«2014 թվականի ինը ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ»,- այսօր՝ նոյեմբերի 13-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության մամլո սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
Նա ներկաներին հայտնեց, որ այդ քննությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում կարգապահական տույժի են ենթարկվել 145 ծառայողներ, որոնցից 42-ն ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: Նախապատրաստվել եւ նախաքննական մարմին են ուղարկվել 26 գործեր, որոնց մի մասով հարուցվել են քրեական գործեր. «Եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, ունենք մեծ քանակի աճ, հատկապես՝ կարգապահական տույժերի առումով, դա գալիս է ոստիկանության որդեգրած քաղաքականությունից՝ խիստ պատժողական քաղաքականություն կարգազանց ոստիկանների նկատմամբ»:
Արմեն Հակոբյանի խոսքերով՝ ներքին անվտանգության վարչությունում կատարվում են հիմնականում այն ծառայողական քննությունները, որոնք ոստիկանությունը հսկողության տակ է վերցնում: Հայաստանի Հանրապետության մարզերում եւս կատարվում են տարածքային ստորաբաժանման քննություններ, որի հաշվարկը կատարվում է առանձին: 2014 թվականի ինը ամիսների ընթացքում հանրապետությունում կատարվել է 1192 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 600, իսկ ոստիկանությունից ազատվել է 72 ոստիկան. «Ունենք խարդախության դեպք, կաշառք, սեքսուալ բնույթի գործողություններ 16 տարին չլրացած անձի հետ, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք, առանց ղեկավարության թույլտվության արտերկիր մեկնել»:
Նա հավելեց, որ 2010 թվականին կատարվել է 123 ծառայողական քննություն, որի արդյունքում՝ կարգապահական տույժի է ենթարկվել 42 ոստիկան. «2014 թվականի իննը ամիսների ընթացքում այդ թիվը եռապատկվել է: Ե՛վ դիմումներն են շատացել, ե՛ւ լրատվամիջոցների բոլոր հրապարակումներին արձագանք է տրվում, բացի դրանից կատարված փոփոխությունների արդյունքում մենք ունենք ոստիկանության կայքում police.am մեր ենթաբաժինը, որտեղից ստանում ենք բավականին մեծ քանակությամբ դիմումներ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ