ԼՂՀ ուղղաթիռը Ադրբեջանի կողմից խոցելու կապակցությամբ Մոսկվան հայտարարությամբ է հանդես եկել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ քայլերից, որոնք տանում են իրավիճակի սրացմանը», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Մենք խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած միջադեպով, որը մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին», – ասել է նա՝ նշելով, որ հարցի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոյեմբերի 12-ի հայտարարության մեջ:
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին հիշեցնում ենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ փնտրելու իրենց պարտավորությունների մասին, որոնք իրենք իրենց վրա են վերցրել Սոչիի, Նյու-Պորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ», – ասել է նա՝ ավելացնելով, որ Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ կշարունակի իր օժանդակությունը հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործում:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական արևելյան սահմանի մոտ ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռ են խոցել, որի հետևանքով, հաղորդվում է, որ 3 հոգի զոհվել է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ