Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. Ուղղաթիռը ոչնչացնելու որոշումը կայացել է Բաքվում

Նոյեմբեր 13,2014 16:57

«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը ես կապում եմ այն քաղաքականության հետ, որը Ադրբեջանը մինչեւ այդ էր որդեգրել, եւ որի նշանները մենք տեսանք այս տարի ամռանը»,- այսօր՝ նոյեմբերի 13-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի հեռահար նպատակները կապված են տարածաշրջանում լարվածության ուժեղացման հետ: Նա նաեւ հավանական է համարում, որ այդպիսով Ադրբեջանը ցանկություն ունի ներազդել ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վրա. «Ես այս սադրանքը կգնահատեի որպես ծանրագույն հանցագործություն, որը պետք է պատժվի միջազգային իրավունքի շրջանակներում: Այն հանցագործները, որոնք իրականացրել են այս սպանությունը՝ խաղաղ ուղղաթիռի ոչնչացումը, պետք է առաջին հերթին պատժի ենթարկվեն: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը այդ հանցագործին մեդալ է շնորհել, սա վկայում է նրա մասին, որ հանցագործությունը տեղի է ունեցել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրամանով եւ պարզ է, որ այս սադրանքի մասին որոշումն ընդունվել է Բաքվում, ոչ թե տեղական ռազմական ղեկավարության կողմից»:

Պարոն Սաֆրաստյանը համարում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է արժանի հակահարված տա սադրանքը կազմակերպողներին. Հանցագործությունը պետք է պատժվի:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը ՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ցուցաբերում անհրաժեշտ վճռականություն, նպատակաուղղվածություն եւ գնահատականներ են տալիս այն սադրանքներին, որոնց կազմակերպել է Ադրբեջանը. «Այսինքն՝ այն երկիրը, որ միտումնավոր կերպով այսպիսի սադրանքներ է կազմակերպում, եւ մենք տեսնում ենք, որ այդ սադրանքների լկտիությունը ուժեղանում է: Այս պայմաններում ադեկվատ համապատասխան արձագանք չի լինում, սա պետք է մեր կողմից գնահատվի որպես ոչ լիարժեք պատասխան՝ Ադրբեջանի ղեկավարության պատրաստած սադրանքներին: Եթե չլինի լիարժեք գնահատականը, սադրանք կազմակերպող կողմը չբացահայտվի եւ չքննադատվի գոնե բառերով, նման բաները կշարունակվեն եւ ավելի լայնածավալ կլինեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930