտածենք ոնց անենք, որ բացարձակ թափանցիկություն ապահովենք կուսակցությունների ներքին գործերում»:

Սակայն Ռուբեն Հակոբյանը չընդունեց, որ ընտրական համակարգի պահանջները պետք է ամրագրվեն Սահմանադրության մեջ. « Ընտրական օրենսգիրքը որեւէ աղերս չունի Սահմանադրության հետ: Թե ինչ ընտրական համակարգ լինի՝ օրենքներն են այդ հարցը լուծում, միակ ամրագրումն այն է`Սահմանադրության մեջ, որ պետք է լինի 131 պատգամավոր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930