Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենի ընտրության «հետաքրքիր կինո»՝ Նոյեմբերյանի պետական քոլեջում

Նոյեմբեր 13,2014 18:58

Նոյեմբերի 13-ին կայացավ Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Թեկնածուները երկուսն էին, երկուսն էլ Բերդավան գյուղի բնակիչներ: Այդ պաշտոնին հավակնում էին Բերդավանի գյուղապետարանի նախկին աշխատակից, քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը եւ քոլեջի ուսմասվար Անահիտ Փարսադանյանը: Մրցույթի անցկացմանն իր ցուցումներով օգնում էր ԿԳՆ ներկայացուցիչ Կարեն Մանուկյանը: Մենք ներկա էինք մրցույթի ողջ ընթացքին: Սահմանված կարգի համաձայն թեկնածուները նախ գրավոր պատասխանեցին հանրակրթության ոլորտին վերաբերող 400 հարցերից համակարգչի ընտրած 20 հարցի: Մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար հարկավոր էր ճիշտ պատասխանել առնվազն 18 հարցի: Արմեն Ղազարյանը ճիշտ պատասխանեց 17 հարցի եւ դուրս մնաց մրցույթից: Անահիտ Փարսադանյանը ճիշտ պատասխանեց բոլոր 20 հարցերին:

IMG_0023

 

Մրցույթի 2-րդ փուլում Անահիտը պատասխանեց համակարգչի ընտրած 5 հարցերի, ապա ներկայացրեց քոլեջի զարգացման իր հայեցակարգը, պատասխանեց մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցերի բացարձակ մեծամասնությունը նրան ուղղեց մրցութային հանձնաժողովում ԿԳՆ ներկայացուցիչ,Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը: Հարցերին պատասխանելիս Անահիտ Փարսադանյանը թույլ տվեց որոշ սխալներ, հանձնաժողովի կարծիքով՝ Անահիտը ճիշտ էր պատասխանել վերոհիշյալ 5 հարցերի կեսին:

4 ժամ տեւած մրցույթի ավարտին կայացավ քվեարկություն, որին մասնակցեցին հանձնաժողովի բոլոր 11 անդամները,այդ թվում՝ քոլեջի 3 ուսանողներ: Քվեարկությունը կիսաբաց էր, քվեաթերթիկի վրա գրվում էր քվեարկողի անուն-ազգանունը, քվեաթերթիկը գցվում՝ քվեատուփի մեջ: Քվեաթերթիկները տուփից հանելով՝ արդյունքները հրապարակեց հանձնաժողովի նախագահ, Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ճանապարհաշինական ՍՊԸ տնօրեն Ֆլորա Անտոնյանը: 4 հոգի կողմ, 7 հոգի դեմ էին քվեարկել Անահիտ Փարսադանյանին: Քոլեջի տնօրենի ընտրությունը համարվեց չկայացած, որոշ ժամանակ անց պետք է կայանա նոր մրցույթ: Հանձնաժողովի անդամներից մեկը (ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի) մեզ ասաց, որ դա «հետաքրքիր կինո» էր: Հավելենք, որ Անահիտ Փարսադանյանը բողոքարկել է մրցույթի արդյունքները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930